Զինվորների օրգանների վաճառքն ադրբեջանական բանակում (44-օրյա պատերազմից առաջ). մաս 1
Ադրբեջանական բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների և զինվորների մահվան առեղծվածային դեպքերի մասին պարբերաբար է խոսվել։ Սպանված զինծառայողների ծնողներն ու ընդդիմադիրները բազմիցս բարձրաձայնել են արատավոր մի երևույթի մասին, որն ադրբեջանական իշխանությունները խնամքով փորձում են թաքցնել։ Խոսքն Ադրբեջանի զինված ուժեր ներթափանցած «օրգանների բիզնեսի»՝ զինվորականների ներքին օրգանների ապօրինի վաճառքի մասին է։
Դեռևս 2012 թվականին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում էին ադրբեջանցի 97 զինվորականների մահվան մասին, որոնցից 22-ն ինքնասպանություն էին գործել, 13-ը սպանվել էին իրենց ծառայակիցների կողմից, 17-ը մահացել էին «դժբախտ պատահար»-ից, 14-ը՝ այլ հիվանդությունների պատճառով և այլն: Ընդդեմ այդ ամենի՝ Բաքվում բողոքի ցույցեր էին տեղի ունեցել։
Մահացության կասկածելի դեպքերի մասին՝ «փոխպատվաստման» բիզնեսի լույսի ներքո, հանդես են եկել ադրբեջանցի մի շարք փորձագետներ: Նրանցից Սուրխան Լատիֆովը փորձել էր պարզել, թե որտեղից են հայտնվում այս հանցավոր բիզնեսի դոնորները: Ըստ վերջինի՝ «ադրբեջանական բանակն օրգանների անօրինական վաճառքի պոտենցիալ բազա է, եթե հաշվի առնենք, որ այնտեղ ծառայում են բժշկական տեղեկանք ունեցող երիտասարդներ, ովքեր պատրաստի դոնորներ են հանցավոր խմբավորումների համար»:
Այսպես՝ ադրբեջանական բանակում զինվորականների օրգանների վաճառքի մասին է փաստում նաև «առեղծվածային կերպով» մահացած Փարվիզ Իսգանդարովի մայրը՝ Քիֆայաթ Ասգարովան: Վերջինս պնդում է, որ սպանված զինծառայողների օրգանները հանձնվում են Թուրքիային և Իրանին: Փարվիզ Իսգանդարովի հայրը՝ Ջահան Իսգանդարովն, իր հերթին հայտնում է, որ ադրբեջանական բանակի զորամասերում օրգանների վաճառքը լայն տարածում ունի: Սպանվածի հոր խոսքերով՝ որդին կապավոր է եղել և սպանվել է, քանի որ գիտեր օրգանների հեռացման բազմաթիվ դեպքերի մասին: Իսկ սպանված զինծառայողի մայրը նշում է, որ իրեն անհանգստացնում է հրադադարի պայմաններում որդու մահից հետո վերջինիս օրգանների հանված լինելու փաստը:
Բնականաբար, Փարվիզ Իսգանդարովն ադրբեջանական բանակում միակ զինծառայողը չէր, ով զոհ էր դարձել ալիևյան ընտանիքի «բիզնեսին»: 19-ամյա Օրխան Ալըևն, ով ծառայում էր Նաֆթալանի թիվ 157 զորամասում, ծառայության ընթացքում մահացած հերթական զինվորականն էր։ Օրխան Ալըևի հայրը նշում է, որ իր որդին առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։ Նրան սպանողների նպատակը որդու օրգանների՝ 1.5-2 ժամվա ընթացքում զորամասից դուրս հանելն ու վաճառելն էր:
2013 թվականին մամուլով տարածվեց Ջեյհուն Գուբադովի մահվան լուրը: Չնայած նրան, որ պաշտոնական վարկածով Գուբադովի մահը ներկայացվեց իբրև սրտի անբավարարության հետևանք, այնուամենայնիվ սոցիալական ցանցերում տարածվեցին սպանված զինծառայողի մարմնի վրա բռնության հետքերով լուսանկարներ, որոնք կասկածների տեղիք տվեցին։ 19-ամյա սպանված զինծառայողի մայրն էլ իր հերթին պնդում էր, որ որդուն սպանել են դիտավորյալ՝ ծեծի ենթարկելով:
Ասվածից պարզ է դառնում, որ Ադրբեջանում երկար տարիներ ծաղկող ներքին օրգանների վաճառքն իր դոնորներին է գտել նաև զինվորականության շրջանում: Տարիներ շարունակ ալիևյան ռեժիմի այս հրեշավոր քաղաքականությանը զոհ են դառնում ադրբեջանական բանակում ծառայության անցած զինվորականները, որոնք, ինչպես փաստերն են վկայում, հիմնականում հանդիսանում են աղքատ ընտանիքի զավակներ:
Հարկ է նշել, որ դեպքերի թիվն այսքանով չի սահմանափակվում: Նմանօրինակ հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունը հիմնականում սպրդում է հասարակական բողոքի և դրանք թաքցնելու անհնարինության պարագայում, իսկ բազմաթիվ դեպքեր հանրությանն ուղղակի անհայտ են մնում։