Image

Գործարար խրատանի

* «Ամբողջ աշխարհով մեկ գործ ունենալով բազում ընկերությունների գլխավոր տնօրենների հետ, ես նկատել եմ, որ լավագույն, առավել հաջողակ ղեկավարները բախումների սրմանը համընթաց դառնում են ավելի ու ավելի հանգիստ եւ անվրդով: Այս դիտարկումը ինձ հնարավորություն է ընձեռել առաջադրելու կառավարման «բադային տեսությունը». ջրի վրա սահող բադը արտաքուստ թվում է հանգիստ եւ անվրդով, բայց նրա թաթիկները ջրի տակ արագ-արագ աշխատում են: Այլ կերպ ասած՝ լավ կառավարիչը բախման բորբոքման պահին պահպանում է հանգստություն: Նա գլուխը չի կորցնում եւ չի տրվում հույզերին: Նա մնում է անկանխակալ: Նա մյուս մարդկանց հետ քաղաքավարի է եւ նրբանկատ, եթե նույնիսկ նրանք միանգամայն այլ կարծիքի են» (Իցհակ Ադիզես):

* «Նրան, ով ընդունակ է շահ կորզելու հասարակական գործերից, համարիր սրբապղծության, գերեզմանախուզության, բարեկամներին պլոկելու, դավաճանության, սուտ վկայության պատրաստ մարդ: Խորհուրդ տալիս՝ նա ուխտադրուժ է, դատ անելիս՝ երդմնազանց, պաշտոնավարելիս՝ կաշառակեր, իսկ եթե ամեն ինչ մի խոսքով ասենք՝ չկա այնպիսի անիրավություն, որից զերծ լինի նա» (Պլուտարքոս):

* «Երբ դուք ունկնդրում եք ուրիշների խոսքը, հիշեցեք, որ նրանք էլ նույնն են անում: Նրանք վերծանում եւ ընկալում են ձեր բառերը միայն իրենց լսողության միջոցով: Եթե մեր ասելիքը մանրազնին մտածված է, եթե արժանի է տեղ հասցնելու, ապա մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այն բանին, որ դա հաղորդվի այն եղանակով, որն առավելագույնս մոտիկ է մեր գլխում պահած մտքին» (Ջոն Չեստարա):

* «Մարդկային հոգեբանությունը բարդ է, եւ փողը ոչ միշտ է մարդկանց աշխատանքի մղող հիմնական խթանը: Շատ հետազոտողներ են նշում այն փաստը, որ աշխատողներին ավելի անհանգստացնում է ոչ այնքան աշխատավարձի բացարձակ չափը, որքան գործընկերների համեմատ իրենք ստացածը: Եթե աշխատողներն զգում են, որ իրենց հետ անարդարացի են վարվում, ապա դժգոհություն են արտահայտում, եթե նույնիսկ իրենց աշխատավարձը կողքից կարող է բավական բարձր թվալ» (Սիրլ Փարքինսըն, Մինոու Ռաստամջի):

* «Ես երբեք չափից դուրս մտահոգ չեմ եղել, ոչ էլ հրապուրվել եմ սոցիո­լոգիա­կան հարցումներով եւ վարկանիշներով: Ես համարում եմ, որ դրանցով զբաղվող ղե­կավարը թույլ ղեկավար է: Եթե դուք մտահոգ եք ձեր վարկանիշով, ապա դուք ղեկա­վար չեք: Դուք պարզապես ժամանակ եք կորցնում.... Բոլոր կարծիքները կարող են դեմ լինել, բայց եթե ես գիտեմ, որ ճիշտ եմ վարվում, բոլորին իմ կողմը կքաշեմ» (Լի Կուան Յու):

* «Եթե այսօր գործենք երեկվա մեթոդներով կամ դրանք փոքր-ինչ բարելավելով, չենք հասնի հաջողության: Կազմակերպությունների առջեւ ավելի հաճախ է կանգնում մեծ փոփոխությունների հորձանքին դիմակայելու եւ այդ պայմաններում մրցունակությունը պահպանելու հիմնախնդիրը: Իսկ որքան խորն են փոփոխությունները, այնքան մեծ է արդյունավետ առաջնորդման կարիքը: Մի պարզ համաբանություն ռազմական կազմակերպության հետ. որպեսզի բանակը խաղաղ ժամանակ լինի բնականոն վիճակում, հարկավոր է, որ զինվորական աստիճանակարգի բոլոր մակարդակներում գրագետ կերպով կատարվեն վարչական գործառույթները: Առաջնորդում են միայն բարձրագույն ղեկավարները: Բայց պատերազմի ժամանակ բանակին հարկավոր են շիտակ առաջնորդներ հրամանատարական բոլոր մակարդակներում: Դեռ ոչ ոք չի հորինել վարչական մեթոդներ, որոնցով մարդիկ կնետվեն մարտի. դրա համար հարկավոր է նա, ով ունակ է զինվորներին իր հետեւից տանելու» (Ջոն Քոթեր):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։