COP29-ը և Բաքվի ցինիզմը
Ծաղրանկար Գյունդուզ Աղաևից․ «Ինչպես տեսնում եք, նախորդ տարի Ադրբեջանի ոստիկանությունն այս տարածքներում էկոլոգիայի համար պայքար էր մղում»
2024 թվականի նոյեմբերի 11-12-ը Ադրբեջանում անցկացվելու է ՄԱԿ-ի՝ Կլիմայական փոփոխությունների ամենամյա համաժողովը (COP29)։ Թվում է, թե նման խորագրով և այն էլ ՄԱԿ-ի համաժողովի անցկացման համար Բաքուն ամենավերջին տարբերակը պետք է լիներ։
Էկոլոգիական-բնապահպանական խնդիրներով «մտահոգված» Ադրբեջանի մասին իրականությունն են ներկայացնում այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ ամենավառ օրինակներից մեկը Սոյուդլուի դեպքերն են։
Գետաբեկի շրջանի գյուղերից է Սոյուդլուն, որտեղ Լոնդոնում տեղակայված «Anglo Asian Mining» ընկերությունը 12 տարի առաջ պոչամբար էր կառուցել և ոսկու հանք է շահագործում։ 2023 թվականին հայտնի էր դարձել, որ ընկերությունը նախատեսում է կառուցել երկրորդ պոչամբարը։ Ընդդեմ այդ ամենի՝ 2023 թվականի հունիսի 20-ին գյուղի բնակիչներն ակցիա էին նախաձեռնել։ «Ապագա սերունդը հիվանդ է մեծանում», «Գետաբեկը, Շամքորը, Թովուզը, Ղազախը, Գանձակը, Գորանբոյն, անգամ՝ Բաքուն վտանգված են», «Բնության ձայնը դուրս չի գալիս, քանի որ բնությունը մեռնում է», «Սա ամբողջ ազգի պայքարն է, միայն Գետաբեկինը չէ» գրությամբ պաստառներով գյուղի բնակիչները դժգոհում էին հանքի շահագործման դեմ։
Պոչամբար արտանետվող թունավոր նյութերը տարածքում էկոլոգիական լուրջ խնդիրներ են ստեղծել՝ բնակիչների շրջանում մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալով։ «Երեխաները հիվանդ են ծնվում․ բուժելու հնարավորություն չկա։ Մեր բոլոր ծառերը չորացել են, մենք թույն ենք շնչում»,- դժգոհել են գյուղացիները։ Բացի այդ՝ նոր պոչամաբարը կառուցվելու է գյուղի արոտավայրերի տարածքում, ինչն անասնապահությամբ զբաղվելու համար խնդիրներ է ստեղծելու։
Ցույցը, սակայն, ավարտվել է բնակիչների՝ հատկապես տարեցների դեմ բիրտ ուժի, այդ թվում՝ ռետինե մահակների, արցունքաբեր գազի կիրառմամբ։ «Մենք ահաբեկի՞չ ենք, ի՞նչ ենք։ Ուրիշ երկրներում նման բան ոչ հեռուստացույցով ենք տեսել, ոչ ուրիշ տեղ ենք լսել»,-ուժայիններիի բռնությունների մասին են արտահայտվել գյուղացիները։
Ակցիայի ընթացքում ձերբակալել են նաև 7 մարդու, իսկ մեկ տարեց կնոջ տուգանել են 1500 մանաթով (շուրջ 900 ԱՄՆ դոլար), մյուսներին՝ 20 օրվա վարչական կալանքի ենթարկել։ Ցույցը շարունակվել է նաև հաջորդ օրը, սակայն ոստիկանական բռնությունները նոր թափ են ստացել․ ոստիկաններն այնուհետև շրջափակել են գյուղը՝ արգելելով ելումուտը։ «Հեռախոսով խոսել հնարավոր չէ, գյուղից դուրս գալ էլ չեն թույլատրում։ Եթե հնարավորություն ունենայինք, կգնայինք մեր բողոքի ձայնը Բաքվում կբարձրացնեինք, մեր ցավը կասեինք։ Ի՞նչ ենք արել, որ մեզ փակված են պահում, յուրաքանչյուր 100 մետրի վրա 2 ոստիկան են տեղակայել գյուղում»,- հայտարարել է գյուղացիներից մեկը։
Ոստիկանական բռնություններն այնքան են սաստկացել, որ բնակիչներից շատերն այլևս չեն արտահայտել իրենց դժգոհությունը՝ վախենալով, որ իրենց երեխաներին կարող են բանտարկել թմրանյութերի շրջանառության ապօրինի մեղադրանքով։
Գյուղում տեղի ունեցածը թաքցնելու համար իշխանությունները նաև արգելել են անկախ լրագրողների մուտքը գյուղ, իսկ այն լրագրողները, ովքեր կարողացել են հունիսի 20-ին և 21-ին լուսաբանել ակցիաները, նրանց ձերբակալել են։ Լրագրող Էլմմադին Շամիլզադեին ստիպել են ջնջել տեսանյութերը, որտեղ պատկերվել է, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում գյուղի բնակիչների նկատմամբ։ Ձերբակալությունների ալիքն ընդգրկել է նաև ավելի լայն շրջանակ։ Դրամաշորթման մեղադրանքով Գետաբեկի շրջանից ձերբակալել են ոստիկանների գործողությունները քննադատող նախկին պատգամավորի, իսկ ակցիաների պաստառները պատրաստողին 3 տարվա ազատազրկման են ենթարկել։
Սոյուդլուի դեպքերից հետո Ադրբեջանի իշխանությունները հանքի գործունեության հետևանքների ուսումնասիրման իմիտացիա են ստեղծել՝ ժամականավորապես փակելով հանքը։ Շատ կարճ ժամանակ անց հանքը վերսկսել է իր գործունեությունը, ու հայտնի է դարձել, որ իշխանությունները համաձայնել են երկրորդ պոչամբարը կառուցելու համար համապատասխան տարածք տրամադրել։ Առավել ուշագրավն այն է, որ ըստ «Forbidden Stories»-ի լրագրողների հետաքննության՝ «Anglo Asian Mining» ընկերության գործադիր տնօրենը Իլհամ Ալիևի մտերիմ ընկերն է, և հանքի շահագործումից հավասարապես շահույթ է ստանում նաև Ադրբեջանի կառավարությունը։ Բացի այդ՝ ընկերությունը պայմանագրեր է կնքել Ալիևի աներոջ և դուստրերի տնօրինած «Փաշա» բանկի հետ։ Ընդ որում՝ դեռևս տարիներ առաջ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ»-ը՝ «OCCRP»-ն, բացահայտել էր երկրում ոսկու հանքերի շահագործման բիզնեսում ալիևյան ընտանիքի ներգրավված լինելը։
Ստացվում է, որ ալիևյան ընտանիքը սեփական շահույթն ապահովելու համար բիրտ ուժ է կիրառում իր իսկ ժողովրդի նկատմամբ, սպառնալիքներով լռեցնում նրանց։ Արդյունքում՝ հանքն այսօր շարունակում է իր բնականոն գործունեությունն՝ առաջիկայում նախատեսելով ընդլայնել պոչամբարը։ Իսկ Սոյուդլուի բնակիչները շարունակում են ապրել աղտոտված օդի ու սոցիալ-տնտեսական ծանր և վատթարացող պայմաններում։ Ադրբեջանի ոսկու 43 %-ն արդյունահանվում է Գետաբեկի շրջանի հանքերից, սակայն իրականում վերջինս երկրի ամենաաղքատ շրջաններից է համարվում, որտեղ սահմանափակ է անգամ բնակիչների հասանելիությունը բնական գազին, խմելու ջրին և կոմունալ այլ ծառայություններին։
Նման պայմաններում Բաքվում COP29-ի անցկացումն Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հերթական դրսևորումներից մեկն է միայն։
Ծաղրանկարը Գյունդուզ Աղաևի