IPSE DIXIT. Ռայմոն ԱՐՈՆ
Ամեն ոք ինքն իր համար միաժամանակ թե՛ ամենից մոտիկն է, թե՛ ամենից առեղծվածային էակը: Մեկ ուրիշը, թերեւս, ինձանից ավելի լավ գիտե իմ վարքագծի մղումները, իմ սովորությունները, իմ բնավորությունը: Այդուհանդերձ, ամեն մարդ վրդովվում է, երբ արվում է այդ պնդումը գործողության մասնակցի հանդեպ ականատեսի միանգամայն հնարավոր գերազանցության մասին (առնվազն եթե այդ գերազանցությունը չեն հանգեցնում անաչառ դիտորդի գերազանցությանը աչառու մասնակցի հանդեպ): Քանզի մենք, ամենից առաջ, ինքներս մեզ չգիտենք. մենք կանք, ինչպիսին որ կանք: Մենք գիտակցում ենք մեր հոգեկան վիճակի ամեն մի ակնթարթը եւ մենք պարտավոր ենք խորացնելու եւ պարզաբանելու այդ գիտակցումը: Ինքն իր մասին հոգեւոր խորհրդածությունն անվերջորեն կրկնվում է եւ վկայում ինքնակամ զորության մասին: Իմիջիայլոց, մենք խորհրդածության կարիք չունենք. այն, ինչ մենք կանք, համընդգրկուն ներըմբռնողություն է (որպես արգասիք բազում զգայությունների) եւ ամեն վայրկյան մեզ բացահայտում է....
Ինքնաճանաչումը իմացության այն տեսակն է, որ միաժամանակ ամենից անվիճելին է եւ մտքի համար ամենից դժվարը, քանզի մեզ վերագրում է սուբյեկտի եւ օբյեկտի միասնության փաստը: Այստեղից հետեւում է, որ անվերջանալի դիալեկտիկայի շնորհիվ ամեն մի ինքնաճանաչում մասն է ինքն իր օբյեկտի, որն անխուսափելիորեն վերափոխվում է, որովհետեւ այդ ինքնաճանաչող օբյեկտն արդեն այն չէ, ինչ մինչ ինքնաճանաչումն էր: Վերջապես, ինքնաճանաչման բուն նպատակը, իր թվացողությամբ հանդերձ, ճշտված չէ: Նշանակո՞ւմ է արդյոք ինքնաճանաչումը, թե մարդը պետք է դառնա իր սեփական անցյալի պատմաբանը, իր բնավորության հոգեբանը, իր անգիտակցականի հոգեվերլուծաբանը: Թե՞, ընդհակառակը, հնարավորություն է ընձեռում ընտրելու սեփական ցանկությունները, համընկնելու սեփական իդեալի հետ....
Ինքնագիտակցումը (ինչպես նաեւ դրա օբյեկտը) ունի, ամենից առաջ, ակնթարթային բնույթ, ուղեկցում է մեզ ժամանակի ամեն մի հատվածում: Ոչ թե այն պատճառով, որ ամբողջ ժամանակ ինքներս մեզանից անջատված ենք. գործողության ընթացքում ամեն ոք այնպես է աշխարհ մտնում, որ այլեւս տեղ չի մնում ինքնաճանաչողական կրկնության համար: Սակայն, նույնիսկ երբ մենք ընկղմված ենք լինում իրականության մեջ, մենք դրանում լիովին չենք չքանում, եւ առնվազն կանխազգում ենք դեպի ինքներս մեզ վերադարձի հնարավորությունը:
Եթե գիտակցումը հոգեբանական բնույթի իրողություն է, եթե գիտակցումը միաժամանակ ինքնագիտակցում է, ապա օբյեկտի իմացությանը ձեռնամուխ եղող գիտակցական գործողությունը հնարավոր է դառնում հասկանալ միայն կեցության պահանջմունքների միջոցով: Եվ դրանից պահանջվում է ավելի շատ արդյունավետություն, քան ճշմարտություն: Երբ ես ձգտում եմ տարբերակել իմ կատարած գործողությունները, ապա ես ցանկանում են դրանք շտկել, այլ ոչ թե ճանաչել: Ակնթարթային ինքնաճանաչումը վերահսկողության ակնթարթ է: Ուստի եւ կարեւոր չէ, արդյոք ինքնաճանաչումը իր օբյեկտի ժամանակակիցն է կամ էլ դրա չմիջնորդաավորված ընկալումը: Կարեւոր չէ, սահմանափակվո՞ւմ է ինքնաճանաչումը զուտ հայեցողությամբ, ուղղված է մինչզգայակա՞ն, թե՞ ներկան հարստացնող ապագայի կանխակալմանը: Այդ ինքնաճանաչումը մեկուսի ճանաչում է, որի հիմքում կյանքն է եւ գործնական փորձությունը....
Ամենից առաջ, առանձնացնենք ինքնաճանաչման այն տեսակը, որը կատարում են հոգեբաններն ու բարոյախոսները: Երկուսն էլ առաջին հերթին հոգ են տանում հստակության մասին՝ ընդունել սեփական սխալները, չգերագնահատել սեփական վաստակը, տարբերակել սեփական գործողությունը դրա դրդապատճառներից, եթե անգամ դրանք տհաճ են եւ այլն: Այդօրինակ հրահանգների մեջ առաքինության մասին հոգատարությունը խառնված է իմանալու ցանկության հետ: Բարոյախոսը տարուբերվում է հոգեվերլուծության եւ քարոզի միջեւ: Post factum ոչինչ չի կարող դադարեցնել այդ հոգեբանական հետազոտությանը. Լառուշֆուկոյի կամ Ֆրոյդի խորաթափանցության համար չկան անհաղթահարելի խոչընդոտներ: Հնարավոր է, որ գիտականորեն հիմնավորված հոգեվերլուծությունը հնարավորություն ընձեռի մեզ ստանալու իրական բացատրություն՝ հասկանալու համար մեր վարվելակերպը՝ առանց ներքաշվելու անվերջանալի դիալեկտիկայի մեջ: Բայց անհատը երբեք չի դադարելու պայքարել սեփական մտքերի դեմ, նա երբեք վստահ չի լինելու, որ ինքն իր բարդույթների խաղալիքը չէ: Եթե այդպես է, ուրեմն ոչ ոք երբեք հաջողության չի հասնելու ինքնաճանաչման մեջ:
Ինքնաճանաչման մյուս տեսակը փիլիսոփայության առաջարկածն է, որն ավելի կամ պակաս բացահայտորեն ընդունում է, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին ցանկանում ենք լինել: Հոգեվերլուծաբանը սպասում է թուլացման պահերին, երբ սկսում են արտահայտվել ճնշված մղումները.... Անցյալի ուսումնասիրությամբ զբաղվող հոգեբանն ավելի շատ ուշադրություն է դարձնում գիտակցության վիճակին, քան արարքներին: Ակամա նշանները նրան ավելի են հետաքրքրում, քան մտածված որոշումները: Նա հակված է «ներքեւից» բացատրելու՝ հերոսական արարքը՝ որպես գերփոխհատուցում, կրոնական ջերմեռանդությունը՝ որպես սուբլիմացիա: Փիլիսոփան, ընդհակառակը, մերժում է բնավորության ճակատագրական լինելը. փիլիսոփան միշտ կոչ է անում անհատներին նայել առաջ եւ ազատության հատկանիշը տեսնել ճշմարտացիության մեջ.... Երկու տեսակն էլ մասամբ անտեսում են իրականությունը. մենք, միաժամանակ թե՛ հոգեվերլուծաբանի բացահայտած մղումներն ենք, թե՛ այն լուծումները, որոնց հորդորում է փիլիսոփան:
Մեր իշխանությունը ինքներս մեզ վրա մասնակի բնույթի է. մենք ազատ չենք այն բաներում, որ չդողանք, որ չցանկանանք, որ չսիրենք: Բայց, թերեւս, մեզ կհաջողվի տնօրինել ինքներս մեզ՝ անել կամ չանել, ասել «այո» կամ «ոչ». հիրավի, ազատության ավանդական օրինակներն այս տեսակից են: Նույնիսկ եթե վախենում ենք, չպետք է ընկրկենք. ազատությունը գործողությամբ է հաստատվում: Հետեւաբար, ինքնաճանաչումը բաց է ապագայի համար, քանզի դրանում է տեսնում իր ավարտը եւ ճշմարտացի լինելու ապացույցը....
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ