IPSE DIXIT. Ժակ ՄԱՐԻՏԵՆ
Փիլիսոփան իմաստություն որոնող մարդն է: Իրականում իմաստությունը առանձնապես բանուկ ապրանք չէ. այդ բնագավառում երբեք գերարտադրություն չի եղել: Որքան ավելի հազվագյուտ է այն, ինչը ենթադրաբար հետաքրքրում է փիլիսոփային, այնքան ավելի է հայտնաբերվում հակվածություն մտածելու, թե հասարակությունը ծայրահեղորեն փիլիսոփայի կարիքն ունի:
Դժվար է, ցավոք, ասել, թե փիլիսոփան, իսկն ասած, ով է. հարգանքի արժանի այդ վերացարկումը գոյություն ունի լոկ մեր մտքում: Բազում են փիլիսոփաները, բայց հենց որ նրանք սկսում են փիլիսոփայել, պարզվում է. որ համաձայն չեն (կամ ձեւացնում են, թե համաձայն չեն) բոլոր հարցերի առթիվ, այդ թվում նաեւ փիլիսոփայության հիմնարար սկզբունքների առթիվ: Ամեն ոք ընթանում է իր սեփական ճանապարհով: Փիլիսոփաները կասկածի տակ են առնում այն բոլոր օբյեկտները, որոնց շուրջ գոյություն ունի ընդհանուր համաձայնություն, եւ նրանց պատասխանները հակասում են միմյանց: Եվ ուրեմն, ի՞նչ օգուտ կա նրանցից հասարակության բարօրության համար....
Նույնիսկ երբ փիլիսոփաները սխալվում են, նրանք նման են մի հայելու հոգու այն բարձունքներում, խորքային այն հոսանքներում, որ ծածուկ աշխատում են մարդու մտքում պատմական ամեն մի դարաշրջանում. եւ որքան դրանք ավելի վեհ են, այնքան ավելի հզոր ու ազդեցիկ է այդ հայելու փայլը: Իսկ քանի որ մենք մտածող էակներ ենք, մեզ նման հայելիներ անհրաժեշտ են....
Եվ թեպետ փիլիսոփաները միմյանցից անհուսալիորեն բաժանված են գերագույն եւ ամեն ինչ ուղղորդող ճշմարտության իրենց որոնումներում, բայց նրանք առնվազն փնտրում են այդ ճշմարտությունը. եւ բուն այդ, մշտապես վերածնվող, անհամաձայնությունները վկայում են փնտրտուքի անհրաժեշտությունը: Հակասություններն ապացույցը չեն փիլիսոփաների որոնածի պատրանքայնության կամ անմատչելիության:
Հակասություններն ապացույցն են այն բանի, որ նպատակին հասնելը դժվար է, քանի որ օժտված է վճռորոշ նշանակալիությամբ. իսկ մի՞թե վճռորոշ նշանակալիությամբ օժտվածը չէ միակ դժվարինը: Պլատոնն ասել է մեզ, որ դժվար բաները գեղեցիկ են լինում եւ որ մենք չպետք է խուսափենք գեղեցիկ վտանգներից: Վտանգի մեջ կհայտնվեր բուն մարդկային ցեղը եւ շուտափույթ հուսահատության գիրկը կընկներ, եթե խուսափեր ինտելեկտի եւ բանականության գեղեցիկ վտանգներից:
Դրանից բացի, փիլիսոփաներին բաժանող անհաղթահարելի հակասությունների մասին ընդհանուր բոլոր դրույթները չափազանց պարզեցված են եւ վիճելի: Հակասություններն իրականություն են: Բայց որոշակի իմաստով փիլիսոփայության մեջ առկա է ավելի մեծ ժառանգորդություն, քան գիտության մեջ է, որտեղ գիտական տեսությունը լիովին փոխում է հարցադրումների բուն իսկ եղանակը: Մինչդեռ փիլիսոփայական հիմնախնդիրները մնում են. դրանք մշտապես նույնն են՝ այս կամ այն ձեւի մեջ: Ավելին, մեկ անգամ բացահայտված լինելով՝ փիլիսոփայության հիմնարար գաղափարները դառնում են փիլիսոփայական ժառանգության մշտական ձեռքբերումները: Դրանք գործածվում են տարբեր, երբեմն հակադիր կերպով, բայց շարունակում են մնալ:
Եվ վերջապես, փիլիսոփաներն այդպես աշխույժ վիճում են միայն այն պատճառով, որ նրանցից ամեն մեկը տեսել է ճշմարտությունը, որը մեծավ մասամբ կուրացրել է նրա հայացքը եւ նա կառուցել է սխալ հայեցակարգ, իսկ մյուս փիլիսոփաները պարտավոր են իմաստավորել դա իրենց սեփական դիտակետից:
Այսկերպ մենք հանգում ենք էական մի հարցի՝ ինչին է ծառայում փիլիսոփայությունը: Փիլիսոփայությունն ինքնին վեր է օգտապաշտական ոլորտից: Եվ այդ պատճառով էլ փիլիսոփայությունը հույժ անհրաժեշտ է մարդկանց: Նա մարդկանց հիշեցնում է այն առարկաների գերագույն օգուտի մասին, որոնք առնչվում են ոչ միջոցներին, այլ նպատակին:
Չէ՞ որ մարդիկ ապրում են ոչ միայն հացով, վիտամիններով եւ տեխնիկական գյուտերով: Նրանք ապրում են այն արժեքներով եւ իրողություններով, որոնք վեր են ժամանակի ընթացքից եւ ինքնին արժանի են իմացության: Մարդիկ սնվում են անտեսանելի այն սնունդով, որն ամրապնդում է կյանքի ոգին եւ հարկադրում է նրանց մտածելու ոչ միայն իրենց կյանքի ապահովման այս կամ այն միջոցների մասին, այլ նաեւ բուն գոյության, տառապանքի եւ հույսի իմաստի մասին:
Փիլիսոփան վկայում է մտածողության գերագույն արժանիքի մասին, նա ցուցադրում է մարդու մեջ եղած հավիտենականը, նա է խթանում անարատ, անշահախնդիր իմացության մեր ծարավը, ձգտումը դեպի հիմնարար իրողություններ, որոնք շոշափում են իրերի բնույթը, ոգու բնույթը, բուն մարդուն, Աստծուն, որոնք բարձր են ու անկախ այն ամենից, ինչ մենք կարող ենք անել, արտադրել կամ արարել, եւ որոնցից է կախված մեր գործնական ակտիվությունը, քանի որ մենք գործելուց առաջ մտածում ենք, եւ ոչինչ չի կարող սահմանափակել մտածողության մեր դաշտը. մեր գործնական բնույթի որոշումները կախված են մեր դիրքորոշումից, որ ունենում ենք սահմանային այն հարցերի հանդեպ, որ մարդկային միտքը ունակ է ձեւակերպելու:
Ահա թե ինչու փիլիսոփայական համակարգերը, բնավ նախատեսված չլինելով պրակտիկ գործածության համար, օժտված են այդքան ազդեցությամբ մարդկային պատմության վրա:
Փիլիսոփայությունը, ըստ էության, անշահախնդիր գործունեություն է՝ ուղղված դեպի ինքնին գրավիչ ճշմարտություն, այլ ոչ թե օգտապաշտական ակտիվություն՝ ուղղված առարկաներին տիրելուն: Եվ հատկապես այդ պատճառով է, որ մենք կարիքն ենք զգում փիլիսոփայության:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

