Image

Շուշին և ադրբեջանական քարոզչությունը Եգիպտոսում

Պետական քարոզչությամբ Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների և այնտեղ մնացած հայկական ժառանգության վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածել՝ տարբեր միջոցների կիրառմամբ։ Վերջերս Եգիպտոսի և առհասարակ արաբական աշխարհի ամենահեղինակավոր ԶԼՄ-ներից մեկում՝ «Ալ-Ահրամ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համացանցային հարթակում, լույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ», «Արվեստի կովկասյան տաճար», «ադրբեջանական երաժշտական ինստիտուտ» և այլ անվանումներ։ Արաբերեն հոդվածում նշված է, որ այժմ «շուշեցիները» զբաղված են քաղաքի տեսքը վերականգնելով այնպես, ինչպես մինչ պատերազմն էր։

Հոդվածի սկզբում արցախյան հիմնախնդիրը ձևախեղված կերպով ներկայացվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն, սակայն դա ի սկզբանե Արցախի հայերի ազատ ինքնորոշման համար պայքար էր։

Հոդվածագիրը, խոսելով Շուշիում մուսուլմանների ներկայության մասին, մոռացության է տալիս քաղաքի հիմնական բնակչության՝ հայերի գոյությունը։ Շուշին առաջին հերթին եղել է հայկական, քրիստոնեական մշակութային կենտրոն։ Այդ մասին են վկայում Շուշիի հայկական եկեղեցիներըպատմական գերեզմանոցը, որոնք 2020 թվականի պատերազմի ընթացքում նպատակային թիրախավորվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից, իսկ քաղաքի բռնագրավումից հետո վանդալիզմի են ենթարկվում և ոչնչացվում։

Քաղաքում հայերի ներկայության մասին, հայկական և այլ աղբյուրներից բացի, խոսում են նաև ռուսական աղբյուրները։ Ըստ դրանց՝ 1916 թվականի դրությամբ Շուշիում ապրում էին 23916 հայ, որը կազմում էր քաղաքի բնակչության կեսից ավելին: 1920 թվականի մարտին Ադրբեջանի իշխանությունները կազմակերպում են Շուշիի հայ բնակչության սոսկալի կոտորած, որի հետևանքով քաղաքն ավերակների է վերածվում․ սպանվում են հազարավոր հայեր։

Հետաքրքիր է, որ հոդվածում ներկայացվում են թյուրքախոս, մուսուլման մի շարք գործիչներ, սակայն տեղեկություն չի ներկայացվում Խոսրով բեկ Սուլթանովի մասին։ Հարկ է նշել, որ այդ անձնավորությունը 1920 թվականին եղել է Ադրբեջանի կողմից նշանակված Ղարաբաղի և Զանգեզուրի ժամանակավոր գեներալ-նահանգապետ և կազմակերպել Շուշիի և Արցախի այլ վայրերի հայության կոտորածները։ Ահա այս «հետաքրքիր» դրվագն ալիևյան ռեժիմն ու հոդվածագիրը, չգիտես ինչու, չեն ցանկանում հիշել։

Բաքուն մի կողմից Շուշին հայտարարում է իսլամական մշակութային մայրաքաղաք, իսկ մյուս կողմից շատ սերտ, բարիդրացիական, դաշնակցային հարաբերությունների մեջ է Գազայի հատվածում մուսուլմանների կոտորած իրականացնող, մզկիթներ ավերող Իսրայելի հետ։ 

Հոդվածագիրը հիշատակում է նաև Գոհար տիկնոջ մզկիթի մասին, սակայն ոչ մի խոսք 2009 թվականին Արցախի Հանրապետության իշխանությունների նախաձեռնությամբ այն վերականգնելու վերաբերյալ։ Չի նշվում նաև, որ հայ ժողովուրդը ոչ միայն պահպանել է քրիստոնեական ժառանգությունն, այլև պետական հոգածություն է դրսևորել մուսուլմանական ժառանգության նկատմամբ․ վառ ապացույցը հենց Գոհար տիկնոջ մզկիթի վերականգնումն է։

Փաստորեն, հոդվածագիրն իր առջև խնդիր է դրել ներկայացնել միակողմանի և կեղծված տեղեկատվություն, Շուշին զրկել հայկական ինքնությունից, ինչն Ադրբեջանի պետական նպատակային քաղաքականությունն է՝ սկսած Արցախյան 44-օրյա պատերազմից և Շուշիի գրավումից հետո։ Քաղաքի ապահայկականացման քաղաքականությունը ներառում է նաև միջազգային գիտաժողովների, մշակութային միջոցառումների և փառատոների կազմակերպում և նմանատիպ հոդվածների պատվիրում։ 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կոչ է անում լրագրողներին և հետազոտողներին զերծ մնալ միակողմանի, ոչ օբյեկտիվ և ալիևյան ռեժիմի կողմից հրամցվող կեղծ տեղեկատվության տարածումից։  

https://geghard-saf.am/

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։