Image

Արցախը թեսթ է յուրաքանչյուր հայի համար

«Եթե մենք մեր հայրենիքը չենք սիրելու, ուրիշը կսիրի մեր հայրենիքը»

 

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի եւ հետագա զարգացումների մասին «ՀՀ թերթը» (hhtert.am) զրուցել էԱրցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։

- Մինչ Վաշինգտոնում «խաղաղության պայմանագիր» են քննարկում, Ադրբեջանըհ երթական ռազմական ագրեսիան է իրականացնում, որի հետեւանքով հայկական կողմն ունի չորս զոհ։ Ի՞նչ իրավիճակ է Արցախում այս պահին։ Կարո՞ղ ենք ասել, որ այսօրվա զարգացումները հայաստանյան իշխանությունների ամեն գնով այսպես կոչված «խաղաղության» հասնելու ձգտումն է։

- Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը, որից իմիջայլոց երբեք չի էլ հրաժարվել եւ բացեիբաց ասում է, թե ինչ է ուզում։ Սա շատ պարզ է, եւ այդ տեսանկյունից նրանք ազնիվ թշնամիներ են։ Ինչ վերաբերում է ամեն գնով խաղաղության գնալուն, ապա խաղաղության կարելի է գնալ միայն մեկ գնով․ պետք է մենք ուժեղ լինենք, որովհետեւ խաղաղությունը հավասարակշռություն է։ Երբ այն խախտվում է, բարեկամ համարվող երկրներն անգամ կարող են միմյանց  դեմ պատերազմել։ Բավական է տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում։

Խաղաղությունը հենց այնպես չի լինում, դա քո երկրի ներուժի, բարոյահոգեբանական իրավիճակի հետեւանքն է։ Մեր ամենամեծ վտանգը ներքին գործընթացներն են՝ անտարբերությունն Արցախի եւ ընդհանրապես պետականության նկատմամբ։ Կարծես թե բոլորը միայն իրենց մասին են մտածում։ Սա խոսում է հասարակության մեջ ընթացող շատ խորը դեգրադացիոն գործընթացների մասին։ Հետեւանքը Ադրբեջանի ագրեսիան է։ Այս կապը եթե մենք հասկականք, ճիշտ ըմբռնենք եւ փորձենք դրա դեմն առնել, ավելի հեշտ կլինի, իհարկե,ապահովել արտաքին ոլորտում պետության անվտանգությունը։

- Այսօրվա զարգացումը կարող ենք սպասված համարել՝ հաշվի առնելով մի քանի օր առաջԱդրբեջանի ՊՆ նախարարի հայտարարությունները, մասնավորապես այն, որ «ադրբեջանական մեկ կորպուսը կարող է լուծել Ղարաբաղում գտնվող հայկական ուժերի հարցերը»:

- Միանշանակ սպասված են եւ ոչ միայն դրանով պայմանավորված։ Իրենք մի քանի օր առաջ են սկսել համապատասխան տեղեկատվական ագրեսիվ քաղաքականություն վարել, կլինի դա վաշինգտոնյան հանդիպումներից բխող կամ ավելի հավանական է՝ Ռուսաստանում Պրիգոժինի ապստամբության փորձից։ Նրանք, ըստ երեւույթին, դրան շատ էին սպասում եւ եթե ինչ-որ բան լիներ, պատկերացնում եք, թե ինչ վիճակ կլիներ հայության հետ։

- Այդ առումով կարո՞ղ ենք արդյոք փոխկապակցված համարել այն, որ Ռուսաստանում ներքին խժդժությունների վտանգը տեսնելով ադրբեջանական կողմը բետոնապատեց Արցախը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող կամուրջը։

- Հենց դրա հետ է կապված։ Նրանք սպասում էին քաոս, քաղաքացիական պատերազմ, Ռուսաստանի մասնատում, իսկ երբ այդպիս բան է լինում՝ պատմությունը նման դեպքեր գրանցել է, պարզ է, թե ինչ վիճակ կսպասվեր մեզ համար։ Իրենք հաշվի էին առել մի շարք հանգամանքներ, բայց բնական է, առաջին հերթին մեր ժողովրդի մեջ ընթացող գործընթացներն են, որովհետեւ եթե մենք մեր հայրենիքը չենք սիրելու, ուրիշը կսիրի մեր հայրենիքը։

- Թերեւս առաջին հերթին հայ հասարակությու՞նը պիտի առողջացման գնա։

Միանշանակ։ Եթե դա տեղի չունենա, կործանվելու ենք։

- Պրն Բաբայան, այսօր Արցախի խորհրդարանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ՝ Վաշինգտոնում բանակցություններ անցկացնող ՀՀ պատվիրակությանը։ Ի՞նչ հնարավորություններ ունի Արցախը իր ձայնը միջազգային դերակատարներին լսելի դարձնելու համար։

- Արցախն ունի այդ հնարավորությունը․ սեփական ճակատագիրն ինքը տնօրինելու։ Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը եւ գործուն քայլեր ձեռնարկվելու են այս ուղղությամբ։ Մեզ որեւէ մեկը չի կարող ստիպել դառնալ Ադրբեջանի մաս։ Կամ պիտի լինի արյունահեղություն, պատերազմ, կամ պետք է բիբլիական ձեւով թողնենք, դուրս գանք։ Իսկ Արցախի անհետացումը բերելու է սարսափելի նոր զարգացումների շատ ու շատ երկրների համար։ Մեզ համար՝ ցեղասպանության, իսկ տարբեր երկրներ կարող են մասնատվել։ Հետեւաբար իմանալով մեր ուժը եւ լինելով հաստատակամ, մենք կարող ենք մեր ձայնը լսելի դարձնել եւ այնպես անել, որ մեզ հաշվի առնեն աշխարհում։

- Ինչ կարող է անել Հայաստանում ապրող հայը։

- Լինել հայ, սա է ամենակարեւորը։ Հիմա որոշվում է նաեւ հայ ժողովրդի ինքնության հարցը։ Արցախը թեսթ է, գոյություն ունի՞ արդյոք հայ ժողովուրդ, թե արդեն սին հասկացություն է։ Վատ բան եմ ասում, բայց հիմա այդ թեսթն ենք անցնում։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։