Image

Գործարար խրատանի

* «Գործարարությունը լուրջ աշխատանք է, այլ ոչ թե զվարճություն կամ ժամանց: Գործարարությամբ զբաղվում են լրջորեն, եւ դուք գիտեք, որ կա՛մ հաղթելու եք, կա՛մ պարտվելու: Դուք գործի մեջ եք մտնում ձեզ կամ ուրիշների համար, այնպես որ պիտի ընդունեք խաղի կանոնները: Իսկ գոյատեւելու համար դուք պետք է հաղթեք: Գործարարությունը նման է մենամարտի՝ մարտական զենքի գործածությամբ: Սա այն դեպքը չէ, երբ հնարավոր է փոքր-ինչ հաղթել կամ էլ փոքր-ինչ պարտվել: Պարտության մատնվածը զրկվում է գլխից: Այնպես որ, ամեն ինչ ավելի քան լուրջ է (Քոնոսքե Մացուսիտա):

* «Ամբողջ աշխարհով մեկ գործ ունենալով բազում ընկերությունների գլխավոր տնօրենների հետ, ես նկատել եմ, որ լավագույն, առավել հաջողակ ղեկավարները բախումների սրմանը համընթաց դառնում են ավելի ու ավելի հանգիստ եւ անվրդով: Այս դիտարկումը ինձ հնարավորություն է ընձեռել առաջադրելու կառավարման «բադային տեսությունը». ջրի վրա սահող բադը արտաքուստ թվում է հանգիստ եւ անվրդով, բայց նրա թաթիկները ջրի տակ արագ-արագ աշխատում են: Այլ կերպ ասած՝ լավ կառավարիչը բախման բորբոքման պահին պահպանում է հանգստություն: Նա գլուխը չի կորցնում եւ չի տրվում հույզերին: Նա մնում է անկանխակալ: Նա մյուս մարդկանց հետ քաղաքավարի է եւ նրբանկատ, եթե նույնիսկ նրանք միանգամայն այլ կարծիքի են» (Իցհակ Ադիզես):

* «Ոմանք ոչ առանց հիմքի ասում են, թե իմաստ­ու­թյունը պիտանի է շատ բաների համար, հատկա­պես կյան­քին առնչ­վող իմաստությունը: Չէ՞ որ իմաստության շատ տեսակներ ա­ռաջացել են, հավանաբար, հետա­քրքրասիրությունից. ես նկատի ունեմ, որ դրանք ոչ մի օգուտ չեն տալիս այն ամե­նին, ինչի մասին խոսվում է: Դրանց մի մասը դեռ ըն­դու­նելի է, քա­նի որ զերծ է դա­տար­կապորտությունից, ուստի եւ չարի­քից, որոնք արատ­ներ են ծնում, մինչդեռ ոգու կայտառու­թյունը եւ մտքի նպատակ­ուղղ­վա­ծու­թյունը կյանքը որոշակիո­րեն զար­դարում են: Ավելի էական է այն իմաստու­թյունը, որ ունակ է արվեստի վերածվելու, բարեպատշաճությանը եւ փառքին ուղղ­ված ար­վեստի» (Հիպոկրատ):

* «Ամբողջ կյանքում ես գործածել եմ մի շատ պարզ կա­նոն. դատարկախոսին հեշտ է բացահայտել, քանի որ նա մի­այն դրական խորհուրդներ է տալիս՝ օգտվելով մեր թեթեւա­մտությունից եւ դյուրահավատներին բնորոշ հակ­վածու­թյու­նից դեպի այն հանձնարարականները, որոնք մեզ ինքնին անվիճելի են թվում եւ շատ արագ էլ մո­ռաց­վում են: Բացեք որեւէ գիրք նրանցից, որ վերնագրված են «Ինչ­պես...» (շարու­նա­կեք ինքներդ՝ հարստանալ, քաշը գցել, ըն­կերներ ձեռք­բե­րել, նորամուծություն ներդ­նել, նախընտրա­կան հաջող ար­շավ անցկացնել, մկաններն ամրապնդել, ա­մու­սին գտնել, մանկական ապաստարան ղեկավարել եւ այլն): Մինդեռ իրա­կանում ար­հես­տավար­ժներն օգտագոր­ծում են «բացա­սա­կան» խորհուրդները, որոնք էվո­լյու­ցիան է զտել. շախմատի վարպետները սովո­րաբար հաղթում են՝ թույլ չտալով իրենց հաղթել, մարդիկ հարստանում են, քանի որ չեն սնանկանում (մանավանդ երբ մյուս­ները սնանկանում են), կրոնները հիմ­նականում ինչ-որ բաներ են արգելում, կյանքի իմաս­տնու­թյունն այն է, որ հասկանաս, թե հատկապես ինչից է հար­կա­վոր խու­սափել: Նվա­զագույն եղանակով դուք փոք­րացնում եք պատահական կորուստների անձնա­կան ռիսկը» (Նասիմ Նիկոլաս Թալեբ):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։