Ճակատամարտեր՝ տնտեսական ճակատներում
Երբ ԵԱՏՄ-ի ղեկավար կազմի մոսկովյան վերջին նիստի ժամանակ, որին հրավիրյալի կարգավիճակում մասնակցում էր նաև Ալիևը, Վլադիմիր Պուտինը շեշտեց 2022 թվականին Հայաստանի արձանագրած բարձր տնտեսական աճի ցուցանիշը, Ադրբեջանի ղեկավարը խորհրդավոր ժպիտ հագավ դեմքին: Այդ նիստից որոշակի ժամանակ անց Ադրբեջանական զինուժն սկսեց բացահայտ թիրախավորել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանը: Մինչ այդ Գեղարքունքի մարզի սահմանամերձ Սոթքի ոսկու հանքավայրն էր ադրբեջանական զինուժի թիրախի տակ:
Պաշտոնական Բաքվի նման գործողությունները փաստում են, որ նա բացահայտ տնտեսական պատերազմ է հայտարարել Հայաստանին և Արցախին: Արցախում լիակատար շրջափակման հետևանքով կաթվածահար է եղել գրեթե ողջ տնտեսությունը՝ ներառյալ հանքշահագործումը, իսկ Հայաստանում գործնականում պարալիզացվել է Երասխում ամերիկյան կապիտալով կառուցվող մետալուրգիական գործարանի շինաշխատանքները, Սոթքում էլ՝ ոսկու հանքի բաց շահագործումը, ինչի հետևանքով ոչ միայն 300 քաղաքացի կորցրել է իր աշխատանքը, այլը էականորեն նվազել են պետական բյուջե մուտքերը:
Տնտեսության ոլորտում ընթացող պատերազմի մասին է խոսում նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիներից ամեն գնով Հայաստանին դուրս թողնելու Բաքվի գործողությունները: Այն արվում է տարբեր միջոցներով: Չնայած հայտարարություններին, թե ձգտում կա Հայաստանի հետ հաղորդակցության ուղիները վերաբացելու հարցում՝ Ադրբեջանը գործնականում տրամագծորեն հակառակ քայլեր է անում: Բանակցությունների ժամանակ հաղորդակցության ուղիները բացելու համար առաջ է քաշում անիրատեսական պահանջներ՝ արհեստականորեն խոչընդոտելով գործընթացը: Վերջինս դրան զուգահեռ գործողություններ է անում Հյուսիս-Հարավ կարևորագույն տրանսպորտային-տնտեսական ճանապարհից Հայաստանին դուրս մղելու ուղղությամբ: Թեհրանի հետ գերլարված, դիվանագիտական առճակատման պայմաններում Բաքուն աջակցում է Իրանից դեպի Ադրբեջանական Աստարա բնակավայրը երկաթգծի կառուցման ՌԴ-Իրան նախաձռնությանը:
Հատկանշական է, որ Երասխում նույնիսկ ամերիկայն դրոշի բարձրացումից հետո Ադրբեջանը շարունակում է կրակել նոր կառուցվող գործարանի ուղղությամբ, թիրախավորելով շինտեխնիկայի յուրաքանչյուր տեղաշարժ: Այն միայն գործարանի ուղղությամբ կրակոցներ չեն, այլ լուրջ հարված է Հայաստանինի՝ ներդրումների համար բարենպաստ երկրի համբավին: Պաշտոնական բաքուն բարձրացնում է ռիսկայնությունը, ինչը ցանկացած ներդրումային ծրագրի հիմնարար բաղադրիչներից է:
Վերևում նկարագրված գործընթացները գալիս են փաստելու, որ Ադրբեջանն ամենևին կառուցողական և խաղաղասիրական մոտեցումներ չունի հարևան հայկական պետությունների հանդեպ, որի պայմաններում խաղաղության և կարգավորումների շուրջ ընթացող բանակցությունները կարող են նրա կողմից ունենալ միայն իմիտացիոն բնույթ: Այս պայմաններում միջնորդ միջազգային կառույցներ և պետությունները պետք է մեծ ջանքեր գործադրեն Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելու համար, իսկ հայկական պետությունները պարտադրված են հակազդելու ադրբեջանական յուրաքանչյուր նմանատիպ քայլին, դրա այլընտրանքը կործանումն է: