Գործարար խրատանի
* «Կորպորացիան բարդ օրգանիզմ է: Երբեմն վերադասները չենք ցանկանում իմանալ այն դժվարությունների մանրամասները, որոնց բախվում են ներքեւում գտնվողները: Նրանք ցանկանում են, որ ստորին մակարդակի կառավարիչները իրենք գլուխ հանեն բարդություններից՝ իրենց ընդունակությունների չափով: Մյուս կողմից, այդ կառավարիչներն իրենք հաճախ են վերադաս կառավարիչներին ներկայացնում միայն բարենպաստ տեղղեկություններ, ընդ որում նույնպես այն դեպքում, երբ իրենց ղեկավարները ցանկանում են տեղեկանալ դժվարությունների մասին» (Ռիչարդ դե Ջորջ):
* «Ապրումակցումային ունկնդրումը նշանակում է ավելին, քան արտասանված բառերի արձանագրում, արտացոլում եւ նույնիսկ ըմբռնում.... Ապրումակցումային ունկնդրման դեպքում դուք լսում եք ականջներով, բայց (եւ դա է ավելի կարեւոր) նաեւ լսում եք աչքերով եւ սրտով: Դուք լսում եք ոչ միայն իմաստը, այլեւ հույզերը: Դուք լսում եք մարդու վարքը: Դուք օգտագործում եք ձեր ուղեղի ինչպես ձախ, այնպես էլ աջ կիսագունդը: Դուք զգում եք, ներըմբռնմամբ գուշակում.... Դուք լսում եք, որ հասկանաք: Դուք տրամադրված եք ընկալելու լինում մյուս մարդու հոգու խորքից եկող տեղեկությունը» (Սթիվեն Քավի):
* «Պատմությունը չի կրկնվում նույնությամբ, բայց որոշ միտումներ եւ հետեւանքներ մշտական են: Եթե դուք պատմություն չգիտեք, ձեր մտածելակերպի մեջ անխուսափելի է կարճատեսությունը: Իսկ եթե գիտեք, ապա կարող եք նկատի ունենալ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարները.... Ներկան հասկանալու եւ ապագան կանխատեսելու համար անհրաժեշտ է իմանալ անցյալը, հասկանալ պատմությունը: Հարկավոր է գնահատել ոչ միայն անցյալում կատարվածը, շատ ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչո՞ւ է դա տեղի ունեցել եւ ինչո՞ւ հատկապես տվյալ որոշակի ձեւով: Դա վերաբերում է ինչպես առանձին անհատներին, այնպես էլ ամբողջ ազգերին» (Լի Կուան Յու):
* «Պատերազմը եւ գործարարությունը շատ նման են: Դրանցով զբաղվել հարկ է լինում բարդ, հաճախ վտանգավոր իրավիճակում: Շատերը հաճույքով կդառնային ձեռներեց, բայց գործարարության աշխարհում գոյատեւելու համար նրանց պակասում են համարձակությունը, հմտությունները եւ կարգավարժությունը: Փոխանակ ռիսկի դիմելու եւ սկսելու սեփական գործը, մարդիկ փնտրում են անվտանգ ճանապարհներ, ընտրում են երաշխավորված զբաղվածությունը՝ ազատության փոխարեն եւ կայուն աշխատավարձը՝ հարուստ դառնալու հեռանկարի փոխարեն: Շատերն են կառչում երաշխավորված զբաղվածությունից, քանի որ ձախողվելու վախն ավելի ուժեղ է ազատության բերկրանքն զգալու մղումից» (Ռոբերտ Կիյոսակի):
* «Անբարենպաստ վիճակում գտնվելը կամ էլ ծանր, միապաղաղ աշխատանքը մարդիկ կարող են միանգամայն տանելի համարել, եթե բոլորը ձգտում են մեկ ընդհանուր նպատակի, եւ եթե նման իրավիճակում գտնվելը նսեմացուցիչ չէ մարդկային արժանապատվության համար» (Աբրահամ Մասլոու):
* «Թուլությունը ծագում է ծուլությունից կամ ինքն իրեն չվստահելուց: Դժբախտ են նրանք, ովքեր թույլ են մեկեն այս երկու պատճառով. եթե խոսքը մասնավոր անձի մասին է, ապա դա ոչնչություն է, իսկ եթե միապետի մասին է, ապա կրկնակի ոչնչություն է» (Նապոլեոն Բոնապարտ):
* «Ծառայությունների բնագավառում կամ շուկայավարմամբ զբաղվածները սովորաբար կարծում են, թե որակի հարցը վերաբերում է միայն արտադրողներին: Դա սխալ կարծիք է: Ապրանք վաճառողը եւ ծառայություն կատարողը պետք է նույնպես պատասխանատու լինեն որակի համար» (Քաորու Իշիկավա):
v «Ըմբռնիր, թե ինչն է ուղղորդում մարդկանց, ինչն է նրան մտահոգում, ինչին են ձգտում եւ ինչից են խուսափում» (Մարկոս Ավրելիոս):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

