Հակահայկական կողմերի գաղափարական միասնության պատճառը
Թուրքիան պատրաստ է գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, հենց որ դա Բաքուն կցանկանա, ինչը «ուղերձ կլինի ամբողջ աշխարհի եւ, մասնավորապես, Հայաստանի համար»: Էրդողանի հայտարարությունն է։ Այնքան հասկանալի է, թե այս ուղերձ ասվածը ինչ է ենթադրում, որ փակագծերը բացելու կարիք չկա։
Անկեղծորեն ասած՝ Էրդողանի ուղերձի կարիքը նույնպես չկար։ Սա այն ուղերձն է, որ Արեւմուտքը մեզ ամեն Աստծո օր հղում է։ Անհեթեթ է նաեւ Արեւմուտք ու Աստված բառերը միասին հիշատակելը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն՝ նույն այդ ուղերձի համաձայն՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, եւ այդ ուղերձը աշխարհին չէր ուղղված, այլ՝ հենց Հայաստանին։ Այն է՝ Արեւմուտքն (ոչ միայն Արեւմուտքը, պարզապես նրբերանգներն են տարբեր) ու թյուրքական կողմը Հայաստանի հետ խոսում են նույն լեզվով։ Թեեւ պետք է նաեւ աս պարագայում անկեղծ լինել․ խոսում են, որովհետեւ հայկական կողմն ինքն է ասել, թե ճանաչում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Հայկական կողմն իրեն նեղություն էլ չի տվել «հասկանալու», որ Ադրբեջանի մասով ընդհանրապես անհեթեթ է գործածել «տարածքային ամբողջականություն» ասվածը։ Մի պետություն, որ արհեստածին է եւ հայկական հողերի վրա, չի կարող ունենալ ոչ տարածք, ոչ էլ տարածքային ամբողջականություն։
Ինչեւէ։ Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. Հայաստանն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, ընդ որում` Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով արել է նման հայտարարություն, եւ ԵՄ-ն հույս ունի, որ պաշտոնական Բաքուն կընդունի այդ մեսիջը եւ ավելի մեծ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներին ու անվտանգային հարցերին։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ: Այս տեղեկությունը ստանում ենք «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունից, եւ այն նորություն չէր մեզ համար։ Այս տեղեկությունը թերեւս նորություն էր նրանց համար, ովքեր հավատում էին այն թեզին, թե «Արցախը նախկիններն են ծախել»։ «Թերեւս» ենք ասում, քանզի վստահ չենք, որ հավատում են, պարզապես կարծում են, թե հարմար թեզ է՝ մեղավորության զգացում չունենալու, պատասխանատվությունից խուսափելու եւն։
Բորելը նաեւ ասել էր, թե հուսով են, որ «հայկական կողմի մեսիջը խթան կհանդիսանա՝ դրական հուն մղելով բանակցային գործընթացը»։ «Հայկական կողմ» եզրույթը մենք էլ ենք գործածում՝ դրանում, սակայն, ներառելով բացառապես օրվա իշխանական քաղաքականությունը վարողներին, քանզի «հայկական կողմի» շերտերը տարբեր են, եւ բոլորը չէ, որ Արցախի ապագան Ադրբեջանի կազմում են տեսնում։ Բնականաբար՝ օրվա քաղաքականությունը վարող «հայկական կողմը» չի էլ խոսի այն մասին, որ Բորելի ասած՝ «Լեռնային Ղարաբաղի բնակիչը» պարզապես բնակիչ չէ, որ ապրում է հայկական այդ տարածքում, այլ՝ Լեռնային Ղարաբաղի բնի՛կն է, Հայկական լեռնաշխարհ բնօրրանի այս հատվածի տե՛րը՝ հայը։ Հազարամյակների՛ տերը։ Եվ այն, որ կեղտոտ քաղաքականության հետեւանքով ստեղծվեց Ադրբեջանը եւ նույնքան կեղտոտ քաղաքականության հետեւանքով փորձում է տեր կարգվել հայկական այս հողին, դա դեռ չի նշանակում, որ Արցախը հայապատկան չէ։
Դժվար է բացատրել բորելներին՝ ինչ ասել է ազգ, բնօրրան, հայրենիք, բորելները իսպանացիներ են, ամերիկացիներ, կանադացիներ, «ազգ» են ճանաչվում տարածքի տեղանունով պայմանավորված։ Ի դեպ, այս նույն Բորելը, որ Արցախի հանձնումը Ադրբեջանին այդքան հեշտ է տանում եւ «մոռանում», որ Արցախը ժամանակին Հայաստանից բռնի անջատած հող է, չգիտես ինչու Իսպանիայի միասնության կողմնակից է եւ չի ընդունում «կատալոնական անջատողականությունը» եւ այդ մասին հայտարարել է 2017թ․ անկախության հանրաքվեի ժամանակ։ Իրականում ամեն ինչ հստակ է․ արհեստածին պետությունների գոյության իրավունքը իրենց մեջ կրողները (ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Իսպանիան) միշտ էլ կանգնած են հակաբնական եւ հակաօրինական իրավունքների կողքին։ Այսպես՝ Ադրբեջանում ապրում են թաթեր, ուդիներ, լեզգիներ, թալիշներ եւն, Իսպանիայում ապրում են կատալոնցիներ, բասկեր, անդալուսցիներ եւն, բայց ադրբեջանցի եւ իսպանացի էթնոս որպես այդպիսին չկա։ Եվ սա է բորելների ու էրդողան-ալիեւների գաղափարական միասնության եւ հակաբնականության պատճառը։
Ի դեպ, երբ բորելներին ուղիղ, շիտակ հարց է տրվում, նրանք գերադասում են․․․ լռել։ Հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Խավիե Բելամին դիմեց ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելին․ «Չե՞ք ընդունում, որ բանակցությունները (խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բանակցություններին է վերաբերում) ընթանում են այն հանցագործության համատեքստում, որը սահմանել է Արդարադատության միջազգային դատարանը՝ հանցագործությանն ի պատասխան ոչինչ չանելով։ Բորելը լռեց։
Ֆրանսուա-Խավիե Բելամին այնուհետեւ շարունակեց, թե՝ «Առաջին բանը, որ մենք պետք է անենք, Ադրբեջանի դեմ հանցագործության համար պատժամիջոցներ սահմանելն է։ Որեւէ պատժամիջոց չի առաջարկվել։ Կարծում եմ, որ դա հակասում է Եվրամիության արժանապատվությանը»։
Ի պատասխան Բորելը դարձյալ լռեց՝ ականջակալները հանելով։ Թեեւ շատ հանգիստ կարող էր հիշեցնել, որ «հայկական կողմն» ինքն է սիրով համաձայնում ադրբեջանական ու միջազգային այս կամ այն կողմի պահանջներին, причём тут ԵՄ արժանապատվություն։
Բորելները բորենիների պես են մեզ համար՝ ազգեր ու ազգային իրավունքներ կուլ տվող՝ հանուն իրական գործատիրոջ շահի։ Բայց նրանք նոր չեն ծնվել, ոչ էլ նորություն են մեզ համար, պարզապես հաջողում են, որովհետեւ «հայկական կողմին» թվում է, թե կարող են օգտվել բորենիների խրախճանքի սեղանից։