IPSE DIXIT. Հայնրիխ ՌԻԿԵՐՏ
«Բնություն» բառի առերեւույթ կամայական գործածությունից խուսափելու նպատակով սկսենք դրա նախնական իմաստից: Բնության արգասիքն այն է, ինչն ազատորեն աճում է հողից: Մշակույթի արգասիքն աճում է մարդու հերկած ու ցանած դաշտում: Հետեւաբար, բնությունը հավաքականությունն է այն ամենի, ինչն ծագում է ինքնին, ինքնին ծնվում եւ ինքնուրույնաբար աճում: Այս իմաստով բնության հակադիրը մշակույթն է, որպես այն, ինչը կա՛մ անմիջականորեն ստեղծվում է իր արժեքներին հետամուտ մարդու գործունեությամբ, կա՛մ արդեն վաղօրոք ստեղծված է նույն մարդու նպատակադիր գործունեությամբ եւ պահպանված է հանուն դրան առնչվող որոշակի արժեքների:
Որքան էլ մենք լայնորեն ըմբռնենք այդ հակադրությունը, դրա էությունն անփոփոխ է. մշակույթի բոլոր երեւույթների մեջ մշտապես գտնում ենք մարդուց գնահատված որեւէ արժեք, հանուն որի այդ երեւույթները կա՛մ ստեղծվել են, կա՛մ էլ, եթե նախկինում արդեն գոյություն են ունեցել, ապա պահպանվել են: Ընդհակառակը, այն ամենը, ինչը ծագել եւ աճել է ինքնուրույնաբար, հնարավոր է դիտարկել առանց որեւէ արժեքի հետ առնչության: Հետեւաբար, մշակույթի օբյեկտները ներառում են արժեքներ.... Ըստ արժեքների հետ առնչության առկայության կամ բացակայության մենք վստահաբար կարող ենք տարբերակել երկու տեսակի օբյեկտներ. մշակույթի ամեն մի երեւույթ, եթե վերանանք նրանում ներակա արժեքից, անհրաժեշտաբար պետք է դիտվի որպես բնությանն առնչակից, այլ կերպ ասած՝ բնության բաղկացուցիչ մաս....
Դյուրին է ցույց տալ, որ բնության եւ մշակույթի հակադրությունը, որով նաեւ առանձնացվում են օբյեկտների երկու խմբերը, հիմքն է գիտությունների բաժանման: Կրոնը, եկեղեցին, իրավունքը, պետությունը, բարոյականությունը, գիտությունը, լեզուն, գրականությունը, արվեստը, տնտեսությունը, ինչպես նաեւ վերջինիս գործառության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, համենայն դեպս իրենց զարգացման որոշակի աստիճանում, եղել են մշակույթի օբյեկտներ կամ մշակութային բարիքներ, այն իմաստով, որ դրանց առնչվող իմաստը կա՛մ ճանաչված է որպես հասարակության բոլոր անդամների համար նշանակալից, կա՛մ էլ նման ճանաչումը ենթադրվում է....
Մենք կարող ենք տարբերակել էմպիրիկ գիտական գործունեության երկու տեսակ: Մի կողմում բնության մասին գիտություններն են, կամ բնագիտությունը: «Բնություն» բառը բնութագրում է այդ գիտություններին ինչպես իրենց առարկայի, այնպես էլ մեթոդի առումով: Նրանք իրենց օբյեկտների մեջ տեսնում են որեւէ արժեքի առնչությունից զերծ գոյություն եւ գործառություն. նրանց նպատակը ընդհանուր կապերի, հնարավորինս՝ օրենքների ուսումնասիրությունն է, որոնք նշանակալից են այդ օբյեկտների գոյության եւ գործառության համար: Առանձնահատուկը նրանց համար միայն «օրինակ» է: Սա հավասարապես վերաբերում է ինչպես ֆիզիկային, այնպես էլ հոգեբանությանը: Այդ երկու գիտությունն էլ ոչ մի տարբերություն չեն դնում զանազան մարմինների եւ հոգիների միջեւ՝ արժեքների եւ գնահատականների տեսակետից, երկուսն էլ վերացարկվում են ամենայն անհատականից՝ իբրեւ անէականից, եւ երկուսն էլ իրենց հասկացությունների մեջ ամրագրում են միայն այն, ինչը հատուկ է օբյեկտների որոշակի բազմությանը:
Մյուս կողմում մշակույթի մասին պատմական գիտություններն են: Մենք չունենք միասնական մի եզրույթ, համանման «բնություն» եզրույթին, որը բնութագրեր այդ գիտությունները ինչպես դրանց առարկայի, այնպես էլ մեթոդի տեսակետից: Ուստի մենք պետք է կանգ առնենք երկու արտահայտության վրա՝ «բնություն» բառի երկու իմաստին համապատասխան: Որպես մշակույթի մասին գիտություններ՝ կոչված ուսումնասիրելու համընդհանուր մշակութային արժեքներին առնչվող օբյեկտները, եւ որպես պատմական գիտություններ նրանք պատկերում են եզակին՝ իր առանձնահատուկ զարգացման եւ անհատականության մեջ: Ընդ որում այն հանգամանքը, որ նրանց օբյեկտները մշակույթի երեւույթներ են, միաժամանակ ընձեռում է նրանց պատմական մեթոդին նաեւ հասկացություններ ձեւավորելու սկզբունք, քանզի էականը նրանց համար միայն այն է, ինչն իր յուրահատուկ անհատականության մեջ նշանակալից է տիրապետող մշակութային արժեքի համար: Ուստի այդ գիտությունները, անհատականացնելով, իրականությունից որպես «մշակույթ» ընտրում են բոլորովին այլ բան, քան բնական գիտությունները, որոնք ընդհանրացնող իրենց մոտեցմամբ, նույն իրականությունը դիտարկում են որպես «բնություն»: Այդպես է, քանզի մշակութային երեւույթների նշանակալիությունը հենվում է նրանց յուրահատկության, մյուսներից առանձնացնող բնութագրի վրա, մինչդեռ այն, ինչը ընդհանուր է մյուս երեւույթների հետ, այսինքն՝ կազմում է նրանց բնագիտական էությունը, մշակույթի մասին պատմական գիտությունների համար էական չէ....
Թյուրիմացություններից խուսափելու համար հարկավոր է «պատմական զարգացում» հասկացությունը հստակորեն տարանջատել «առաջընթաց» հասկացությունից: Եթե փոփոխությունների պարզ շարքը չափազանց քիչ բան է ներառում պատմական զարգացման հետ նույնացնելու համար, ապա առաջընթացի շարքը դրա համար չափազանց շատ բան է ներառում: «Առաջընթաց» նշանակում է (եթե այդ բառն առհասարակ գործածենք ստույգ իմաստով) մշակութային բարիքների արժեքի բարձրացում, ուստի եւ առաջընթացի կամ հետընթացի մասին ամեն մի պնդում բովանդակում է դրական կամ բացասական գնահատական: Եթե փոփոխությունների շարքն անվանում են «առաջընթաց», ապա դրանով արդեն ասում են, որ ամեն մի հաջորդ փուլը առավել մեծ չափով է արժեք իրականացնում, քան նախորդ փուլը: Ընդ որում, նման գնահատում կատարելիս անհրաժեշտ է միաժամանակ պարզել արժեքի դերը՝ որպես առաջընթացի չափանիշի: Քանի որ պատմությունը չպետք է զբաղվի արժեքների նշանակալիության հարցի ուսումնասիրությամբ, այլ պետք է զբաղվի մարդկանց կողմից որոշ արժեքների փաստացի գնահատման արձանագրմամբ, ուստի եւ պատմությունը երբեք չի կարող վճռել, թե փոփոխությունների որեւէ շարքը առաջընթա՞ց է, թե՞ հետընթաց: «Առաջընթացի» հասկացությունը վերաբերում է պատմության փիլիսոփայության բնագավառին, որը մեկնաբանում է պատմական կեցության «իմաստը» դրանում մարմնավորված արժեքների տեսակետից եւ անցյալի հանդեպ դատավճիռ է արձակում՝ դրա դրական կամ բացասական լինելու հիմքով: Էմպիրիկ պատմագիտությունը խուսափում է այդ ամենից: Նման մեկնաբանությունը եւ անցյալի հանդեպ դատավճիռը կլինեին ոչ պատմական....
Արդ, ով կցանկանա ուսումնասիրել մշակույթի մասին գիտությունները բառի բարձրագույն իմաստով եւ նպատակ կդնի արդարացնելու էականի ընտրությունը՝ որպես բացառիկ նշանակալիությամբ օժտվածի, ի վերջո հանգելու է իրեն ուղղորդող մշակութային արժեքների ըմբռնմանը եւ հիմնավորմանը: Հիրավի, չհիմնավորված արժեքներով աշխատանքը կհակասեր գիտությանը: Ի վերջո, համընդհանուր պատմության տեսակետից, այսինքն՝ ի մի բերելով ամբողջ մշակույթի բոլոր մասնավոր պատմական ուսումնասիրությունները, պարզ է, որ չի կարող լինել պատմագիտություն առանց պատմության փիլիսոփայության: Ընդհակառակը, եթե ցանկանանք գիտությունից վերացնել ամեն տեսակի արժեքները եւ մերժենք մշակույթի աշխարհի յուրահատուկ նշանակալիությունը, ապա մարդկության զարգացման հազարամյակների ընթացքում հայտնի շատ բաներ, ինչպես փիլիսոփայական, այնպես էլ բնագիտական առումով մեզ կթվան այնքան չնչին, որքան փողոցում թափված քարերը կամ դաշտում եղած հասկերը: