Բաքվի հայատյաց քաղաականությունը լեգիտիմացնող քայլերը
Գրեթե մեկ շաբաթ շարունակ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղակատվություն է տարածում, հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Հերթական ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական աղմուկ ապահովելը նորություն չէ, թիրախն այս դեպքում Հայաստանի արեւելյան ուղղությունն է։ Թշնամին «խաղաղություն» պարտադրողի դիրքերից նախապատրաստվում է նոր դիրքեր եւ ռազմավարական նշանակության դիրքեր գրավել։
Հանրության շրջանում արդարացի հարց է առաջանում, կամ առնվազն պետք է նման հարց առաջանա՝ մինչեւ երբ է շարունակվելու այս ամենը։ Պատասխանն ակնհայտ է, այնքան ժամանակ, քանի դեռ համարժեք պատասխան չի ստացել ռազմական, ինչպես նաեւ դիվանագիտական-քաղաքական, իրավական հարթություններում։ Ցանկացած տեսակի ստորացմանն ու նսեմացմանն ընտելացած հանրային շերտը կարձագանքի, թե ինչպես կարող ենք պատասխան տալ «ուժեղ» թշնամուն, եթե մենք «թույլ» ենք, «պարտված»։ Այնինչ այստեղ էլ լուծումն ակնհայտ է․ հայկական բանակը, հայ զինվորն ի զորու է հակահարված տալ, միակ պայմանը նպատակային եւ հայրենատեր կառավարման ապահովումն է։ Հայաստանի իշխանությունների կողմից անտեսվում է գործընկեր, դաշնակից, բարեկամ երկրների հետ համապատասխան աշխատանքների իրականացումը։ Հայաստանն այս տարվա հունվարին հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց, եւ դա այն պարագայում, երբ Թուրքիան, Ադրբեջանը եւ եւս 6 երկիր Կարսում՝ մեր սահմանի անմիջական հարեւանությամբ մեծ զորավարժություններ են անում։ Ավելին, մարտին հայտարարվեց, որ Հայաստանը հրաժարվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Հետպատերազմյան տարիների ընթացքում քայլեր չեն իրականացվել Իրանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, ինչը դրական կարող էր անդրադառնալ սահմանային անվտանգության ամրապնդման համար։ Պարտադիր չէր, որ ռազմական ոլորտում համագործակցությունը սահմանափակվեր միայն տարածաշրջանային ձեւաչափով, օրինակ՝ շահերի եւ հետաքրքրությունների համընկնումն առիթ է դարձել, որպեսզի այս տարվա ապրիլին Հունաստանն ու Հնդկաստանը Միջերկրական ծովի երկնքում լայնածավալ ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնեն։ Օրինակները բազմաթիվ են։ Սեփական երկրի անվտանգությամբ մտահոգ իշխանությունները փնտրում եւ գտնում են այն ձեւաչափերը եւ հարթակները, որոնք կարող են նպաստել անվտանգային միջավայրի կայունացմանը եւ ուժեղացմանը։ Այնուամենայնիվ պետք է շեշտենք, որ անվտանգային խնդիրները լուծվում են բացառապես սեփական ոււժերով, իսկ ցանկացած արտաքին աջակցություն միայն ամրապնդում է եղածը։
Դիվանագիտական-քաղաքական եւ իրավական ուղղություններով եւս չի իրականացվում հայկական շահը պաշտպանող քաղաքականություն։ «Խաղաղության դարաշրջան» բացելու համար նախ պաշտոնական Բաքուն պետք է պատասխանատվություն կրի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում կատարած ռազմական հանցագործությունների համար։ Իսկ ինչ է անում հայկական կողմը, հանդես է գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք լեգիտիմացնում են Բաքվի շարունակցվող հայատյաց քաղաքականությունը։ Դրան հակառակ հայաստանյան իշխանությունները կարող էին օգտագործել ինչպես Հայաստանի եւ Արցախի հանդեպ տարվող ագրեսիվ, ցեղասպանական գործողություններն ու քաղաքականությունը, այնպես էլ՝ ատելության քարոզը, որպեսզի միջազգային հանրության մոտ ձեւավորվեր եւ բյուրեցանար Բաքվի իրական՝ ցեղասպան պետության կերպարը։ Հայաստանը կարող էր պատասխանատվության կանչել Արցախի շրջափակումն իրականացնելու համար, քանի ճանապարհ փակելը, սննդի մատակարարումը խախտելը, դեղորայքի մատակարարումը դադարեցնելը եւ բարբարոսական էությանը հարիր ձեւերով ժողովրդին շրջափակման մեջ պահելը համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայի ցեղասպանության հանցակազմի տարրերին, մասնավորապես՝ որեւէ խմբի համար միտումնավոր այնպիսի պայմաններ ստեղծելը, որոնք միտված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։ Հայաստանի իշխանություններն այսօր պետք է «ծեծեին» բոլոր միջազգային հարթակների դռները, այլ ոչ թե լռեին սեփական ժողովրդի դահճի առջեւ։
Եվ բոլորովին տեղին չէ մեղավորներ փնտրել դրսում, այս կամ այն երկրի, քաղաքական կամ պետական գործչի կերպարում, երբ պետությունն ինքը պատասխանատվություն չի ստանձնում։