Image

Ռուսաստանի սխալ թիրախները հարավկովկասյան գործընթացներում

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի կատարած քայլերը Ռուսաստանը գնահատում է որպես տարածաշրջանից իրեն դուրս մղելուն միտված գործողություններ և յուրաքանչյուր միջազգային հարթակ վերջինս օգտագործում է այդ մասին հայտարարելու համար: Այդ առումով բացառություն չէր կարող լինել հունիսի 20-ին Բելառուսի մայրաքաղաքում տեղի ունեցած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Հանդիպման արդյունքներով կազմակերպված ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հեթական անգամ հայտարարեց, որ արևմտյան երկրներն անկեղծ ցանկություն չունեն նպաստելու Հայաստանի ևԱդրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այլ ցուցաբերում են տարածաշրջան ներթափանցելու, հաստատվելու ձգտում և Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում են գործադրում: Լավրովը նաև նշեց, թե դեմ չէ, որ այլ «միջազգային խաղացողներ էլ փորձեն իրենց ուժերը միջնորդության հարցում», սակայն այն պետք է արտացոլի հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերը։

Շարունակելով իր միտքը՝ ՌԴ ԱԳ նախարարն ասաց. «Հայ-ադրբեջանական համաձայնությունները հնարավոր են բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարման շրջանակներում»:

Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ տարածաշրջանում ներկայում առկա լարվածության նոր փուլի և հարաբերությունների կարգավորման գործընթացի ծայրահեղ դանդաղ ընթացքի պատճառը հենց հետպատերզմյան ժամանակահատվածում ստորագրված եռակողմ պայմանավորվածությունների չկատարելն է: Իսկ դրանք տորպեդահարողն ադրբեջանական կողմն է, միանշանակ, որը հետևողականորեն չեղարկում է երեք երկրների ղեկավարների մակարդակով ընդունված գրավոր բոլոր պայմանավորվածությունները՝ դրանով վակուում ստեղծելով կարգավորման մեխանիզմներում:

Հետևաբար՝ Սերգեյ Լավրովի ընտրած քննադատության թիրախն ակնհայտորեն սխալ է, այն պետք է ուղղված լինի առաջին հերթին ադրբեջանական կողմին, որը նպատակադրված չեղարկում է բոլոր պայմանավորվածությունները՝ պարարտ հող ստեղծելով կարգավորման գործընթացում այլ միջնորդների հեգեմոնիայի համար: Այլ կերպ ասած՝ տրամաբանական չի կարող դիտարվել ՌԴ-ի ներկայացուցիչների դժգոհությունը, որ արևմտյան պետությունները և կենտրոնները մտնում են առկա բաց տարածքը, այն դեպքում որ այն իրենց համար ստեղծել է  պաշտոնական Բաքուն՝ չպահպանելով ձեռք բերված պայմանավորվածությունները:

Բոլորի համար պարզ է, որ  այս դեպքում Արևմուտքին ՌԴ-ի ռացիոնալ պատասխանը ոչ թե պետք է լինի քննադատական հայտարարությունները, այլ կարգավորման գործընթացում Ադրբեջանի բացած դատարկ տարածությունները լցնելը, իսկ այն հնարավոր է միայն վերջինիս կառուցողական դաշտ բերելու միջոցով: Սա է Անդրկովկասում ՌԴ-ի հակազդեցության միակ արդյունավետ գործիքը: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք Մոսկվան նման համատեքստով երկխոսության կգնա Բաքվի հետ, ինչի անհրաժեշտություն զգում  է հայկական կողմը և, այս դեպքում ՌԴ-ի հետ շահառու է հանդիսանում: Այս հարցի պատասխանից է կախված տարածաշրջանում առկա խնդիրների՝ գոնե կարճաժամկետ լուծումները, որը նաև աշխարհաքաղաքական որոշ խմորումները կարող է կասեցնել՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը ՌԴ-Արևմուտք հակադրության դաշտից դուրս բերելով:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։