IPSE DIXIT. Ալբերտ ԱՅՆՇՏԱՅՆ

Եթե «փիլիսոփայություն» ասելով հասկանանք գիտելիքի որոնումները դրա առավել ընդհանուր եւ առավել լայն լայն իմաստով, ապա, ակնհայտ է, որ փիլիսոփայությունը կարող ենք համարել գիտական բոլոր որոնումների մայրը: Սակայն ճիշտ է նաեւ այն, որ գիտության տարբեր ճյուղերը, իրենց հերթին, ուժեղ ներգործում են դրանցով զբաղվող գիտնականների վրա, բացի դրանից ուժգին ազդում են ամեն մի սերնդի փիլիսոփայական մտածելակերպի վրա: Այս տեսակետից թռուցիկ մի հայացք նետենք վերջին հարյուր տարվա ընթացքում ֆիզիկայի զարգացմանը:
Վերածննդի դարաշրջանից սկսած՝ ֆիզիկան փորձում էր գտնել այն ընդհանուր օրենքները, որոնք պայմանավորում են նյութական մարմինների վարքագիծը ժամանակի եւ տարածության մեջ: Այդ մարմինների բուն գոյության հիմնախնդիրը հանձնված էր փիլիսոփայությանը: Մինչդեռ ֆիզիկայի համար ինչպես երկնային մարմինները, այնպես էլ Երկրագնդի վրա եղած մարմինները եւ դրանց քիմիական տարատեսակությունները պարզապես գոյություն ունեին տարածության եւ ժամանակի մեջ՝ որպես իրական օբյեկտներ. ֆիզիկայի խնդիրն այն էր միայն, որ հավանական ընդհանրացումների ճանապարհով այդ օրենքները մակաբերվեին փորձի տվյալներից:
Ենթադրվում էր, որ օրենքները ճշմարիտ են բոլոր դեպքերում անխտիր: Օրենքը համարվում էր սխալ, եթե հանդիպում էր թեկուզ մեկ դեպք, երբ օրենքից բխեցվող հետեւանքները փորձնականորեն հերքվում էին: Դրանից բացի, իրական արտաքին աշխարհի օրենքները համարվում էին ամբողջական հետեւյալ իմաստով. եթե օբյեկտի վիճակը ժամանակի որոշակի պահի լիովին հայտնի է, ապա դրա վիճակը ժամանակի ամեն մի պահի ամբողջովին պայմանավորված է բնության օրենքներով: Հատկապես սա ենք նկատի ունենում, երբ խոսում ենք «պատճառականության» մասին: Մոտավորապես այսպիսին էին ֆիզիկական մտածելակերպի սահմանները հարյուր տարի առաջ....
Դեռեւս քառորդ դար առաջվա ֆիզիկական մտածելակերպի սահմանները կարելի է բնութագրել հետեւյալ կերպ: Գոյություն ունի ֆիզիկական իրականություն՝ անկախ իմացությունից եւ ընկալումից: Այդ իրականությունը հնարավոր է լիովին ճանաչել տեսական կառույցների միջոցով, որոնք նկարագրում են երեւույթները տարածության եւ ժամանակի մեջ. սակայն այդ կառույցների հիմնավորումը ապահովվում է միայն փորձնական հաստատմամբ: Բնության օրենքները մաթեմատիկական օրենքներ են, արտահայտում են տեսական կառույցների տարրերի միջեւ կապերը, ենթակա մաթեմատիկական նկարագրության: Այդ օրենքներից բխում է խստիվ պատճառականություն՝ արդեն հիշատակված իմաստով:
Փորձարարական հսկայածավալ նյութի ճնշման տակ՝ գրեթե բոլոր ֆիզիկոսները ներկայում եկել են այն համոզմունքին, որ նմանօրինակ գաղափարական հիմքը, թեպետ ներառում է երեւույթների բավական լան շրջանակ, սակայն փոխարինման կարիք է զգում: Ժամանակակից ֆիզիկոսներն անբավարար են համարում ոչ միայն խստիվ պատճառականության պահանջը, այլեւ որեւէ դիտարկումից կամ չափումից անկախ իրականության մասին հիմնադրույթը....
Մեր օրերում ֆիզիկոսը հարկադրված է շատ ավելի մեծ չափով զբաղվելու փիլիսոփայական հիմնախնդիրներով, քան դա արել են նախորդ սերունդների ֆիզիկոսները: Ֆիզիկոսներին դա պարտադրում են իրենց սեփական գիտության հիմնախնդիրները:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ