Image

Արցախի անվտանգությունը գետնի վրա և հայտարարությունների մակարդակում

Ստեփանակերտը Մոսկվային հիշեցնում է միասնական ռազմավարական շահերի մասին

 

Կես տարուց ավել Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ պահելու՝ Ադրբեջանի ծայրահեղ վտանգավոր և աղետալի հետևանքներով երևույթը համառորեն անտեսում են միջնորդ երկրների մայրաքաղաքները և միջազգային կառույցների կենտրոնները: Վերջիններս փորձում են աչք փակել կամ մոռացության մատնել հումանիտար ճգնաժամ հրահրած ադրբեջանական վտանգավոր, պատերազմական իրավիճակներին բնորոշ գործողությունները, այն դեպքում, երբ իրականում ոչինչ չի փոխվել բլոկադայի հարցում: Արցախի 120 հազար բնակիչը այսօր մնացել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հույսին, որոնք ապահովում են միայն առաջին անհրաժեշտության սննդամթերքի, դեղամիջոցների և ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը:

Հումանիտար իրավիճակն այնպես է բարդացել, որ Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետով ժամանակ առ աժամանակ ստիպված են լինում անցնել Արցախի քաղաքացիները՝ հանրապետության այլ բնակավայրեր, կամ Հայաստան հասնելու համար: Միջազգային կառույցներն Արցախն ապաշրջափակելու հարցում ի վիճակի չեղան որևէ կերպ ազդել Ադրբեջանի վրա:

Ստեղծված բարդ իրավիճակում Արցախի ժողովրդի միակ հույսը մնացել է Ռուսաստանը՝ ի դեմս Արցախում գտնվող ռուս խաղաղապահների և արցախցիները հնարավոր բոլոր առիթներն օգտագործում են՝ Ռուսաստանին հիշեցնելու դարավոր բարեկամության և հետպատերազմյա տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունն ապահովելու նրա՝ միակ երաշխավորի կարգավիճակի և առաքելույան մասին: Արցախցու համար այլևս պարզ է, որ  նույնիսկ ՄԱԿ ամենաբարձր մակարդակով արված հորդորները և Արդարադատության միջազգային բարձրագույն դատարանի որոշումները որևէ ազդեցություն չեն ունենում Բաքվի վրա,  շարունակում են անտեսվել նրա կողմից: Այս դեպքում ակնհայտ է դառնում, որ  հողի վրա Բաքվի գործողությունների վրա կարող է ազդել միայն ՌԴ-ն:

 Թերևս այս հանգամանքով է բացատրվում փաստը, որ ՌԴ ինքնիշխանության օրվա կապակցությամբ Արցախի նախագահի շնորհավորական ուղերձի գերակշռող հարտվածը վերաբերում էր Արցախում տիրող ծան իրավիճակին և ՌԴ առաքելության հիշատակմանը:

Արայիկ Հարությունյանն իր շնորհավորական ուղերձում մասնավորապես արձանագրել է. «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դերակատարությունը 2020թ. արյունահեղության կասեցման և Արցախում հետագա նոր լայնածավալ ագրեսիաների ու ողբերգությունների կանխման հարցում: Արցախի ժողովուրդը սրտաբաց է ընդունել ռուս խաղաղապահների առաքելությունը՝ նրանց մեջ տեսնելով սեփական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու ամուր երաշխիքներ: Այժմ, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում է փլուզելու Արցախի և տարածաշրջանի անվտանգության փխրուն ճարտարապետությունը և ՌԴ երաշխիքները՝ Արցախի շարունակվող շրջափակման ու սպառնալիքների միջոցով, մենք վստահ ենք, որ մեր ռազմավարական շահերի ներդաշնակեցման և ջանքերի համատեղման միջոցով մեր երկու ժողովուրդներին կհաջողի ապահովել տարածաշրջանային կայուն ու արժանապատիվ միջավայր բոլոր կողմերի համար»:

Այսօր Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մի կողմից իմիտացնում է, թե Բերձորի միջանցքում խնդիր չկա և արցախցիները կարող են ազատ տեղաշարժվել, մյուս կողմից էլ Արցախում ՀՀ  զինված ուժեր լինելու մասին կեծ տեղեկատվությամբ և Արցախ-Ադրբեջան շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվացմամբ հող է նախապատրաստում հերթական ռազմական ագրեսին իրականացնելու համար: Արցախցին էլ իր աչքի առաջ ունի լաչինի միջանցքը փակելու գործողություններին Ռուսական արձագանքի տխուր փորձը: Հետևաբար՝ Արցախի ժողովուրդը քաջ է գիտակցում, որ գործող համաձայնագրերով և հողի վրա իր անվտանգությունը կարող է կառուցել միայն ՌԴ-ի հետ և այս փուլում ստիպված է հիշեցնել տարածաշրջանում ՌԴ առաքելության և ընդհանրապես՝ նրա շահերի մասին, որոնք այսօր համընկնում են Արցախի հանրապետության շահերի հետ:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։