Image

IPSE DIXIT. Յանագիդա ԿԵՆՁՅՈՒՐՈ

Մինչեւ այժմ շատերը մարդու ազա­տու­թյունը հակադրում են բնության մեջ գոյություն ունեցող ան­հրաժեշտությանը: Որ­տեղ անհրաժեշտություն կա, ասում են նրանք, ազատություն չկա, իսկ որտեղ ազատություն կա, ան­հրաժեշտություն գո­յություն չու­նի: Նրանք կարծում են, թե ա­զատությունն այն է, որ մարդը կամք ունի եւ բնական ան­հրա­ժեշտությունը են­թար­կում է իրեն: Արդյոք այդպե՞ս է:

Մարդկության զարգացման պատմությունը տեղի է ու­նենում հասարա­կության արտադրողական ուժերի զարգաց­ման հիման վրա: Արտադրողական ուժերի զար­գա­ցումը մար­դու վրա իշխող բնության ուժերի հաղթահարման եւ բնության վրա մարդու իշխանության հաստատման ընթացքն է: Այժմ արդեն ո՛չ լեռները, ո՛չ գետերը, ո՛չ եր­կինքը, ո՛չ ծովերը մար­դուն սպառնացող ուժեր չեն: Մարդու ուժով դրանք վերածվում են նրա կենսական շահերի համար օգտագործվող գործիք­ների: Այժմ արդեն ոչ թե բնությունն է իշխում մարդու վրա, այլ մարդն է իշխում բնության վրա: Այժմ մարդը չի ենթարկվում բնական անհրաժեշտությանը, այլ ինքն է այն ենթարկում ի­րեն եւ օգ­տա­գոր­ծում:

Բայց արդյոք այդ նշանակո՞ւմ է, թե մարդու ուժերով ոչնչացվել է օրինաչափ անհրաժեշտությունը բնության մեջ: Ամենեւին ոչ: Այժմ էլ բնության օրենքները գոր­ծում են ճիշտ այնպես անփոփոխ կերպով ու անշեղորեն, ինչպես եւ մարդու երեւան գալուց առաջ: Անկախ այն բանից, թե արդյոք մարդն օգտագործո՞ւմ է բնության օրենքները, թե՞ ոչ, նրանք ան­փո­փոխ կերպով շարունակում են գոյություն ունենալ: Ինչպես էլ վիթխարի լինեն մարդու ուժերը, նրանք չեն կարող ո՛չ փոխել, ո՛չ էլ ոչն­չացնել բնության օրենքները: Մարդը կարողանում է օգտագործել այդ օրենքները՝ դրանց հարմարվելով միայն: Միայն նա կարող է օգտագործել այդ օրենքները, ով լա­վա­­գույն կերպով, առավելագույն ճշտությամբ եւ բարե­խղճու­թյամբ իր գործո­ղու­թյուն­ները համաձայնեցնում է նրանց հետ: Մեր ազատությունը ամենեւին էլ բացարձակ չէ: Ինչպես էլ այն աճի, բայց անհրաժեշտության օրենքների ուժը դրանից ոչ մի չափով չի պակասի, ճիշտ այդպես էլ չի կրճատվի նաեւ այդ օրենքների թիվը: Մարդու ազա­տությունը կարող է իրա­կա­նացվել ոչ թե բնության մեջ գոյություն ունեցող անհրաժեշ­տությունից կտրված, այլ այդ անհրաժեշտության մեջ միայն, նրա հետ միասին:

Այսպիսով, թեեւ ազատությունը եւ անհրա­ժեշտությունը հակադիր են միմյանց, դիմակայում են միմ­յանց, սակայն չեն կարող գոյություն ունենալ միմյանցից ա­ռան­ձին: Անհրա­ժեշ­տության աշխարհում գոյություն ունի ա­զատություն, ազա­տության աշխարհում՝ անհրաժեշտություն....

Իրական ազատության հիմնախնդիրը ոչ թե վերա­ցա­կան է, տեսության խնդիր, թե արդյոք ընդհանրապես մարդը (իր բնությամբ) ազատ է, այլ որոշակի, պատ­մական, գործ­նա­­կան խնդիր: Մարդն իր բնությամբ ազատազուրկ է. նա շա­րունակ զգում է, որ իր ազատությունը փաստորեն բացասվում ու սահմանափակվում է, եւ նա ստիպված է ձգտել ազատու­թյան ձեռք բերելու, հաղթահարելով այդ բացասումն ու սահ­մանափակումը: Այս է մարդու կենսական պատմական խնդի­րը, եւ պրակտիկայի նպատակն այդ խնդրի լուծումն է: Մարդը, ազատության հետամուտ լինելով, նախ եւ առաջ պայքարում է բնության դեմ եւ ձգտում հաղթահարելու ազատության բացա­սումն ու սահմանափակումը բնության կողմից: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ մեր գործողությունները հասարա­կական, կոլեկտիվ բնույթ կրեն:

Հետեւապես, ազատության հիմնախնդիրը չի կարելի լուծել հասարակական հա­րաբերությունների հիմնախնդրից կտրված: Հենց սկզբից հասարակական հարաբե­րու­թյուններն անհրաժեշտ են եղել մեր ազատության զարգացման համար: Բայց միեւնույն ժամանակ հենց հասարակական հարաբե­րություններն են սահմանա­փա­կում եւ ճնշում մարդու ազա­տությունը....

Որքան էլ ասեն, թե մարդն անկախ ու ազատ սուբյեկտ է, մենք ոչ մի դեպքում չպետք է նրան դիտենք մեկուսացված վիճակում, հասարակության իրական կապերից դուրս: Կյեր­կեգորն ասում է, թե «Ես»-ը կարեւոր նշանակություն ունի, թե չի կարելի ուշադրություն չդարձնել «Ես»-ի էության վրա եւ «Ես»-ը չնկատել մեր աշխարհում գոյություն ունեցող ար­տա­քին բարօրության եւ արտաքին փայլի մեջ: Սակայն այդ «Ես»-ը պետք է վերցնել ոչ թե իբրեւ մետաֆիզիկական մի էու­թյուն՝ կապված միայն Աստծո եւ հավիտենականության հետ, այլ իբրեւ սոցիալական մի էակ, որը ծնվում, ապրում եւ մեռնում է սոցիալական հարաբերությունների շրջանակ­նե­րում: Նա պետք է դիտվի հասարակության հետ գոյություն ու­նեցող դի­ա­լեկտիկական կապի մեջ: Ստեղծվելով պատմու­թյան կող­մից, նա կերտում է պատմությունը, եւ դրանումն է մեր կեն­դա­նի պատմական կեցությունը: Եվ այդ կեցության մեջ է միայն, որ ներքին ազա­տու­թյունը կարող է իսկապես իրա­կա­նացվել պատմականորեն: Այդ ազատությունը վերացական ազատու­թյուն չէ, ազատություն մտքի մեջ, որը հաստատվում է Աստծո հետ միասին «Ես»-ի գոյության հիման վրա միայն, անկախ այն բանից, թե ինչպիսին է հասարակությունը, ինչ­պիսին է իրականությունը: Այդ ազատությունը «դու պետք է այսպես անես» պատգամին համապատասխան որոշում ըն­դունելու ա­զատություն է, մի պատգամ, որին մարդը կանսա այն ժա­մանակ, երբ նա իր «Ես»-ը ամբողջովին կսուզի հա­սա­րա­կության մեջ, իրեն կնետի պատմության մեծ գետի հո­սանքի մեջ, ուշադրությամբ ունկնդրելով պատմության ձայ­նին....

Հավիտենական կյանքը վերպատմական մի աշխարհ չէ, կենդանի պատ­մու­թյու­նից դուրս գտնվող աշխարհ, ինչպես պնդում են հոգեւորականները: Այն կազմվում է նրանով, որ մարդիկ սուզվում են այդ իրական ապականված աշխարհի մեջ, որտեղ հոսում են պղտոր ջրերի լայն հեղեղներ, եւ մոռա­նում իրենց «Ես»-ի մասին, հափշ­տակվելով աշխարհի փո­խակերպման գործունեությամբ, որը մաքրում է այդ պղտոր ջրերը:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։