Image

1886թ․ ռուսական մարդահամարի խոսուն թվերը

1893 թ․ Կովկասի կառավարչապետության քաղաքացիական մասի Անդրկովկասյան վիճակագրական կոմիտեի հրամանով հրատարակվել են 1886 թ․ ընտանեկան ցուցակների հիման վրա կազմված Անդրկովկասի բնակչության վիճակագրական տվյալները։

Պետական խորհրդի եզրակացության հիման վրա 1886 թ․ փետրվարի 24-ին, ռուսական կայսեր հաստատմամբ, սկսվեց ամբողջ Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի քաղքենիների դասի, գյուղացիական և օտարազգի բնակչության ընտանեկան ցուցակների կազմումը: Դրանց ձևը պետք է հաստատվեր Կովկասի կառավարչապետության քաղաքացիական մասի ղեկավարի կողմից՝ Ներքին գործերի և Ֆինանսների նախարարների համաձայնությամբ։ Կովկասի կառավարչապետության քաղաղացիական մասի ղեկավար գեներալ-ադյուտանտ իշխան Ալեքսանդր Դոնդուկով-Կորսակովը ընտանեկան ցուցակների ձևի և կարգի կանոնների մշակումը հանձնարարեց Կովկասյան (հետագայում՝ Անդրկովկասյան) վիճակագրական կոմիտեին: Վերջինիս աշխատանքներին պետք է մասնակցեին Գերագույն խորհրդի անդամները, նահանգապետներն ու մարզերի կառավարիչներն, իրավասու այլ անձինք։

Կոմիտեի կողմից ընտանեկան ցուցակների վերամշակված ձևը կառավարչապետի կողմից հաստատվեց 1886 թ․ ապրիլի 21-ին։

Անդրկովկասի բնակչության ընտանեկան ցուցակների կազմումն սկսվեց 1886 թ․ մայիսին և ավարտվեց նույն տարվա վերջին։ Կառավարչապետի հանձնարարությամբ Անդրկովկասի նահանգային վիճակագրական կոմիտեների ներկայացրած նյութերի մշակումը հանձնարարվեց Կոմիտեի գլխավոր քարտուղար, գլխավոր խմբագիր, պետական խորհրդական Նիկոլայ Զեյդլիցին։ Ծանոթանալով ընտանեկան ցուցակներից ստացված արդյունքներին և նույն տարում երկրամասի գլխավոր իշխանությանը ներկայացնելով Անդրկովկասի բնակչության թվաքանակի ու նրա՝ դավանաբանական պատկանելիության մասին աղյուսակները՝ գլխավոր քարտուղարը 1886 թ․ դեկտեմբերի 17-ին կոմիտեին է ներկայացնում ցուցակների կազմման նախագիծը: Ըստ դրա՝ յուրաքանչյուր քաղաքի և գյուղի համար կարևորվում էին ներառել հետևյալ տվյալները՝ ծխերի թիվը, բնակիչների արական և իգական սեռերի թիվը, յուրաքանչյուր սեռի բաշխվածությունն՝ ըստ ազգությունների, դավանանքի և խավերի, արական սեռը՝ ըստ տարիքի, ընտանեկան լեզվի, գրագիտության և կրթության, բաշխվածությունն՝ ըստ ծխերի զբաղվածության, և տեղեկություններ քաղաքների ու գյուղերի ունեցվածքի մասին։

1887 թ․ մայիսի 19-ին վերոնշյալ նախագիծը հաստատվեց կառավարչապետի կողմից: Կոմիտեն անցավ ընտանեկան ցուցակների նյութերի մշակմանը։ Անհրաժեշտ տեղեկությունները պարտադիր ներկայացվել են նահանգների և մարզերի ղեկավարների կողմից։

Ըստ 1886 թ․ ընտանեկան ցուցակների՝ Երևանի նահանգն ուներ 670.405 բնակիչ։

Երևանի նահանգի քաղաքների (Երևան, Ալեքսանդրապոլ, Նախիջևան, Օրդուբադ, Նոր Բայազետ) արական և իգական բնակչության ընդհանուր թիվը 57.594 մարդ էր։ Այն, ըստ ազգային պատկանելության, ուներ հետևյալ պատկերը՝ ռուսներ՝ 403, հույներ՝ 321, քրդեր՝ 38, հայեր՝ 39.941, թաթարներ՝ 16.732, այլ ազգություններ (վրացիներ, իմերեթցիներ, լեհեր, գերմանացիներ, հրեաներ, գնչուներ)՝ 159 մարդ։

Երևանի նահանգի գավառների (Երևան, Ալեքսանդրապոլ, Նախիջևան, Նոր Բայազետ, Սուրմալու, Շարուր-Դարալագյազ, Էջմիածին) արական և իգական բնակչության ընդհանուր թիվը 612.811 մարդ էր։ Այն, ըստ ազգային պատկանելության, ուներ հետևյալ պատկերը՝ ռուսներ՝ 3.749, լեհեր՝ 4, հույներ՝ 705, քրդեր՝ 36.440, հայեր՝ 335.759, ասորիներ՝ 1.682, վրացիներ՝ 4, իմերեթցիներ՝ 143, թաթարներ՝ 234.325 մարդ։

1886 թ․ ընտանեկան ցուցակներում թյուրքական ազգությունների շարքում նշված են օսմանլի թուրքեր, ադրբեջանցի թաթարներ, հյուսիսային թաթարներ (նոգայցիներ, կումիկներ) և կազանյան թաթարներ։ Ադրբեջանցի թաթարներ ասելով՝ նկատի են ունեցել Իրանի հյուսիսարևմտյան Ատրպատական նահանգի տարածքից Այսրկովկասում բնակություն հաստատած թյուրքական ծագում ունեցող բնակիչներին։ Հետաքրքիր է՝ կոմիտեն ինչ սկզբունքով է առաջնորդվել աղյուսակներում ազգությունների հերթականությունը նշելիս։

Վերոհիշյալ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հայ ազգաբնակչությունը գերակշռում էր թե՛ Երևանի նահանգի քաղաքներում, թե՛ գավառներում։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։