Վաշինգտոնյան հանդիպման հետաձգման հետևում ո՞ւմ ականջներն են երևում
Ուժի սպառնալիքի գործիքի կիրառում՝ չեղարկված հանդիպումից առաջ
Օկուպացված Բերձորից Բաքվի առաջնորդի հնչեցրած վերջին ապակառուցողական հայտարարություններից հետո ՀՀ սահմանի երկայնքով և Արցախի հանրապետության շփման գծի գրեթե բոլոր տեղամասերում կտրուկ ավելացան ադրբեջանական զինված ուժերի նախաձռնած հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի թիվը: Արցախի և Ադրբեջանի շփման գծի գրեթե բոլոր հատվածներում մեկ օրվա ընթացքում արձանագրվում են կրակոցներ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների հեղինակությամբ:
Դրանք այն սպառնալիքների գործնական փուլի իմիտացիան է, որոնք Ալիևը հնչեցրեց Արցախի հանրապետության ժողովրդի, և ժողովրդավարության բոլոր չափանիշներին համապատասխան ընտրված օրինական իշխանությունների հասցեին: Պաշտոնական Բաքուն արդեն ցուցադրաբար նաև անտեսում է այն փաստը, որ Արցախում է գտնվում ռուսական խաղաղապահ զորխումբը, որի առաքելությունն է ապահովել հրադադարի ռեժիմի պահպանումը և արցախցիների անվտանգությունը:
Հայկական կողմերի և ադրբեջանի սահմանին արձանագրվող լարվածության մակարդակի աճի ֆոնին հայտնի է դառնում, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հունիսին Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Ուշագրավ է, որ այդ տեղեկատվության տարածումից ընդամենը մեկ օր առաջ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը միջազգային հարթակներից մեկու հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Վերջինս կրկին խոսել է ադրբեջանական պայմանների մասին, որոնց բավարարումը կնպաստեր պայմանագրի ստորագրմանը:
Հանդիպումը չեղարկելու վերաբերյալ տարածված տեղեկատվությունից պարզ չէ, թե այն ո՞ր կողմի նախաձռնությունն է, սակայան սահմանային իրավիճակի լարումը և մեկ օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարի ցուցաբերած ակնհայտ շտապողականությունը թույլ են տալիս ենթադրելու, որ վեջինս կրկին հերթական բանակցային փուլից առաջ օրակարգ են բերել անիրատեսական առաջարկներ, որոնց՝ առաջիկա հանդիպմանը հայկական կողմի մերժումն անխուսափելի կլիներ: հետևաբար, Վաշինգտոնյան հանդիպումը կարող էր չավազանց անարդյունավետ լինել, ինչն էլ հանդիպման հետաձգման պատճառ կարող է հանդիսանալ:
Բանակցության հերթական փուլը հետաձգելու մյուս պատճառը կարող է լինել Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Ունենալով անմիջական ազդեցություն և հետաքրքրություն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա՝ նախընտրական փուլում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը կարող էր այլ լինել՝ հենց խոստումների մակարդակով, և լրիվ այլ՝ արդեն Էրդողանի վերընտրվելու իրաղության պայմաններում: Աչքի առաջ ունենալով փաստը, որ բանակցային յուրաքանչյուր փուլից հետ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը զանգով հաշվետու էր լինում իրենց թուրք գործընկերներին, չի բացառվում, որ Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հետաձգումը թյուրքական պետությունների դիրքորոշումները վերախմբագրելու նպատակով ժամանակ ապահովելու միտում ունեին:
Իսկ սահմանային իրավիճակի լարումն այս դեպում արդեն ավանադույթ դարձած ադրբեջանական գործելաոճին համահունչ է, ըստ որի՝ բանակցություններից առաջ այն որպես ճնշման միջոց է կիրառվում: Մյուս կողմից էլ հավանականությունը մեծ է, որ նաև ՌԴ-ի տրամադրությունները շոշափելու և հետախուզելու նպատակ է հետապնդում Արցախում արձանագրվող աննախադեպ թվով հրադադարի խախտման դեպերը: ՌԴ արձագանքից է կախված Ադրբեջանի հետագա սանձարձակությունը և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության շարունակությունը: Մի բան միանշանակ է՝ արցախյան բոլոր ճակատամարտերը փաստել են, որ ուժի կիրառման սպառնալիքը, առավել ևս կիրառումը չի կարող ազդել արցախցիների որոշումների վրա, առավելագույնը կարող է հանգեցնել նրանց համարժեք արձագանքին, իսկ Հայաստանի դեպքում կարող է միայն խոչընդոտ հանդիսանալ համաձայնությունների ձեռքբերման համար: