Մամուլի ազատությունն Ադրբեջանում, մաս 5․ օրենքի խստացումներ
«Մեդիայի զարգացման գործակալություն»-ը (MEDİA), որն իրականում կոչված է սահմանափակելու անկախ լրատվամիջոցների գործունեությունն Ադրբեջանում, հիմնվել է 2021 թվականին։ Իլհամ Ալիևի հրամանով՝ գործակալությունը հանձն է առել մշակել «Մեդիայի մասին» օրենք, որը 2021 թվականի դեկտեմբերին հաստատել է Ադրբեջանի խորհրդարանը, իսկ 2022 թվականի փետրվարին՝ երկրի նախագահը։ Այդ օրենքի ընդունմամբ՝ լրագրողների նկատմամբ հետապնդումներն էլ ավելի ուժեղացան։
Ադրբեջանում այս օրենքը հաստատել են շատ արագ ու սահմանված կարգով՝ առանց նախօրոք հանրայնացնելու։ Սա Ադրբեջանի իշխանություններին հնարավորություն է տալիս վերահսկելու ոչ միայն լրատվակայքերի ու լրագրողների գործունեությունն, այլև՝ բլոգերներին, յութուբյան ալիքների ադմիններին (կարգադրիչներին), բոլոր նրանց, ովքեր հանրային բովանդակություն են ստեղծում։
Այսպես՝ ըստ օրենքի՝ Ադրբեջանում ստեղծվել է զանգվածային լրատվամիջոցների ընդհանուր գրանցամատյան, որտեղ գրանցվելով, լրատվամիջոցը պետք է տրամադրի հիմնադրի, խմբագիրների և լրագրողների տվյալները։ Գրանցվել, լրատվամիջոց հիմնել չեն կարող նրանք, ովքեր չունեն բարձրագույն կրթություն, անաշխատունակ են, չեն բնակվում Ադրբեջանում և այդ երկրի քաղաքացի չեն, նախկինում ունեցել են դատվածություն։ Օրենքի վերջին կետով Ադրբեջանի իշխանությունները փաստացի փորձում են ավելի սահմանափակել այն լրագրողների գործունեությունը, ովքեր աչքի են ընկել իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությամբ, նրանց հանցանքների բացահայտմամբ՝ դրանով իսկ ենթարկվելով բանտարակությունների։
Բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն գրանցվում ԶԼՄ-ների գրանցամատյանում, չեն ստանում արտոնագիր, չեն համարվում լրատվամիջոց, իսկ նրանց աշխատակիցները՝ լրագրողներ։ Սա իր հերթին նոր արգելափակումներ, տեղեկատվության հասանելիության ու տարածման սահմանափակումներ է ստեղծում։ 2024 թվականին «Մեդիայի զարգացման գործակալություն»-ը դատարան է դիմել՝ մի շարք կայքեր արգելափակելու հայցերով, քանի որ այդ կայքերը գրանցում չեն անցել։ Եթե չկա հավաստագիր, տվյալ անձը չի կարող մասնակցել պետական միջոցառումներին, մամուլի ասուլիսներին, նրանց կարող են թույլ չտալ փողոցներում հարցումներ անցկացնել կամ ակցիաներ լուսաբանել։ Սա իր հերթին ոչ միայն խնդիրներ է ստեղծում համացանցային պաշարների համար, այլև ադրբեջանական այն լրատվամիջոցների, որոնք գործում են Ադրբեջանից դուրս (օրինակ՝ «Meydan TV»-ին )։
Ի դեպ, պետական գրանցումը՝ որպես վերահսկողության միջոց կիառելն, Ադրբեջանում ընդունված գործելաոճ է։ Նույնը իշխանությունները կիրառում են նաև կրոնական համայքների դեպքում․ չգրանցվածները համարվում են անօրինական։
Գրանցամատյանում գրանցվելը միակ խնդիրը չէ: Ըստ օրենքի՝ լրագրող է համարվում այն անձը, «որը քաղիրավական կամ աշխատանքային պայմանագրով գործունեություն է ծավալում լրատվամիջոցում, և որի հիմնական գործունեությունն է եկամուտ ստանալու նպատակով տեղեկատվության շարունակական հավաքագրումը, պատրաստումը, խմբագրումն ու արտադրումը, փոխանցումը, ինչպես նաև կարծիքի արտահայտումը (մեկնաբանությունը)»: Սա իր հերթին նշանակում է, որ լրագրող համարվելու համար անձը պարտավորվում է ունենալ պայմանագիր, այսինքն՝ սահմանափակվում է ազատ լրագրողական գործունեությունը:
«Ես այլևս չեմ կարողանա հանգիստ աշխատել: Ենթադրենք, եթե ես ինչ-որ գործողություն եմ լուսաբանում (դա արդեն իսկ դժվար էր. ոստիկանությունը խոչընդոտում էր), իսկ այս օրենքի նախագիծը, փաստացի, ոստիկանությանն օրինական հիմքեր է տալիս՝ ինձ ծեծելու և տեսախցիկս կոտրելու»,- անհանգստություն է հայտնել լրագրող Ֆաթիմա Մովլամլըն:
Մյուս կողմից՝ առցանց հարթակների համար ստեղծվել են նաև հավելյալ սահմանափակումներ: Օրինակ՝ այն հարթակը, որտեղ օրական 20-ից պակաս նյութ է հրապարակվելու, չի համարվելու գործող առցանց լրատվամիջոց ։
Ընդդիմադիր «Թուրան» կայքի ղեկավար Մեհման Ալիևի խոսքով՝ մեդիայի նկատմամբ վերահսկողության հաստատման գործընթացն Ադրբեջանի իշխանություններն ավարտել են դեռ 10 տարի առաջ, սակայն այդ պայմաններում ադրբեջանական քաղհասարակությունը՝ որպես արտահայտվելու միջոց, սկսել էր օգտագործել սոցցանցերը, ինչն էլ հիմա սահմանափակում են նոր օրենքի ընդունմամբ։
«Օրենքը պետությանն է հանձնում կարգավորող կարևոր բոլոր մեխանիզմներն՝ սկսած սահմանելուց, թե ով կարող է զբաղվել օրինական լրագրությամբ՝ մինչև գործադիր մարմինների կողմից առցանց լրատվամիջոցների արտոնագրերի տրամադրումը: Առցանց լրատվամիջոցների համար արտոնագիր պահանջելը հակասում է ինտերնետի ազատությանը»,- օրենքի առնչությամբ ընդգծել է Մեհման Ալիևը:
Օրենքը նաև նոր խոչընդոտներ է ստեղծում նրանց համար, ովքեր հետաքննական լրագրությամբ են զբաղվում: Օրինակ՝ արգելվում են նաև գաղտնի նկահարահանումները: Նման նյութերն օգտագործել թույլատրվում է այն դեպքերում, եթե անձն, ում նկատմամբ կատարվել է գաղտնի ձայնագրությունը կամ լուսանկարահանումը, գրավոր համաձայնություն է տվել՝ այդ նյութերն օգտագործելու կամ տարածելու, կամ եթե կա դատարանի թույլտվությունը: Այս կերպ իշխանություններն իրենց ապահովագրում են նաև ընտրություններում՝ թույլ չտալու ընտրակեղծիքների բացահայտումը:
«Մեկ անգամ չէ, որ ես դրոնով նկարել եմ պաշտոնյաների առանձնատները: Ինձ պարբերաբար ոստիկանություն են տարել ու մեղադրել, որ ես «քաղաքացու անձնական տարածք եմ ներխուժում»: Հիմա օրենքով, փաստացի, արգելում են գաղտնի նկարահանումները: Դժվարանալու են նաև ընտրախախտումների լուսաբանումները: Այժմ անհնար է դառնալու օրենքը խախտող անձի լուսանկարներ, տեսանյութեր կամ ձայնագրություններ տարածելը, քանի որ գաղտնի նկարահանումներն արգելված են։ Նախ՝ լրագրողը պատասխանատվության կենթարկվի օրենքը խախտելու համար, երկրորդ՝ պետական կառույցները դա ապացույց չեն համարի, քանի որ ձայնագրություն
ն արվել է գաղտնի»,- այս առնչությամբ հայտարարել է ընդդիմադիր հայտնի լրագրող Մեհման Հուսեյնովը:
2014 թվականից լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների համար Ադրբեջանում խստորեն սահմանափակել են նաև արտաքին ֆինանսավորում ստանալու հնարավարությունները, իսկ նոր օրենքն, առհասարակ, արգելում է արտաքին ֆինանսավորում ստանալ, եթե այդ ֆինանսավորումն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի հանդիսանում լրատվամիջոցի ղեկավարներից կամ անդամներից մեկը։ Այս կետի հիման վրա՝ հետագայում լրագրողների նկատմամբ որս են սկսել Ադրբեջանում՝ նրանց մեղադրելով մաքսանենգության մեջ (թեմային մանրամասն անդրադարձել ենք Մամուլի ազատությունն Ադրբեջանում․ մաս 2 )։
Մեդիափորձագետ Ալեսկեր Մամեդլիի բնորոշմամբ՝ այս փաստաթուղթն իշխանությունների ձեռքին հաղթաթուղթ է, որը նրանք կօգտագործեն անկախ լրատվամիջոցների դեմ, երբ նրանց ինչ-որ բան դուր չգա։ Եվ եթե նախկինում լրագրողների նկատմամբ բռնաճնշումները պետք է ինչ-որ կերպ քողարկվեին, ապա այժմ օրենսդրությունն ինքնին նման բռնաճնշումների համար նոր հնարավորություններ կբացի:
Ի վերջո, Ադրբեջանում այս օրենքի ընդունումը խախտում է միջազգային մի շարք նորմեր, և թեև բազմաթիվ կազմակերպություններ Ադրբեջանին կոչ էին արել չընդունել օրենքը, սակայն Բաքվում ոչ միայն ընդունել, այլև, փաստացի, արդեն դրա հիման վրա մի շարք հետապնդումներ են իրականացրել: