IPSE DIXIT. ԱՐԻՍՏՈՏԵԼ

Բոլոր մարդիկ ի բնե ձգտում են իմացության: Սրա ապացույցը մեր մղումն է դեպի զգայական ընկալումներ. չէ՞ որ անկախ այն բանից, դրանցից որեւէ օգուտ կա՞, թե՞ ոչ, մենք դրանք գնահատում ենք ինքնին, եւ բոլորից առավել` տեսողական ընկալումները. տեսողականը մենք, կարելի է ասել, գերադասում ենք ընկալման մյուս տեսակներին ոչ միայն որոշակի գործողություն կատարելու համար, այլեւ այն ժամանակ, երբ մենք ոչինչ էլ չենք պատրաստվում անելու: Պատճառն այն է, որ տեսողությունը մյուս զգայարաններից առավել է նպաստում մեր իմացությանը եւ բացահայտում է առկա տարբերությունները....
Եվ այժմ, եւ նախկինում զարմանքն է մարդկանց մղել փիլիսոփայելու, ընդ որում նրանք սկզբում զարմանում էին այն բանի վրա, ինչն անմիջականորեն տարակուսանք էր առաջացնում, իսկ հետո կամաց-կամաց սկսեցին այդկերպ առաջ շարժվել, սկսեցին իրենք իրենց հարցեր տալ առավել էական բաների մասին, օրինակ՝ Լուսնի, Արեգակի եւ աստղերի դիրքի հերթափոխման, ինչպես նաեւ Տիեզերքի ծագման մասին: Բայց տարակուսողն ու զարմացողը իրեն համարում է չիմացող (ահա թե ինչու ով առասպելներն է սիրում, նա որոշ իմաստով փիլիսոփա է, քանի որ առասպելը ստեղծվում է զարմանալիի հիման վրա): Արդ, եթե սկսել են փիլիսոփայել չիմացությունից ազատվելու նպատակով, ապա ակնհայտ է, որ իմացության սկսեցին ձգտել հանուն ըմբռնման, այլ ոչ թե հանուն մեկ այլ օգուտի: Իրերի բուն ընթացքը հաստատում է դա՝ երբ ապահովված էր ամեն անհրաժեշտ բան, որ դյուրացնում է կյանքը եւ հաճույք պատճառում, այդժամ սկսեցին որոնել հենց այդ բնույթի իմացություն: Ուստի պարզ է, որ մենք դա չենք որոնում որեւէ այլ կարիքի համար: Եվ ինչպես որ մենք «ազատ» ենք անվանում այն մարդուն, որն ապրում է ինքն իր, այլ ոչ թե մեկ ուրիշի համար, ճիշտ այդպես էլ այս գիտությունը միակ ազատն է, քանզի միայն նա գոյություն ունի ինքն իր համար....
Արդ, տեղին են փիլիսոփայությունն անվանում «ճշմարտության մասին իմացություն»: Իսկապես, հայեցողական իմացության նպատակը ճշմարտությունն է, իսկ գործունեությանը վերաբերող իմացությանը՝ գործը: Չէ՞ որ գործունյա մարդիկ, նույնիսկ երբ դիտարկում են իրերի բնութագծերը, ապա առանձնացնում են ոչ թե հավերժականը, այլ ներկայում տվյալ իրի վերաբերությունը ինչ-որ մի գործածության: Սակայն մենք չգիտենք ճշմարտությունը առանց իմանալու պատճառները....
Պարզ է, որ մտահանգումների հիմքերի ուսումնասիրությունը նույնպես փիլիսոփայի գործն է, այսինքն՝ նրա, ով ուսումնասիրում է ամեն մի էությունն առհասարակ, ինչպիսին որ է ի բնե: Իսկ նա, ով որեւէ բնագավառում տնօրինում է առավելագույն իմացության, պարտավոր է ունակ լինելու մատնանշելու իր առարկայի առավել հավաստի հիմքերը, ուստի եւ ով տնօրինում է իմացության գոյի մասին որպես այդպիսին, պարտավոր է նաեւ ի վիճակի լինելու մատնանշելու այդ առավել հավաստի հիմքերը ամեն ինչի համար: Դա էլ հենց փիլիսոփան է....
Գոյը, որպես այդպիսին, ունի միայն իրեն պատկանող հատկություններ, եւ հատկապես այս հատկությունների առումով էլ փիլիսոփային հարկ է դիտարկել ճշմարտությունը: Այստեղ է, որ սոփեստները եւ դիալեկտիկները նմանակում են փիլիսոփաներին (քանզի սոփեստությունը լոկ կեղծ իմաստություն է, դիալեկտիկներն էլ դատողություններ են անում ամեն ինչի մասին, իսկ ամեն ինչի մեջ ընդհանուրը հենց գոյն է). այդ բնույթի դատողություններ են անում այն ակնհայտ պատճառով, որ դա փիլիսոփայության պատկանելիքն է: Իսկապես, սոփեստներն ու դիալեկտիկները նույն բնագավառով են զբաղվում, ինչ փիլիսոփայությունը, բայց փիլիսոփայությունը տարբերվում է դիալեկտիկայից իր հատկության գործադրման եղանակով, իսկ սոփեստությունից՝ ապրելակերպի ընտրությամբ: Դիալեկտիկան փորձեր է անում ուսումնասիրելու այն, ինչը փիլիսոփայությունն է ճանաչում, իսկ սոփեստությունը թվացյալ փիլիսոփայություն է, այլ ոչ թե իրական:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ