Կրկին չար լուր, որ տագնապի կոչ է
Հաճախ եմ ներկայացնում Քաշաթաղի շրջանի նախկին ու ներկա երխաներին՝ «Աշխարհի ավագույն երեխաներ» շարքով։ Հիրավի, 1994 թվականից Քաշաթաղի շրջանում, չնայած բազում ծանր խնդիրներին, hասակ էին առնում լավագույն երեխաները՝ անկախ՝ որ բնակավայրում էին ապրում, որտեղից էին եկել, որտեղ էին ծնվել, ինչպիսի դպրոցում էին սովորում։ Հավատով էինք լցված բոլորս և նույն հավատը փոխանցում էինք մեր սերնդին, որ ազատագրված ու վերահայացած մեր եկիրը շենանար, ծաղկեր։
Ղորակոչի ենթակա բոլոր տղաները ծառայում էին Արցախի Պաշտպանության բանակում, և նրանց մասին միայն լավն էինք լսում։ Սակայն եղավ 2020թ․ 44–օրյա պատերազմը, որին մասնակից եղան հազարավոր քաշաթաղցիներ։ Ունեցանք 70-ից ավելի նահատակներ, որոնց մեծ մասը նույն լավագույն երեխաներն էին, որ արդեն զինվոր էին ու պաշտպան հայրենիքի։ Այսօր՝ հունիսի 28-ին, արթնացա չար լուրով․ Արցախի Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը և Գագիկ Բալայանը: Գիշիի գյուղապետ Սերոբ Աղաբեկյանի տեղեկությամբ՝ աշխարհազորային կամավորներ 54-ամյա Արմո Աբգարյանը և 36-ամյա Գագիկ Բալայանը Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին։
Գագիկն էլ, Արմոն էլ 4 երեխա ունեն։ Արմոյի 2 երեխաները անչափահաս են, Գագիկինը, ում հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում, 4-ն էլ անչափահաս են: Ստեփանակերտում ծնված Սամվել Թորոսյանը Արցախի վաստակավոր մանկավարժ Նաիրա Թամրազյանի թոռն է։ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Տեղեկատվական համակարգեր 1-ին կուրսի ուսանող էր։ «Հետաքրքրված էր տեղեկատվական տեխնոլոգիաներով: Այս տարվա դեկտեմբերին կդառնար 20 տարեկան: Ուզում էր ծրագրավորող դառնալ, դեռևս դպրոցական տարիներից էր սիրում և հետաքրքրվում այդ ոլորտով: Մտավորական ու ավանդապաշտ ընտանիքի որդի է նա:
Շատ մարդամոտ էր, ընկերասեր: Կյանքի ամենադժվար պահերին էլ միշտ մեծի պես կանգնած էր թե՛ ծնողների, կրտսեր քրոջ, հարազատների ու թե՛ իր շրջապատի մարդկանց կողքին», -պատմել է հերոսի քույրը՝ Մարիամ Գրիգորյանը: 19-ամյա Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանը Քաշաթաղի լավագույն երեխաներից էր՝ Բերձոր քաղաքից։ Սովորում էր Բերձորի Վ․ Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգում։ Նրանց ընտանիքն Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել էր Քաշաթաղի շրջանից և հաստատվել Ստեփանակերտում: Երվանդը զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը: Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով նրա ընտանիքը մնացել էր Հայաստանի Հանրապետությունում՝ զրկված լինելով վերամիավորվելու հնարավորությունից: Մինչ նշված ռազմագործողությունը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար», -նշված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։ Երվանդ Թադևոսյանին ճանաչում եմ դեռ մանկուց։ Համեստ ու ժպտերես, բարի ու խելացի, բոլոր դրական խոսքերին արժանի Երվանդը, չնայած իր ծննդավայր-հայրենի քաղաքը հանձնվեց թշնամուն, ժամանակին մեկնեց ծառայության և պաշտպանում էր Արցախ աշխարհի սահմանները։
Հպարտ էր իր զինվոր որդով մայրը՝ Աննա Փալանջյանը, սպասում էր՝ տուն է գալու, բայց․․․ Եվ մեր հերթական ողբերգության ընթացքում ԱՄՆ-ում կայանում են բանակցություններ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Պարզ է՝ թշնամին նման սադրանքով արդեն որերորդ անգամ ստիպում է ՀՀ իշխանություններին համաձայնվել իր պահանջների հետ։ Այս առումով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովն այսօրվա նիստում հայտարարել է․ «Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.․․․ Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ. երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն․․․ Մեր խոնարհումը բերելով հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր չորս նահատակների հիշատակին՝ պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»: ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ասել է․ «Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները»:
ԱՀ ԱԺ պատգամավոր, բերձորցի Կարեն Հովհաննիսյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ․ «Այն փորձությունները, որոնք մեզ դեռ սպասում են առջևում, ավելի նենգ են լինելու, և, անկախ ամեն ինչից, պետք է աշխատենք հաղթահարել դրանք։ Ճիշտ է, այսօրվա կորստի ցավը շատ խորն է, այսօր զոհվել է նաև իմ հայրենի Բերձոր քաղաքից զինծառայող, և մեր անմեղ զոհեր ունենալու փաստը ողջ հայությանը պատճառել է մեծ ցավ։ Անկախ ամեն ինչից` պետք է կամք, համբերատարություն, հստակ գիտակցում, որ թշնամու նենգությունը բազմաշերտ է»։ Մի քանի օր կսգանք, կտխրենք մեր քաջարի զավակների նահատակության համար ու կմոռանանք՝ նրանց հարազատներին թողնելով իրենց մեծ ու երբեք չսպիացով վերքի հետ։ Առավել վտանգավոր է այսուհետ հատկապես Արցախի համար, երբ բոլոր կողմերից շրջափակված է, իսկ աշխարհը կառավարողների համար կարևորն իրենց շահերն են։ Պետք է միավորվել, կրկին հզորացնել մեր սասանված Եռամիասնությունը՝ հանուն Արցախի և հանուն մեր պետականության։ Նշեմ՝ հունիսի 29-ին՝ ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված մեր հերոսների հոգիների խաղաղության համար: