IPSE DIXIT. Պոլ ՀՈԼԲԱԽ
Որո՞նք են իշխանության եւ հնազանդության սահմանները: Դրանք գոյություն ունեն, անփոփոխ են եւ պայմանավորված են արդարությամբ, այսինքն՝ հասարակության մեջ միավորված մարդկանց ընդհանուր շահերով: Այդ սահմանները վերաբերում են ինչպես իշխանավորներին, այնպես էլ ենթականերին: Իշխանությունն օրինական է, քանի դեռ ապահովում է հասարակության բարօրությունը, իշխանությանը հնազանդվելը խելամիտ է եւ կամովին, քանի դեռ այդ հնազանդությունից է կախված հասարակության երջանկությունը: Ենթարկվել հասարակության հավանությանն արժանացած իշխանության սահմանած արդարացի օրենքներին, նշանակում է լինել հասարակությանը հնազանդ, ենթարկվել հանրային բանականությանը՝ հօգուտ սեփական շահերի: Ընդհակառակը, ենթարկվել այն իշխանության սահմանած անարդարացի օրենքներին, որը հակասում է հասարակության բնույթին եւ նպատակներին, նշանակում է հնազանդվել կրքերին, կամակորությանը եւ խելառությանը....
Հնազանդվելու շարժառիթը այլ բան չէ, քան բարիքի հույսը կամ չարիքից վախը: Մարդը կարող է հրաժարվել իր կամքի կատարումից միայն եթե դրանով ավելի մեծ երջանկության է հասնում, քան կարող էր ստանալ՝ կողմնորոշվելով լոկ սեփական ցանկություններով, կամ էլ եթե դրանով խուսափում է այն դժբախտությունից, որ կարող էր հետեւել նրա անհնազանդությանը: Հետեւաբար, խելամիտ շահագրգռվածությո՛ւն՝ ահա թե ինչը պետք է մղի քաղաքացուն ենթարկվելու հասարակության արդարացի օրենքներին, հասարակություն, որը հոգ է տանում իր անդամների բարօրության մասին: Բռնապետական կառավարման օրոք հնազանդվում են միայն անարդարացի իշխանության վախից, իշխանություն, որը ծառայում է իշխողների քմահաճույքին, բայց առավելություն չի ապահովում ենթարկվողներին: Նման պարագայում ուժը ենթակային հարկադրում է զուտ արտաքուստ հնազանդության, թեպետ նրա սիրտը հրաժարվում է հնազանդվել....
Քանի դեռ իշխանավորի կամքը արտահայտությունն է լոկ հասարակության կամքի՝ հնազանդությունը պիտի լինի անսահմանափակ: Բայց հնազանդությունը կլինի կույր, անխոհեմ եւ հանցավոր, եթե բռնապետը հանրության կամքը փոխարինել է իր անձնական կամքով, հանրություն, որի հետ ենթակաների կապերն ավելի խոր են եւ սուրբ, քան թե իշխանավորի հետ կապերը:
Կույր հնազանդությունը գոյություն ունի սոսկ ստրուկի համար: Քաղաքացին իշխանությանը հնազանդ է միայն այն բանում, որն իշխանությունը իրավունք ունի պահանջելու նրանից, իսկ իշխանությունը, որն ինքը հնազանդվում է հանրությանը, երբեք իրավունք չունի քաղաքացուց պահանջելու մի բան, որը հակասում է հանրու-թյան բնույթին, բարօրությանը եւ արդարությանը:
Արդարացի կառավարության ենթականերն են միայն քաղաքացի բառիս ստույգ իմաստով: Բռնապետությունը կարող է ունենալ լոկ թշնամիներ, որոնք նրա կործանում են ցանկանում. բռնապետության հիմքն են միայն շողոքորթները, դավաճանները եւ արատավոր հոգու տեր մարդիկ.... Բռնապետին միացած եւ նրա հետ միասին հայրենիքը կեղեքող քաղաքացիները ավազակներ են, խռովարարներ եւ հասարակության համար վտանգավոր մարդիկ. հայրենիքը իրավունք ունի նրանց դեմ գործադրելու իր ունեցած բոլոր ուժերը եւ արդարացիորեն պատժելու նրանց իրենց հանցագործությունների համար....
Ժողովուրդների համար երբեմն օրենքներ հաստատել են փիլիսոփաները, ինչպես դա երեւում է Սոլոնի կամ Լիկուրգոսի օրինակով: Միայն մարդկային բնույթի մասին շատ մտորած մարդիկ են ի վիճակի հասկանալու եւ շտկելու այն արատները, որոնք աստիճանաբար թափանցում են հանրային կյանք եւ հաճախ են հանգեցնում պետության թուլացմանը եւ կործանմանը: Ահա թե ինչու պետք չի ականջ դնել դատարկախոսների պնդումներին, թե իբր փիլիսոփայությունը մարդուն անկարող է դարձնում գործնական աշխատանքների համար: Պլատոնը հավատացած էր, որ ժողովուրդները երջանիկ կլինեն միայն այն ժամանակ, երբ փիլիսոփաները դառնան արքաներ, կամ էլ երբ թագավորները կդառնան փիլիսոփա: Հիրավի, մի՞թե փիլիսոփայությունը չէ այն գիտությունը, որն ուսումնասիրում է պատճառահետեւանքային կապերը, վերլուծության է ենթարկում այն խնդիրը, թե ի՛նչն օգտավետ հասարակության համար, եւ ի՛նչը՝ վնասակար:
Արդ, հայտարարել, թե փիլիսոփայությունն անօգուտ է քաղաքական գործչի համար կամ էլ նույնիսկ խանգարում է նրան վարելու ճիշտ քաղաքականություն, նշանակում է պնդել, թե մտածելը անօգուտ է կամ վտանգավոր, թե անօգուտ է լրջորեն խորհելը ժողովուրդների երջանկության համար ամենից կարեւոր հարցերի շուրջ, եւ թե ժողովուրդներին պետք է կառավարեն միայն խելացնորությունը, հնամոլությունը, անզգուշությունը եւ քմահաճությունը: Տակիտոսի խոսքով՝ Ագրիպինան շեղեց իր որդի Ներոնին փիլիսոփայությունից եւ շուտով նա դարձավ բռնակալներից ամենից դաժանը եւ խելացնորը....
Փիլիսոփայությանը երբեմն հանդիմանում են, թե իբր նա քաղաքացիների մեջ դաստիարակում է անտարբերություն եւ թուլացնում է հայրենիքին ծառայելու նրանց ընդունակությունը: Բայց լուսավորյալ կառավարության օրոք, ազատ ժողովրդի մեջ, այն երկրում, որը ենթարկվում է բանական օրենքներին, փիլիսոփան միշտ լինելու է գործունյա քաղաքացի, որը մտածում է համաքաղաքացիների բարօրության մասին, խանդավառ է հայրենիքի սիրով եւ աշխատում է հօգուտ նրա երջանկության:
Լավ կառավարվող երկրում լուսավորյալ մարդը նշանակալի ազդեցություն ունի եւ կարող է ներգործել մյուս քաղաքացիների վրա. Աթենքում ականջալուր էին լինում Սոլոնին, Պլատոնին, Քսենոփոնտին, եւ նրանք մեծագույն հարգանք էին վայելում իրենց հայրենակիցների մեջ:
Այլ է գործի դրվածքը բռնապետական պետության մեջ: Լուսավորյալ մարդն այստեղ կասկածի տակ է եւ համարվում է վատ քաղաքաղացի. անխելամիտ վարչակազմի համար նա լոկ անցանկալի քննադատ է: Նման մարդը դատապարտված է ծածուկ մտորումների, ստիպված է թաքցնել մտքերը եւ հոգու խորքում ողբալ բախտը իր ժողովրդի, որին կառավարում են այն աստիճանի խելացնոր եւ անզուսպ մարդիկ, որ պատրաստ են պատժելու ամեն մեկին, ով կհամարձակվի ծառայելու իր հայրենիքին: