Գործարար խրատանի

* «Ով ցանկանում է գործ անել, թող թույլ չտա իրեն կտրելու գործերից: Ամեն մի գործից միշտ բխում է մյուսը, քանի որ առաջինը ճանապարհ է բացում երկրորդի համար, ինչպես նաեւ մշտական զբաղվածությունը քեզ համար լավ հեղինակություն է ապահովում: Այստեղ տեղին է այն ասացվածքը, թե «Արա, ինչ հարկավոր է անել, մնացածը ինքն իրեն կարվի»» (Ֆրանչեսկո Գվիչարդինի):
* «Անարժան մարդուն ծառայություն մատուցելը մեծ դժբախտություն չէ, բայց սոսկալի բան է պարտավորված լինել անարժան մարդուն» (Ֆրանսուա դը Լառոշֆուկո):
* «Ամրապնդեք ձեր աշխատակիցների ինքնահարգանքը: Չէ՞ որ դրանից է կախված այն խնդիրների բարդությունը, որոնք նրանք իրենց համարում են լուծելու ընդունակ: Բոլոր դեպքերում ստույգ փաստ է այն, որ գերագույն նվաճումները հնարավոր են միայն ինքն իր հանդեպ մեծագույն վստահության պարագայում: Ուստի ձեր աշխատակիցները պետք է գիտակցեն իրենց հաջողությունները (թեկուզ սկզբնապես աննշան), եւ դուք պարտավոր եք դրան մշտապես ուշադրություն դարձնելու: Այդ գիտակցումն անհրաժեշտ է, քանի որ միայն գիտակցված հաջողություններն են ամրապնդում ինքնավստահությունը» (Հանս Ալթման):
* «Տեղի ունեցող ամեն ինչ կա՛մ այնպիսին է, որ դու ի բնե ունակ ես դիմանալու, կա՛մ էլ այնպիսին, որ չես դիմանալու: Ահա թե ինչու եթե քեզ մի բան է պատահում, որը դու կարող ես հաղթահարել, ապա մի՛ սրտնեղիր եւ արժանավայել կերպով հաղթահարիր: Իսկ եթե չես կարողանալու, ապա հիմք էլ չունես սրտնեղելու. քանզի, ոչնչացնելով քեզ, նա ինքն էլ է կործանվելու: Հիշի՛ր, որ դու ընդունակ ես հաղթահարելու այն ամենը, ինչը քո համոզմունքը կարող է դարձնել հանդուրժելի եւ տանելի, քեզ համար օգտակար եւ պատշաճ» (Մարկոս Ավրելիոս):
* «Վատ վճարող ձեռնարկությունը միշտ էլ անկայուն է» (Հենրի Ֆորդ):
* «Լավ գործարարությունը գրեթե օրգանապես բազմաթիվ համակարգեր եւ ապահովության լրացուցիչ ելքեր կամ պաշարներ է պարունակում անսպասելի իրավիճակներից դուրս գալու համար: Անձնակազմ ընտրելիս պետք է աշխատողներին նախապատրաստեք այնպես, որ փոխարինեն միմյանց, եւ գործը միայն մեկ անձից կախված չլինի, մասնավորապես՝ անձամբ ձեզնից: Ֆինանսների խնդրում պիտի խուսափեք այնպիսի ռազմավարությունից, որը կարող է ընկերությունը մի սխալի պատճառով ձախողման հասցնել (Փոլ Հոքեն):
* «Հիշեք, որ կյանքում կատարվող ամեն ինչը փորձություն է: Ամեն օր, ամեն ժամ, իսկ երբեմն ամեն վայրկյան դուք ենթարկվում եք ինքնահսկման եւ ինքնակազմակերպման փորձության: Այդ փորձությունը կազմված է ստուգումից՝ կարո՞ղ եք արդյոք դուք ստիպել ձեզ կատարելու այն գործերը, որոնք առավել կարեւոր են եւ դրանցով զբաղվել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հասցվել մինչեւ վերջ» (Բրայան Թրեյսի):
* «Երբ բարձրագույն պաշտոնը մի հոգի է զբաղեցնում, ապա հարկավոր է լինում նախապես մտածել նրան փոխարինողի մասին, իսկ դա անխուսափելիորեն պայքար է առաջացնում: Բարձրագույն ղեկավարի թոշակի գնալը, իսկ մանավանդ հիվանդությունը կամ մահը ճգնաժամ է հարուցում: Բացի դրանից, մեն-միայն ղեկավար նշանակելիս հնարավոր չի լինում նրան հեռացնել կամ արդյունավետ կերպով չեզոքացնել, երբ պարզվում է, որ նշանակումը սխալ է եղել: Իսկ երբ ղեկին թիմ է կանգնած, ասենք՝ երեք հոգուց կազմված, ապա մեկի հեռացումը դժվար թե հանգեցնի կտրուկ փոփոխությունների: Այլ առավելություններ էլ կան. երեքից մեկին փոխարինելը բավական դյուրին է, հղի չէ իշխանության ճգնաժամով, երեքից մեկի կատարած սխալն էլ, սովորական պայմաններում, չի կարող հանգեցնել ճակատագրական հետեւանքների» (Փիթեր Դրաքեր):
* «Գրեթե ամեն ոք խուսափում է ձեռնտու հնարավորությունը բաց թողնելուց: Գործադրեք այդ հանգամանքը: Գնորդին առաջարկեք հատուկ պայմաններ որոշակի ժամանակահատվածի համար կամ էլ բացառիկ ապրանքատեսակներ: Այդպես դուք գնորդին կմղեք գնում կատարելու ավելի արագ որոշում կայացնելու» (Բոդո Շեֆեր):
* «Մարդկանց ստեղծագործական եռանդը ուժեղ սթրեսի ազդեցությամբ սկսում է թուլանալ, նրանց գործունեությունն դառնում է առավել միապաղաղ: Մարդը հակվում է արտաքին իրադարձություններին արձագանքել սովոր ձևերով, ստեղծագործաբար վարվելու, տարբերակված մեթոդներ գործադրելու կարողությունը խիստ նվազում է: Դիտենք կրիայի վարքը. նա կարողանում է առաջ շարժվել միայն երբ վիզն առաջ է ձգված. արդ, մի թողեք, որ ձեր աշխատակիցները գլուխը ուսերի մեջ քաշեն» (Ջերալդ Նիրենբերգ):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ