Image

Բանակցությունները բաց ափերին ոչ մի լավ բան չեն տալու

Ինչ սպասել Հայաստանի եւ Ադրբեջանի հերթական բանակցություններից։ Չենք հարցնում՝ հռետորական շեշտադրում է։ Այսօրվանից Վաշինգտոնում մեկնարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարիների բանակցությունները, որ, ըստ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի, մինչեւ հունիսի 29-ը կտեւեն։ Ինչ սպասել, ինչ կլինի։ Հայաստանի համար՝ ոչ մի լավ բան։ Համենայնդեպս, դա է ցույց տալիս իրավիճակը՝ քայլերի այն համապատկերը, որ տեսնում ենք Հայաստանի կողմից եւ Ադրբեջանի։

Ինչ է ասում  օրվա քաղաքականությունը վարող հայկական կողմը․ հստակ միայն մեկ բան՝ ինչ էլ լինի, գնալու է խաղաղության օրակարգով։ Այսինքն՝ ինչ էլ լինի, եթե նույնիսկ դա դեմ է ազգային-պետական շահերին, մեկ է՝ մենք ձեռքներս վեր ենք, թաթիկները՝ բաց։

Ինչ է ասում օրվա քաղաքականությունը վարող ադրբեջանական կողմը․ ցավոք, շատ բան է ասում՝ ընդ որում, բաց, չթաքցնելով, առանց տողատակերի։ Թյուրքական այս ցրթուքը պետական մակարդակով խրախուսում է հայատյացությունը։ Չի խուսափում ասել, որ Արցախում ցեղասպանություն է իրականացնելու։ Դրա համար Արցախը Հայաստանին կապող կենսական ճանապարհը՝ Բերձորի միջանցքը փակեց՝ ի սկզբանե ասելով, թե ելքը բաց է։ Այսինքն՝ Արցախից կարող են դուրս գալ, բայց Արցախ չմտնել։ Սրանով Ալիեւը չի թաքցնում, որ մտադիր է հայաթափել Արցախը։ Միջազգային հանրույթ կոչվածն անում է հայտարարություններ միջանցքի բացման անհրաժեշտության հետ կապված, Հաագայի միջազգային դատարանը որոշում է կայացնում, ի պատասխան Ադրբեջանը բետոնում է ճանապարհը՝ տոտալ շրջափակելով Արցախը։ Դրանով էլ ցույց է տալիս աշխարհին, թե Արցախի հարցն այլեւս հօգուտ իրեն է լուծված եւ ոչ ոք չի կարող խառնվել իր ներքին գործերին։ Եվ ադրբեջանական կողմը ավելի ագրեսիվ ու լկտի դարձավ այն բանից հետո, երբ «հայկական կողմը» հայտարարեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» ճանաչելու մասին։

«Հայկական կողմի» այս պատրաստակամությունից հետո թշնամին ավելի հաստատակամ դարձավ իր մյուս կեղծ թեզի իրացման հարցում՝ այսպես կոչված «անկլավների»։ Սա արդեն նշանակում է, որ 44-օրյայից հետո ՀՀ մտած թուրքը շարուակելու է ՀՀ-ից պոկել տարածքներ, բարձունքներ, ճանապարհներ։ «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է բացվի Զանգեզուրի միջանցքը, եւ հայկական զորքերը դուրս պետք է բերվեն Ղարաբաղից»․ սա Ալիեւի խոսքն է («Թուրանն» է մեջբերում)։ Այն Ալիեւի, որի ղեկավարած Ադրբեջան կոչվող պետությունը իրականում սեփական տարածք չունի, ընդամենը մեկ դար առաջ արհեստականորեն ստեղծվել է հայկական հողերի վրա արդեն հայտնի ուժերի կողմից եւ նույնպես արդեն հայտնի նպատակներով։

Ալիեւը չի թաքցնում, որ մի քանի անգամ «ցուցադրել է իրենց ուժը հայկական կողմին», բայց դեռեւս իրենց «զուսպ են պահում»։ Բայց եթե «հայերն իրենց լավ չպահեն», ապա «ցավալի արդյունք կլինի»։

Հիմա բանակցում են երկու կողմեր՝ մեկը՝ թյուրքական՝ հայերին բնաջնջելու իր ամենօրյա ցանկությունը չթաքցնելով, մյուս կողմում՝ մենք՝ դրանց բերանին չտվող, Արցախի թիկունքին չկանգնող եւ հանուն չլինելիք խաղաղության՝ ամեն օր նսեմացող։

Սա է իրականությունը։ Եվ այս իրավիճակում հարց տալ, թե ինչ կտան հայ-ադրեջանական հերթական բանակցությունները, նշանակում է՝ դեռ  հիմարության աստիճանի միամիտ լինել։ Որպեսզի որեւէ բանակցություն հօգուտ հայկական կողմի որեւէ բան փոխի, պետք է նախ փոխել իրականությունը։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։