Image

Արցախն անիրատեսական է համարում Բաքվի հետ բանակցությունները՝ բլոկադայի և ուժի սպառնալիքի պայմաններում

Ռուսական պետական լրատվամիջոցներից մեկով հրապարակված տեղեկատվությունը, թե ըստ ամերիկայն դիվանագիտական աղբյուրի, Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին պարտադրել են չեզոք երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, հակառակ դեպքում Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողություններ» կձեռնարկի, լայն արձագանք գտավ հայկական և ռուսական ԶԼՄ-ների տիրույթում և հասարակական-քաղաքական դաշտում: ՌԴ ԱԳՆ-ն իր խոսնակի և մեկ այլ աշխատակցի միջոցով լուրը մեկնաբանեց Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների պրիզմայից՝ վերջինիս տարածաշրջանային հիմնական հիմնահարցի կարգավորման գործընթացից դուրս մղելու համատեքստում:

Այստեղ չի բացառվում, որ  ԱՄՆ ներկայացուցիչն ուղղակի ներկայացրել է հանդիպումների չգնալու դեպքում ադրբեջանական կողմի վարքագծի հնարավոր տարբերակները, որոնցից մեկը «հակաահաբեկչական» կեղծ լոզունգի տակ Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի դիմելը կլինի, որի մասին պաշտոնական Բաքուն միշտ հայտարարել է և իր գործողություններով էլ գետնի վրա դրա հավանականության մասին ակնարկել, իսկ Մոսկվան այդ տեղեկատվության մեջ ավելացրել է իրեն ձեռնտու շեշտադրումներ: Դատելով հունիսիս 16-ին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարոթյան տարածած հայտարարությունից՝ արտերկրում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում բոլոր դեպքերում տեղի ունեցել է: Արցախի ԱԳՆ հայտարարությունը, ըստ էության պատասխանն էր այդ հանդիպմանը հնչած՝ բանակցությունները սկսելու առաջարկին: Ժողովրդավարության բարձր չափանիշներով ընտրված Արցախի իշխանությունները հայտարարությամբ արձանագրում են, որ ամենաշահագրգռվածն են բանակցությունների միջոցով առկա խնդիրներին լուծում տալուն, որ հենց Ադրբեջանն է հրաժարվել Ռուս խաղաղապահների հովանու ներքո կազմակերպվող Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով հանդիպումներից և վերջինս է, որ չի կատարել դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Արցախից տարածված հայտարարության մեջ արձանագրվում է, որ միջազգային կառույցներին և միջնորդ երկրներին չի հաջողվել Բաքվին ստիպել բացել Լաչինի միջանցքը, հրաժարվել ուժի սպառնալիքից և պարբերաբար այն կիրառելուց, հետևաբար, նման պայմաններում հնարավոր չէ բանակցելը քաղաքական կարգավորումների շուրջ: «Ակնհայտ է, որ Արցախի շարունակվող խիստ շրջափակման, ուժի կիրառման և էթնիկ զտման ահագնացող սպառնալիքների պայմաններում, երբ Արցախի 120,000 բնակչությունը, ըստ էության, գտնվում է պատանդի կարգավիճակում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է»,-ասվում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ Արցախի հանրապետությունից հայտնում են

որ խաղաղ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափը, մասնավոապես՝ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, որը «պետք է լինի ներառական և ներկայացուցչական, ինչպես նաև ունենա համապատասխան կարողություններ և լիազորություն՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը» և այն պետք է միտված լինի առկա խնդիրներին արդար, հավասարակշռված և կենսունակ լուծումներ գտնելուն, երկխոսության համար բարենպաստ և արժանի պայմաններ ստեղծելուն: 

Այլ կերպ ասած՝ Արցախից թերահավատությամբ են նայում Բաքվի հետ հնարավոր բանակցություններին, քանի որ կլոր սեղանի շուրջ հրավիրող այդ նույն միջնորդներին չի հաջողվել Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերել, ստիպել կատարել ՄԱԿ-ի հիմնարար նորմերի պահանջները և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, հետևաբար՝ անիրատեսակն են գտնում հանդիպումները:

Իսկ «հակաահաբեկչական գործողությունները», որի մասին շատ ակտիվ քննարկում է գնում ռուսական մեդիատիրույթում, մեծ հաշվով արդեն Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերությունների տիրույթում են,քանի որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորըն այսօր դե-ֆակտո և դե-յուրը ՌԴ-ն է: Նման ենթադրյալ զարգացումը վերջնականապես կպատասխանի Արցախում և ընդհանարպես Անդրկովկասում ՌԴ ներկայության նպատակահարմարության մասին պարբերաբար հնչող հարցին: Իրադարձությունների նման սցենարի զարգացումը կնշանակից ադրբեջանաթուրքական զույգի կողմից Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղել, քանի որ այդ դեպքում լրիվ իմաստազրկվում է  վերջինիս ռազմական ներկայությունը Արցախում, Հայաստանում և տարածաշրջանում ընդհանրապես, երբ փաստացի ստանձնած առաքելությունը չի կատարում:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։