Image

Բանակցային պայմանավորվածությունները չեղարկելու՝ Բաքվի վտանգավոր վարքագիծը

Ադրբեջանական հերթական դեմարշը Մոսկվային

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքներն ընթանում են բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ՝ սակայն վերջինիս տրամաբանության ներքո: Տեղի ունեցող բանակցությունների, այդ թվում նաև բարձրագույն մակարդակով կողմերի հանդիպումների ժամանակ անխուսափելիորեն քննարկվում է նաև այդ կետը և ձեռք են բերվում որոշակի բանավոր պայմանավորվածություններ: Տխուր ավանդույթի համաձայն՝ պաշտոնական Բաքուն դրանց մի մասը հետագայում չեղարկում է իր գործողություններով և քողարկված ակնարկներով, իսկ վերջին դեպքում արդեն իր արտաքին գերատեսչության մակարդակով տարածած հայտարարության միջոցով այն արեց:

Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպումից հետո Մոլդովային հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր մոտ տպավորություն կա, որ կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1975 թվականի Խորհրդային միության ԳՇ քարտեզներով: Քիշնևի հանդիպումից 4 օր անց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերով կրկնեց այդ նույն միտքը, իսկ հաջորդ օրը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովների նիստում 2022թ. բյուջեի կատարողականի՝ արտաքին ոլորտը ներկայացնելիս որոշ փակագծեր բացեց Փաշինյան-Ալիև հանդիպումից՝ ասելով, որ դրա ընթացքում Ալիևն ասել է, որ դեմ չէ սահմանագծումն 1995 թվականի քարտեզներով իրականացնելուն:

Այն ժամանակ, երբ ՀՀ ԱԳ նախարարը ԱԺ-ում զեկուցում էր բյուջեի կատարողականը և անդրադառնում նաև սահմանագծման հարցին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն, որով ժխտեց, որ որևէ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 1995 թվականի քարտեզներն հիմք ընդունելու վերաբերյալ:  Բաքվի նման գործելաոճը նորություն չէ, սակայն այս վերջին դեպքն ուղեկցվում է բազմաթիվ հակասություններով և վտանգավոր ուղերձներով:

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանագծումն իրականացնել փոխադարձ համաձայնության հիման վրա՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչմամբ, ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի հռչակագրի հիման վար: Գերատեսչությունը նաև նշում է, որ սահմանազատումը իրականացվելու է միջազգային պրակտիկայի հիման վրա բոլոր իրավական փաստաթղթերի վերլուծությամբ ու դիտարկմամբ:

Հայտարարության մեջ առկա հիմնական հակասությունն այն է, որ փաստորեն Բաքուն 1975 թվականի քարտեզը իրավական փաստաթուղթ չի համարել, կամ չի ցանկանում այն դիտարկել որպես միակը: Եթե Ադրբեջանը ցանկանում է բոլոր իրավական փաստաթղթերը դիտարկել, ապա իրավական ուժ ունեցողները Խորհրդային միության ժամանակ եղածներն են, որոնք քարտեզագրվել են 1926 թվականից և որոնցում Հայաստանի և Արցախի տարածքները շատ ավելին են քան 1975 թվականի քարտեզում է գծված: Եթե Ադրբեջանն ակնարկում է մինչխորհրդային տարիների՝ անկախ Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները, ապա դրանք այն ժամանակվա ՄԱԿ-ի իրավանախորդը՝ Ազգերի լիգան չի հաստատել, հետևաբար որպես իրավական ուժ ունեցող փաստարկ դրանց օգտագործումը նոր հարցերի փնջի առաջացման պատճառ կարող են միայն դառնալ:

Նաքվից տարածված վերջին հայտարարության վտանգավոր կողմն այն է, որ դրանով հերթական անգամ փորձ է արվում դանդաղեցնել տարածաշրջանում կարգավորման գործընթացները, իսկ եթե դրանք դանդաղում են, ապա մեծանում է ապակայունացման ռիսկերը: Նման անտրամաբանական և երբեմն հակասական քայլերով ադրբեջանական ղեկավարությունը փորձում է տարածաշրջանում պահպանել և ավելացնել անորոշ վիճակը՝ սպասելով իր համար նախընտրելի ինչ-որ այլ զարգացումների՝ որոնք չեն կարող խոսել կարգավորման խաղաղ տարբերակի հեռանկարի մասին: Մյուս կողմից Բաքուն բացահայտ դեմարշ է անում ՌԴ-ի միջնորդական ջանքերի ուղղությամբ, քանի որ Խորհրդային Միության Գլխավոր Շտաբի քարտեզների վրա սահմանագծումն իրականացնելու առաջարկի հեղինակը և առաջ տանողը Մոսկվան է: Դատելով նման իրավիճակներում ՌԴ-ի գործելաոճից, այս անգամ էլ վերջինս կուլ կտա Բաքվից իրեն ուղղած կոպիտ ժեստը:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։