Ալիեւյան «բնա»-պահպանակները կրկին գործ են ստացել
Ադրբեջանի 24 ՀԿ-ներ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարին բաց նամակ են ուղղել։ Բաց նամակ, որ պահանջագիր է․ «Կոչ ենք անում, պահանջում ենք Հայաստանի Հանրապետությանը անհապաղ դադարեցնել տարածաշրջանի էկոհամակարգին լուրջ վնաս հասցնող հետեւյալ ձեռնարկությունների գործունեությունը»։
Իսկ «հետեւյալ ձեռնարկություններ» ասվածը Հայաստանի հանքավայրերն ու գործարաններն են․․․
Իրավական տեսանկյունից այս իրավիճակը կարող էինք քննարկել, եթե խոսքը Ադրբեջանի մասին չլիներ։ Բայց քանի որ խոսքն Ադրբեջանի մասին է, իրավական որեւէ հարցից ու որեւէ տեսանկյունով քննարկելն անիմաստ է։ Որովհետեւ սա այն Ադրբեջանն է, որ հայ զինվորին ու տարեցին գխատում էր, ու այդ տեսարանը հպարտությամբ ցուցադրում համացանցում։ Սա այն նույն Ադրբեջանն է, որ կնոջ է մասնատում։ Այն նույն Ադրբեջանն է, ում զինվորը հանցագործ է, ում հերոսը քնած հային կանցահարողն է։ Սա այն նույն Ադրբեջանն է, ով թքած ունի իրավական, մարդկային, բարոյական բոլոր նորմերի վրա։ Սա ունի միայն մեկ որոշում՝ ոչնչացնել Արցախն ու Հայաստանը։
Ադրբեջանը (Թուրքիայի հովանավորությամբ) հանցագործ պետություն է․ այստեղ պետական մակարդակով հերոսացվում են հայատյացները, հայ հոշոտողները, հայ մորթողները։ Եվ ադրբեջանական ամեն քայլ պետք է քննարկվի բացառապես եւ միմիայն այս տիրույթում։
Նախ՝ ի՜նչ ասել է ադրբեջանական ՀԿ-ներ։ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն, որպես այդպիսին, չկա։ Ադրբեջանում ամեն ինչ ալիեւյան բռնապետության շրջանակում է ձեւավորվում, հրամաններ ստանում, կատարում։ Հիշում ենք նախորդ տարվանից Բերձորի միջանցքի փակման սկիզբը։ Իբր բնապահպաններն էին փակել՝ բնական մորթուց մուշտակներ կրող, աղավնի սատկացնող։
Ադրբեջանում իրական բնապահպաններ չկան։ Սա առաջին, եւ հարցը փակեցինք։
Երկրորդ՝ ադրբեջանինը էկոահաբեկիչներ են։ Բնապահպաններ լինեին, մտահոգություն կհայտնեին այն ժամանակ, երբ Արցախի անտառների ու հայ զիվորների վրա սպիտակ ֆոսֆոր էր թափվում։ Թե՞ Արցախի անտառներն էին բնությունից դուրս։
Երրորդ՝ ադրբեջանական իբր բնապահպանները նամակում գրել են, թե՝ մտահոգություն են հայտնում «Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքների հետևանքով առաջացած լուրջ էկոլոգիական ճգնաժամի կապակցությամբ։ Սրանով խաթարվում է Հարավային Կովկասում բնապահպանական կայունությունը»։ Փաստորեն, ըստ այս հանցագործների, Արցախը Հարավային Կովկասից դուրս է, որովհետեւ Արցախում թափված սպիտակ ֆոսֆորը, ըստ նրանց տրամաբանության, չէր խաթարել Կովկասի բնապահպանական կայունությունը։
Չորրորդ՝ Հարավային Կովկասի բնապահպանական կայունությամբ այդքան մտահոգված «բնապահպանները» «մոռացել» են Կասպից ծովի տեղն ու նավթը, Ադրբեջանի էկոլոգիական խնդիրներն ու զարհուրելի հետեւանքները ամբողջ տարածաշրջանի համար (այս թեմային անդրադարձել ենք)։ «Մոռացել» են, որովհետեւ դրանք բնապահպաններ չեն, ալիեւնի անձնական օգտագործման «բնա»-պահպանակներն են։
Հինգերորդ՝ այս պահպանակները, որ այդքան ատում են հայերիս, հանկարծ սկսել են մեր առողջության մասի՞ն մտածել։
Վեցերորդ՝ հասկանում ենք, որ ՀՀ-ում գործող հանքարդյունաբերողները համապատասխան փաստաթղթեր ունեն ՀՀ օրենսդրության համաձայն։ Գործում են ՀՀ օրենսդրության համաձայն, եւ ինչ-որ բան խախտելու պարագայում նաեւ պատասխանատվության մեխաննիզմներ կան ՀՀ օրենսդրության համաձայն։ Հապա ինչու՜ ենք մտահոգ ադրբեջանական իբր ՀԿ-ների պահանջագրով։ Մտահոգությունը մեզ մեր իրականությունն է տալիս։ Այն է՝ մեր երկրի (Հայաստան եւ Արցախ) դեմ պատերազմների փաթեթ է կիրառվում՝ զուտ պատերազմ, տեղեկատվական պատերազմ, հոգեբանական պատերազմ։
Ադրբեջանական ՀԿ-ների նամակը հստակեցնում է, որ գործնական առավել ակտիվ փուլ է մտնում տնտեսական պատերազմը։
Իսկ մեր իրականությունը շատ ցավալի է, այնքան ցավալի, որ, դժբախտաբար, կարող ենք մտածել, որ «հայկական կողմը» կարող է Ադրբեջանին բավարարելու եւ «միեւնույնն է, խաղաղության օրակարգով գնալու» համար ինչ-որ քայլեր սկսել․․․
«Հայկական կողմի» դիրքորոշումն առաջիկայում կերեւա։ Իսկ իրապես հայկական կողմը, որ առանց չակերտների է, պիտի հստակ գիտակցի, որ մարտահրավերները գնալով ավելի են շատանալու։ Բայց եթե լինի իրապես կամք մեր երկիրը՝ Արցախն ու Հայաստանը հայի ոստան պահելու, ուրեմն մարտահրավերների դեմն առնելու միջոց ու հնար կգտնի։