Image

Ադրբեջանը՝ խոշոր բնապահպանական խնդիրների առջեւ

Ադրբեջանում բազմաթիվ բնապահպանական խնդիրներ կան՝ սկսած մթնոլորտային օդի եւ ջրային ռեսուրսների աղտոտվածությունից մինչեւ նավթարդյունաբերության հետեւանքներով առաջացածները: Նավթային ենթակառուցվածքների զարգացման եւ, մասնավորապես, Կասպից ծովի հանքավայրերի օգտագործման արդյունքում վատթարանում է ծովի բնապահպանական վիճակը։

Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՄԱԿ-ի քիմիական անվտանգության գծով միջազգային փորձագետ Վալերի Պետրոսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանն առանցքային դերակատարություն ունի Կասպից ծովը նավթային ածխաջրածիններով աղտոտման գործում, որն առաջին հերթին նավթի եւ գազի արտահանման ու վերամշակման հետեւանք է։ Ածխաջրածնային աղտոտման մեջ առանցքային դեր ունեն 16  պոլիմիջուկային արոմատիկ ածխաջրածինները, որոնք առաջին կարգի վտանգավորության աստիճան ունեցող քաղցկեղածիններ են, ինչպես օրինակ՝ բենզապիրեն եւ այլն։ Սա բնապահպանական խոշորագույն խնդիր է, որը կապված է Կասպից ծովը նավթային ածխաջրածիններով աղտոտելու հետ։

«Ադրբեջանի գլխավոր բնական պաշարները նավթն ու գազն են, եւ այդ իսկ պատճառով Կասպից ծովի նավթային աղտոտումն առանցքային դեր է խաղում։ Շրջակա միջավայրը ծանր մետաղներով աղտոտելու հետեւանքով Կասպից ծովի հյուսիսային եւ միջին հատվածի զգալի մասից, որոնք նախկինում ամենախոշոր թառափների բնակեցման տարածքն էին, այս ձկնատեսակն ամբողջությամբ տեղափոխվել է դեպի հարավ՝ Իրանի ծովափնյա սահմանների մոտ, քանի որ այդտեղ են թափվում լեռնային մաքուր ջրերը»,- ասաց Պետրոսյանը։

Բնապահպանական երկրորդ խոշոր խնդիրը պայմանավորված է մթնոլորտի, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների աղտոտմամբ, ինչն էլ կապված է նավթավերամշակման գործարանների բուռն գործունեությամբ։ Դա հանգեցնում է ոչ միայն մեծ քանակությամբ մեթանի մթնոլորտ արտանետման, որն այսօր մեզ հայտնի ամենաուժեղ ջերմոցային գազերից մեկն է, այլեւ ածխածնի երկօքսիդի, որն իր արտանետման ծավալներով առավել վտանգավոր է։

Այս ամենն անմիջականորեն առնչվում է գլոբալ կլիմայական փոփոխություններին։ Ակադեմիկոսը բացատրեց, որ օրինակ` ներկայումս նկատվող մեծ քանակությամբ տեղումները ձյան եւ անձրեւի տեսքով պայմանավորված են նաեւ արդյունաբերական ձեռնարկությունների, այդ թվում՝ նավթավերամշակող ձեռնարկությունների կողմից մթնոլորտ արտանետվող մեծ քանակությամբ ածխածնի երկօքսիդով, ինչն էլ հանգեցնում է ջերմոցային գազային էֆեկտի աճին եւ սառույցների հալեցմանն Արկտիկայում եւ Անտարկտիդայում։ Թվում է, թե այս տարածքները հեռու են այն վայրերից, որոնց մասին խոսում ենք, սակայն գազերը շատ հեշտությամբ հավասարաչափ տարածվում են մթնոլորտում, ապա նաեւ հանգեցնում կլիմայի գլոբալ փոփոխությունների։ 

Երկրագնդի ջերմաստիճանը բարձրացել է մոտավորապես 1.5 աստիճանով, ինչն արձանագրվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Փարիզում 2015-ին, նաեւ Շարմ էլ Շեյխում, որը տեղի ունեցավ այս տարվա նոյեմբերին, որտեղ այդ տվյալները հաստատվեցին, եւ անհանգստություն հնչեց, որ գլոբալ ջերմոցային էֆեկտն ուժեղանում է։ Արկտիկայում եւ Անտարկտիդայում 2010-ից նկատվող սառույցների հալոցքը հասել է այնպիսի մակարդակի՝ մոտավորապես 1800-1900 մետր խորության վրա, որի հետեւանքով սկսել է առանձնանալ բնական մեթան՝ մեթանի հիդրատներ, որոնք նախկինում սառեցված վիճակում էին, իսկ այսօր այդ մեթանը գազանման է եւ բարձրանալով մթնոլորտային շերտ` հանգեցնում է էլ ավելի մեծ ջերմոցային էֆեկտի։ Զրուցակիցս նշեց, որ երբ խոսվում է գազի արդյունահանման մասին, պետք է հաշվի առնվի, որ դրա հետեւանքով մեծ քանակությամբ գազեր արտանետվում են մթնոլորտ եւ ոչ թե մտնում են խողովակներ, արդյունքում ջերմոցային էֆեկտն ավելի է ուժեղանում։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է տեղին սեփական խնդիրները լուծելու փոխարեն խոսել Արցախում ինչ-որ բնապահպանական խնդիրների մասին, Պետրոսյանը նկատեց, որ նավթավերամշակման գործարաններ շահագործող անձինք եւ կազմակերպությունները, այդ թվում՝ Ադրբեջանում, պետք է հասկանան, որ շատ մեծ վնաս են հասցնում կլիմայի գլոբալ փոփոխություններին, ամբողջ երկրագնդին եւ, իհարկե, առաջին հերթին պետք է մտածեն այդ ամենի մասին, այլ ոչ թե կազմակերպեն մտացածին բեմականացումներ, իբր, պայքարում են շրջակա միջավայրի համար։ Լեռնային շրջաններում արժեքավոր մետաղների՝ ոսկի, մոլիբդեն, պղինձ, արդյունահանմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը համեմատելի չէ նավթի, գազի արդյունահանման եւ վերամշակման հասցրած վնասներին։ «Ամբողջ աշխարհում ազնիվ մետաղների արդյունահանումը երբեւէ չի դիտարկվել որպես լրջագույն բնապահպանական խնդիր, ինչպես օրինակ` նավթի ու գազի արդյունահանումն ու վերամշակումն է։ Դրանք անհամեմատելի երեւույթներ են։ Դրա համար էլ ընդգծում եմ, որ եթե Ադրբեջանը մտահոգված է շրջակա միջավայրի պահպանությամբ, որպեսզի չվնասի բնությունը, կլիման, բնակչության առողջությունը, ապա պետք է առաջին հերթին մտածի քաղցկեղածին ածխաջրածինների մասին, որոնք մթնոլորտ եւ ջրային միջավայր են արտանետվում հազարավոր տոննաներով, չվնասի Կասպից ծովի ձկնային ռեսուրսները։ Սրանք անհամեմատ ավելի մեծ չափերի բնապահպանական վնաս են հասցնում, քան ազնիվ մետաղների արդյունահանումը»,- ասաց ՄԱԿ-ի փորձագետը՝ հավելելով, որ բեմականացված կեղծ սցենարներով այդ երկիրը լուծում է քաղաքական խնդիրներ։

Ի վերջո, իրական բնապահպանական խնդիրներ բարձրաձայնելու պարագայում կխոսվեր կոնկրետ թվերի, մոնիտորինգի տվյալների, փորձագիտական ուսումնասիրությունների մասին։ «Եթե կան կոնկրետ թվեր այն մարդկանց մոտ, ում տանում կանգնեցնում են բողոքի ակցիաների ժամանակ, լավ կլիներ գրավոր ներկայացնեին, թե ինչպիսի փորձագիտական ուսումնասիրություններ կան` կապված այն բնապահպանական վնասի հետ, որ, իբր, հասցնում են ազնիվ մետաղների հանքերը։ Պետք է ներկայացնեն, թե ինչպիսի՞ վնասի, ի՞նչ բացասական ազդեցությունների մասին է խոսքը, ինչի՞ց են վախենում, ի՞նչ ռիսկեր են տեսնում, հակառակ դեպքում առանց թվերի բնապահպանության մասին խոսակցություններն իմաստ չունեն։ Հենց խոսվում է ընդհանուր բնույթի բնապահպանության մասին, պարզ է դառնում, որ դա ոչ թե բնապահպանական, այլ բոլորովին ուրիշ նպատակներ հետապնդող քայլ է»,- ընդգծեց Պետրոսյանը։

Քիմիական անվտանգության խնդիրն ավելի արդիական է դարձել մեր օրերում։ Քիմիական զենքի կիրառումը կարմիր գիծ է, որն Ադրբեջանը հատեց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ են նախատեսված միջազգային իրավունքով նման հանցագործությունների համար, ՄԱԿ-ի քիմիական անվտանգության գծով միջազգային փորձագետը նշեց, որ այն պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից՝ հիմքում ունենալով Ժնեւի կոնվենցիան եւ Փարիզի համաձայնագիրը։ Նշենք, որ 1993 թ. ստորագրվեց բոլոր տեսակի քիմիական զենքի ոչնչացման մասին Փարիզի համաձայնագիրը։ Ամբողջ աշխարհում քիմիական զենքի պահեստներն այդ պահի դրությամբ պատկանում էին ԱՄՆ-ին եւ Խորհրդային Միությանը։ «Քիմիական զենքի պահեստներն այնպես էին տեղակայված, որ ԱՄՆ-ում գտնվում էին մայրցամաքում եւ որոշ քանակությամբ արտասահմանում, իսկ Խորհրդային Միությունում բոլոր 6 պահեստները գտնվում էին ՌՍՖՍՀ-ում։ Ոչ մի ուրիշ հանրապետությունում քիմիական զենքի պահեստներ չկային, դրա համար քիմիական զենքը, որը կիրառվել է Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ, այն կարող էր լինել միայն այլ տեղից բերված, քանի որ այս պատերազմը եղել է ավելի ուշ, քան ոչնչացվել են քիմիական զենքերի պահուստներն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Միջազգային իրադրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ փոքր երկրներում, որոնք չէին համարվում քիմիական զենք ունեցող պետություններ, տեղային պատերազմներում օգտագործում են քիմիական զենքի որոշ տեսակներ»,- պարզաբանեց մասնագետը՝ հավելելով, որ Արցախում սպիտակ ֆոսֆոր պարունակող ռումբերի կիրառումը հուշում է, որ դրանք կամ ոչ լեգալ պահվել են Ադրբեջանում, կամ էլ գնել են այլ երկրներից։

* * * 

Վալերի Պետրոսյանն աշխարհում հայտնի գիտնական է, օրգանական մետաղական եւ կոորդինացիոն քիմիայի, ինչպես նաեւ ֆիզիկական օրգանական եւ էկոլոգիական քիմիայի վերաբերյալ հիմնարար գիտական աշխատությունների հեղինակ է։ Վերջին քառասուն տարվա ընթացքում նա կարեւոր հետազոտություններ է իրականացրել գիտության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդկանց եւ շրջակա միջավայրի քիմիական անվտանգության ապահովումը եւ անագի ու ֆոսֆորօրգանական միացությունների նոր տեսակների սինթեզի մեթոդների մշակումը, որոնք ունեն յուրահատուկ կառուցվածք, բարձր ռեակտիվություն եւ կարեւոր կենսաբանական (ներառյալ հակաքաղցկեղային) գործունեություն։ Պետրոսյանը հրատարակել է ավելի քան 500 գիտական աշխատություն, 9 գիրք, 25 արտոնագիր եւ հեղինակային իրավունքի վկայական։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 8 դոկտորական եւ 32 թեկնածուական ատենախոսություն։

https://hhpress.am/taratsashrjan/2022/16009/

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։