Image

Թուրքերի վաղեմի երազանքը

Հայոց պատմության խեղաթյուրումը վաղուց կատարելագործված է թուրքերի կողմից։ Նրանք յուրացրել եւ շարունակում են յուրացնել հայկական մշակույթը, արժեքները, տարածքը, իսկ եթե չի հաջողվում յուրացնել, ապա ոչնչացվում է։ Թուրքերի համար ամենացավոտ կետը ցեղասպան տեսակի դրոշմից ազատվելն է, որի համար ծախսվում են ահռելի ֆինանսական, պսեւդոմասնագիտական, քաղաքական-դիվանագիտական ռեսուրսներ։ Ժխտողականությունը նրանց «գիտական», քաղաքական ուղղություններից մեկն է։ «Թուրք ժողովուրդն ամաչելու պատճառ չունի»․ նման բովանդակության հայտարարություններով են հանդես գալիս Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները՝ հերքելով իրենց պատմության մեջ որեւէ ցեղասպանություն գործելու փաստը։

Թվում էր՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման թեման, ինչպես նաեւ պահանջատիրության հարցը կասկածի տակ չէր դնի ոչ մի հայ, առավել եւս պետությունը չէր հրաժարվի միջազգային ճանաչման գործընթացից։ Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունները որդեգրել են «ամեն գնով», անգամ ազգային արժանապատվությունից, պատմական արդարությունից եւ հիշողությունից հրաժարվելու միջոցով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականություն։ Հայաստանի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը հունիսի սկզբին արված հայտարարությամբ ազդարարեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու, հետ կանգնելու մտադրության մասին։ Փաստորեն կարող է բավարարվել Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված նախապայմաններից հերթականը։

Իսկ թուրքը լա ՜վ գիտի օգտվել պատեհ առիթներից։ Հունիսի 19-ին Կարինում (Էրզրում) բացվել է այսպես կոչված «Թուրք-հայկական հարաբերությունների ուսումնասիրության կենտրոն» եւ գրադարան, որը հարուստ է պատմությունը խեղաթյուրող փաստաթղթերով եւ հրատարակություններով։ Գրադարանը կրում է «պատմաբան» Էրոլ Քյուրքչուօղլու անունը։ Վերջինս հանդիսացել է Աթաթուրքի համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի տնօրենը, որն իր կյանքի ավելի քան 20 տարիների ընթացքում զբաղվել է հայոց պատմության խեղաթյուրմամբ՝ փորձելով «ապացույցներ» պեղել առ այն, որ օրինակ «20-րդ դարասկզբին հայերը հարյուր հազարավոր թուրքերի են սպանել»։

Կենտրոնի բացման ժամանակ Էրզրումի քաղաքապետարանի ղեկավար Մեհմեթ Սեքմենն իր ելույթում մեղադրել է հայերիս իրենց իսկ գործած ոճրագործությունների մեջ՝ այդ ամենը «հիմնավորելով» «արխիվային փաստաթղթերով»։ Նա հույս է հայտնել, որ կենտրոնի աշխատանքները կուղղվեն Հայոց ցեղասպանությունը կեղծիք համարելու ջանքերին։ Թերեւս անակնկալ չպետք է դառնա մեզ, երբ մոտ ապագայում կյանքի կոչվի թուրքական վաղեմի երազանքը եւ Հայոց ցեղասպանության հարցը հանձնվի «պատմաբանների հանձնաժողովին»։ Ցավոք, այսօր կգտնվեն «հայ պատմաբաններ», որոնք չեն խորշի մաս կազմել այդ կեղծ եւ ցինիկ բեմադրությանը։

Ի դեպ, պատահական չի ընտրված նաեւ «կենտրոնի» գտնվելու վայրը։ Էրզրումը Արեւմտյան Հայաստանի հայաշատ նահանգներից է եղել առնվազն մինչեւ 20-րդ դարի սկիզբը։ Օսմանյան տիրապետության շրջանում այդտեղից սկիզբ էր առել հայության զանգվածային արտագաղթը։ Պատմաբան, քարտեզագիր Գեղամ Բադալյանը «Արեւմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ Եղեռնի նախօրեին» գիտական հոդվածում գրում է, որ արտագաղթի առումով առավել աղետալին, 1829-1830 թթ. արեւմտահայերի այսպես կոչված՝ մեծ գաղթն էր, երբ միայն Էրզրումի նահանգից դեպի Ախալցխա, Ջավախք, Սեւանի ավազան, մասամբ նաեւ՝ Արեւելյան Շիրակ տեղափոխվեց ավելի քան 50000 մարդ։ Ընդ որում, նահանգի տարածքից հայերի հեռացումը չի ընդհատվել 19-րդ դարի ամբողջ ընթացքում։ Էրզրումի նահանգում խոշոր ծավալներ էր ընդունել նաեւ բռնի կրոնափոխությունը։ Այնուամենայնիվ, Առաջին աշխարհամարտի նախօրյակին տեղի հայ բնակչության թիվը բավական պատկառելի էր՝ շուրջ 250000-260000, սակայն նրանց մեծ մասը 1915թ. հունիս-օգոստոսին բռնությամբ տեղահանվել եւ կոտորվել է Էրզրում-Դերջան-Երզնկա-Կամախ ճանապարհին: Եվ ահա, պատմականորեն հայկական Կարին քաղաքում բացվում է կենտրոն, որը պետք է առաջ մղի եւ տիրաժավորի հակահայկական, հակագիտական թեզեր, զբաղվի պատմության կեղծարարությամբ եւ խեղաթյուրմամբ։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։