Image

Ադրբեջանական ցինիզմի հերթական դրսևորումը. ներկայացվել է Երևանի «օրհներգը»

Ալիևյան ռեժիմի նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ շարունակաբար աճում են։ Միջազգայնորեն ճանաչված անկախ պետության տարածքն Ադրբեջանի պատմական հողեր հռչակելուց զատ՝ Բաքվի քարոզչամեքենան ակտիվ աշխատում է նաև մշակույթի, այդ թվում՝ երաժշտագիտության ոլորտում։

Օրերս հրապարակվեց, իրենց կեղծ բնորոշմամբ, «Իրևանի թուրքական հանրապետության» պետական օրհներգը, որի բովանդակությունը Երևանը «օտար ձեռքերից ազատելու և հետ վերադարձնելու» մասին է։

Օրհներգի հեղինակն Ադրբեջանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ջավանշիր Գուլիևն է, ով, ինչպես ինքն է նշում, Իլհամ Ալիևի ֆավորիտն է և նախագահական վերջին ընտրություններում աջակցել է նրան։ «Օրհներգը» գրելու պատվեր Գուլիևը ստացել էր դեռևս 2021 թվականին։

Այստեղ ակնհայտ է «մեծ պատմաբան» Ալիևի նկրտումը՝ երաժշտագիտության ոլորտում ևս բարձունքներ նվաճելու և այդ բնագավառում նույնպես հավերժանալու։

Նշենք նաև, որ Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը, որտեղ հնչել է «ստեղծագործությունը», նախագծել է ազգությամբ հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևը, և այն ժամանակին պատկանել է Մայիլյան եղբայրներին։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ և անթույլատրելի է համարում միջազգայնորեն ճանաչված պետության մայրաքաղաքի մասին ադրբեջանական կամ թուրքական օրհներգի պատրաստումն ու տարածումը։ Հերթական անգամ պաշտոնական Բաքուն իրականացնում է ադրբեջանական հասարակության «ուղեղների լվացում» և շարունակում է հանրայնացնել ագրեսիվ, հակահայկական տրամադրությունները։

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։