Արևիք-Մեղրի
Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից բացառիկ նշանակություն ունի Արևիքը, որի տարածքը ներկայումս համընկնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի ենթաշրջանին։
Արևիքը եղել է հայկական պետական բոլոր կազմավորումների՝ Արարատյան (Վան, Ուրարտու), Երվանդական, Արտաշեսյան և Արշակունյաց թագավորությունների, Բագրատունյաց Հայաստանի կազմում։ 987-1170 թվականներին գավառը Սյունիքի կամ Բաղաց թագավորության մաս է կազմել։ Վերջինիս անկումից հետո երկրամասը հայկական իշխանական տների՝ հատկապես՝ Օրբելյանների ու նրանց շառավիղների շնորհիվ մասամբ շարունակել է պահպանել իր ներքին ինքնիշխանությունը։
Օտար տիրապետությունների շրջանում Արևիք գավառը ևս պարբերաբար ենթարկվել է կոտորածների ու բնակչության արտագաղթի։ Արևիք-Մեղրիի շատ հայկական տեղանուններ աղավաղվել են՝ ստանալով օտար անուններ: Սակայն, Մեղրին այն բնակավայրերից է, որի հայկական անվանումը պահպանվել է: Ռուսական աղբյուրներում այն կոչվում էր Мигри: Գավառի գյուղերի անվանումները հուշում են դրանց հայկական լինելու մասին՝ Ագարակ, Ամրաքար, Երնաձոր, Լիճք, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Վանք, Վարդանձոր, Տաշտուն և այլն:
Այն, որ Արևիքը հայկական է, վկայում է տարածքում գոյություն ունեցող հայկական պատմամշակութային հուշարձանների՝ մատուռների, խաչքարերի, եկեղեցիների, գերեզմանների գոյությունը․խաչքարերից ամենահինը թվագրվում է 9-րդ դարով:
Գավառի հոգևոր կենտրոններից էր Մեղրիի մոտակայքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին (Մեղրու վանք, 17-րդ դար)։ Նշանավոր էին նաև Մեղրիի՝ Մեծ Թաղի Սուրբ Աստվածածին (1673 թվական) և Փոքր Թաղի Սուրբ Սարգիս (17-րդ դար) եկեղեցիները:
Արևիք գավառի գրեթե բոլոր գյուղերում եղել են եկեղեցիներ։ Նշանավոր են Վանք գյուղին մոտ՝ լքված Կալեր գյուղի Սուրբ Աստվածածին (17-րդ դար), Արկես և Մալև լքված գյուղատեղիների ավերված եկեղեցիները (14-16-րդ դարեր), Կուրիսի (15-17-րդ դարեր), Լիճքի՝ Ջվարավանի կոչվող (17-րդ դար), Վահրավարի, Կարմրավանքի (17-րդ դար) եկեղեցիները։ Տաշտուն գյուղում պահպանվել է քառամույթ գմբեթավոր բազիլիկ Սուրբ Ստեփանոս եկեղեցին (17-րդ դար)։ Շրջակայքում կան գյուղատեղիներ (Ռոմելանց, Քյիլդիզանց, 14-17-րդ դարեր), խաչքարերով գերեզմանոցներ (Շվանիձոր)։
Սյունիքի 1722-1730 թվականների ազատագրական պայքարի շրջանում Արևիք գավառը վերածվել էր հայ-պարսկական համագործակցության յուրահատուկ կամրջի։ 1727 թվականին Մխիթար սպարապետն ու Տեր-Ավետիսը, ստանալով դաշնակից պարսիկ Դուզալի խանից զինական օգնություն, համատեղ ուժերով կարողանում են օսմանյան զորքին դուրս մղել Մեղրիի բերդից և Մեղրիի կիրճում պարտության մատնել։
19-րդ դարի սկզբին Արևիք գավառը միացվեց Ռուսական կայսրությանն, ինչը նպաստեց հատկապես գավառի կենտրոն Մեղրիի զարգացմանը։ 1834 թվականի ապրիլին Մեղրի ժամանած շվեյցարացի հնագետ Ֆրեդերիկ Դյուբուան, տեսնելով ծաղկած պարտեզները, դրանք համեմատել է իրական դրախտի հետ ու փաստել, որ Մեղրին հայաբնակ էր։ Մեղրիի տարածաշրջանը 1849 թվականին ներառվել է Երևանի նահանգի կազմում, իսկ 1867 թվականին՝ միացվել նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգին։
Մեղրի գյուղը, մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակը, բացառապես բնակեցված է եղել.հայերով։ 1831 թվականին այն ունեցել է 272, իսկ 1873 թվականին՝ 830 բնակիչ։ Կովկասի կառավարչապետության քաղաքացիական մասի Անդրկովկասյան վիճակագրական կոմիտեի հրամանով կազմված 1886 թվականի ընտանեկան ցուցակների համաձայն՝ Մեղրին բնակեցված էր բացառապես հայերով՝ 167 ծուխ՝ 947 հայ բնակիչ։ 1897 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալներով՝ Մեղրիում բնակվում էր 955 հայ, 1922 թվականին՝ 1100 բնակչից 1085-ը հայեր էին, 15-ը՝ թուրք-թաթարներ։ 1926 թվականին 1055-ը հայեր էին, 48-ը՝ թուրքեր, 58-ը՝ ռուսներ, 1931 թվականի տվյալներով՝ 1013-ը հայեր էին, 12-ը՝ թյուրքական խմբի ներկայացուցիչներ, 22-ը՝ ռուսներ:
Մեղրիի շրջանը 1831 թվականին ունեցել է 1031 հայ և 1143 մահմեդական բնակիչ, 1873 թվականին՝ 3010 հայ, 2997 մահմեդական և 4 այլազգի, 1886 թվականին՝ 4213 հայ, 2611 մահմեդական, 1585 այլազգի։ 1914-1919 թվականներին գավառի հիմնական բնակչությունը հայերն էին, 1922 թվականին այստեղ ապրում էին 6370 հայեր, 1535 թուրք-թաթարներ, 1931 թվականին՝ 7097 հայեր, 2329 թյուրքական խմբի ներկայացուցիչներ, 28-ը ռուսներ: Անգամ 1931 թվականին՝ բնակչության ազգային պատկանելիությունը նշելիս, ցուցակներում չի եղել «ադրբեջանցի» էթնիկ միավոր:
Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ձևավորված Ժամանակավոր կառավարությանը ենթակա Անդրկովկասի հատուկ կոմիտեի հրամանով՝ Մեղրիում ձևավորվել է իշխանության տեղական մարմին։ 1918 թվականի մայիսի վերջին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, Մեղրիի գավառը գտնվել է նախ՝ Անդրանիկ զորավարի, ապա՝ Արսեն Շահմազյանի ու Գարեգին Նժդեհի զորաջոկատների վերահսկողության տակ գտնվող ինքնիշխան Ղարաբաղ-Զանգեզուրի նահանգային իշխանության ներքո։ Գարեգին Նժդեհը, երկրամասը թուրք-թաթարական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով Սյունիքի հարավում և Նախիջևանի հարավ-արևելքում՝ Կապանի, Արևիքի և Գողթնի տարածքում, ստեղծել է պաշտպանական շրջան՝ Կապարգողթ անունով, և ստանձնել նրա հրամանատարությունը։
Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920 թվականի դեկտեմբերի 25-ին ստեղծված Ինքնավար Սյունիքի և 1921 թվականի ապրիլի 27-ին հռչակված Լեռնահայաստանի կյանքում Մեղրին բացառիկ դեր է ունեցել։ 1921 թվականի հուլիսի կեսերին Մեղրիի տարածքով հայ մտավորականության, զինվորականության և բնակչության այլ խավեր կարողանում են անցնել Պարսկաստան և ազատվել խորհրդային իշխանության հետապնդումներից ու հաշվեհարդարից։ Գարեգին Նժդեհի գլխավորած ազատագրական պայքարի շնորհիվ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն 1921 թվականի հուլիսին 7-ին որոշեց Զանգեզուրը թողնել Խորհրդային Հայաստանի կազմում։
Արևիք-Մեղրիի շրջանը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական բացառիկ նշանակություն, ուստի պատահական չեն Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները հայկական այդ տարածքի նկատմամբ։
Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի