Image

Մինսկի խմբի համանախագահությունը բնական հարաբերակցություն է և այն գործում է

Ինչ պարբերականությամբ էլ ադրբեջանական կողմը հայտարարի, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևոս առաքելություն չունի և այն չի գործում, միևնույնն է՝ այդ թեզն իրականության հետ կապ չունի: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ակտիվ գործընթացը փաստում է, որ այն իրականացվում է հենց Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, չնայած՝ ֆորմալ առումով այն այդ անվանմամբ չի ձևակերպվում:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցային հանդիպումները կազմակերպվում են ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Ռուսաստանում, ինչն ամբողջությամբ համընկնում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ներկայացնող ուժային կենտրոնների հետ: Վերոնշյալ համընկնումն արհեստակա, ուղղորդված կամ նպատակային չէ, այլ արտացոլում է կարգավորման այն բնական վիճակը, որն ամրագրվել էր դեռ նախորդ դարի 90-ականների սկզբին արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթցը մեկնարկելու համար: Ուժային երեք կենտրոնների մեկտեղումն առավելագույնս է համապատասխանում տարածաշրջանի հիմնահարցը կարգավորելու նպատակով ուժերի հավասարակշռումը, որի առկայության դեպքում միայն հնարավոր կլինի խնդիրների քաղաքական կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծել:

Այս իրողությունը փաստում է, որ անկախ նրանից, թե ինչ անուն կտրվի եռանախագահությանը, այն եղել և մնում է տարածաշրջանում կարգավորմանը նպաստող միակ արդյունավետ ձևաչափը: Ճիշտ է՝ իրարից առանձին, սակայն այսօր Միսնսկի խմբի համանախագահող կենտրոններում է ընթանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, իսկ վաղը, Ադրբեջանն ուզի, թե չուզի, նույն այդ ձևաչափում էլ կայանալու է արցախցիների անվտանգության և իրավունքների ապահովման բանակցային գործընթացը Ստեփանակերտի և Բաքվի միջև, քանի որ նախ՝ դրանք անխուսափելի են, երկրորդ՝ կարգավորմանը նպաստող այլ արդյունավետ ձևաչափ այս պահի դրությամբ դժվար է նշմարել միջազգային հարթակներում: Չպետք է մոռանալ նաև, որ Մինսկի խումբը ձևավորվել է ՄԱԿ-ի հովանու ներքո:

 Մյուս կողմից էլ հայ-ադրբեջանական կարգավորման այս գործընթացում վերոնշյալ երեք կենտրոնների ներկայության պահպանումը առանձնակի կարևորություն ունի այն առումով, որ այն նպաստում է, որպեսզի կարգավորումը չհայտնվի նրանց հակադրությունների տիրույթում: Եռանախագահության ձևաչափից նրանցից որևէ մեկի դուրս մղումը՝ կարգավորման գործընթացը կմղի այդ ուժային կենտրոնների հակադրությունների դաշտ, որտեղ ոչ միայն հնարավոր չի լինի հիմնահարցի լուծումները գտնել, այլև էականորեն կմեծանա տարածաշրջանային նոր լարման հավանականությունը՝ իր առավել ընդլայնված ծավալներով և աննախադեպ աղետալի հետևանքով՝ տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Այս իրողությունը պետք է հասկանան նաև Մինսկի խումբը ներկայացնող երեք ուժային կենտրոններում: Դատելով կարգավորման գործընթացի հրապարակային մասից, այսօր կարելի է եզրակացնել, որ գոնե հայտարարությունների մակարդակում եռանախագահող երկրների միջև հայ-ադրբեջանական կագավորման սկզբունքների շուրջ ոչ միայն տարակարծություն չկա, այլև մոտեցումներն են գրեթե նույնական: Թերևս, համանախագահների միջև խնդիրը վերջնական կարգավորմանը նպաստելու «հեղինակային իրավունքի» մեջ է, որը, քաղաքական կամքի առկայության դեպքում, ինչ-որ մի պահի կարող են մի կողմ դնել՝ հանուն վերջնական փաստաթղթի ստորագրման:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։