Image

Երես տվին, աստառ էլ ուզեց

Բաքվի բռնապետը «դասը» լավ է սերտել․ երբ միջազգային գործընկերների հետ շահերը համընկնում են, ապա իրավունք, արդարություն, ճշմարտություն հասկացությունները հայտնվում են մոռացության գրկում։ Այսօր հասել ենք այն սահմանին, երբ Ալիեւի կողմից միջազգային իրավունքի, համակեցության նորմերի ոտնահարումն այնքան բացահայտ եւ ընդգրկուն է, որ կա՛մ միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, կա՛մ խոստովանի, որ գործող միջազգային իրավական համակարգի համար այլեւս պատասխանատվություն չի կրում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ, առայսօր գործող աշխարհակարգի պատասխանատուները հետքայլ կատարեցին։ Տնտեսական, էներգետիկ շահերը, կոմունիկացիոն առաջնահերթությունները ճանաչվեցին գերակա իրավունքի, մարդկայնության եւ արդարության հանդեպ։ Այդ ամենի խտացումը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն է, երբ Բաքվի բռնապետին թույլ տվեցին խախտել բոլոր հնարավոր սահմանները, հատել «կարմիր գծերը», միայն թե գազն ու նավթը հոսեն անհրաժեշտ խողովակներով։

Հենց երեկ Բաքվում Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարեց, որ երկու երկրների միջեւ կնքվել է գազի մատակարարման վերաբերյալ մի շարք պայմանագրերը, հաջորդը լինելու է վառելիքի պահեստավորման մասին պայմանագիրը։ «Էներգետիկ ճգնաժամի ամենաարդյունավետ լուծումը ադրբեջանական գազի մատակարարումն է Եվրոպա»,-դեռեւս ապրիլին հայտարարել էր Սիյարտոն։ Հունիսի 2-ին հունգարական MVM CEEnergy էներգետիկ ընկերությունը եւ Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) Բաքվում համաձայնագիր էին ստորագրել, ըստ որի՝ մինչեւ տարեվերջ Հունգարիա կմատակարարվի 100 մլն խմ մետր գազ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից գազի մատակարարումները դեպի Եվրոպա սկսվել էին 2020 թվականի վերջին Անդրադրիատիկ խողովակաշարով, որը Հարավային գազային միջանցքի մասն է։ Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի համաձայն՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում գազի մատակարարումները Եվրոպա կավելացվեն տարեկան մինչեւ 20 միլիարդ խորանարդ մետր:

Այսօր միջազգային հանրությունը տեսնում է ամենաթողության արդյունքը․  Ալիեւը հանդիմանում է «բոլոր խոշոր երկրներին» միջազգային իրավունքը խախտելու համար։ «Միջազգային իրավունքի երաշխավորի դեր ստանձնած խոշոր պետություններն իրենք են առաջինը ոտնահարում այդ իրավունքը, հետո արդարացնում։ Նկատի ունեմ բոլոր խոշոր երկրները։ Ինչպես ասում են, նրանցից յուրաքանչյուրն յուրովի խախտում է կամ կոնվենցիաներ, կամ միջազգային իրավունքի նորմեր, կամ էլ հաստատված միջազգային վարքագծի կանոններ, եւ դա ընդհանրապես չեն թաքցնում։ Ուստի, իհարկե, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, առաջին հերթին՝ պաշտպանելու մեզ, պաշտպանելու մեր անկախությունը, պաշտպանելու մեր ընտրությունը, պաշտպանելու մեր ապրելակերպը, պաշտպանելու մեր տարածքային ամբողջականությունը»,- նման ելույթ է ունեցել առաջին կիսամյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված հանդիպմանը։ Այլ կերպ ասած, Ալիեւը հասկացնում է, որ եթե մյուսներին կարելի է խախտումներ անել, շրջանցել իրավունքը, ապա ինչու՞ իրեն չի կարելի։ Այստեղ են ասել՝ «երես տվին, աստառ էլ ուզեց»։

            Օրեր առաջ Ալիեւը Ֆրանսիային մեղադրել է Արցախում իբր «անջատողականությանն» աջակցելու եւ «այլ երկրների ներքին գործերին» միջամտելու մեջ, ապա նաեւ ընդգծել է, որ Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի «գաղութային անցյալի եւ գաղութային հանցագործությունների», ինչպես նաեւ «Աֆրիկայում, Հարավարեւելյան Ասիայում եւ այլ վայրերում Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ցեղասպանության համար»։ Այո՛, ոչ ավել, ոչ պակաս։ Չնայած դրան, նման մեղադրանքները չեն խանգարում, որպեսզի երկու երկների գործընկերներ լինեն գազի արդյունահանման մասով։ Ֆրանսիական TotalEnergies էներգետիկ ընկերության տարածած հաղորդագրության համաձայն SOCAR-ի սկսել են գազի արդյունահանումը Ադրբեջանի «Ապշերոն» հանքավայրում։ «TotalEnergies-ը եւ SOCAR-ի գործընկերը հայտարարել են Կասպից ծովում՝ Բաքվից մոտ 100 կմ հարավ-արեւելք գտնվող Ապշերոն գազային կոնդենսատային հանքավայրի համատեղ շահագործման առաջին փուլի մեկնարկի մասին»,- ասված է տեքստում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, TotalEnergies-ը եւ SOCAR-ը ունեն հավասար բաժնետոմսեր՝ 50 տոկոս, որոնք կառավարվում են JOCAP համատեղ ձեռնարկության կողմից։ Ֆրանսիական ընկերությունը գործում է Ադրբեջանում սկսած 1996 թվականից։

Ալիեւը վստահ է, որ տնտեսական, էներգետիկ շահերը կօգնեն մարսել քաղաքական հարթակներում ցինիզմով հագեցած իր հայտարարությունները։ Արդյունքը՝ երկակի ստանդարտներն են, արցախցիների ոտնահարված, մոռացված իրավունքները, ամենակարեւորը՝ ապրելու իրավունքը։ Բայց դե ինչ ենք պահանջում  օտարներից, երբ մեր հասարակության որոշակի շերտեր ամենաբարձր հովանավորությամբ հրաժարվել են մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու պարտականությունից։ Հետեւանքն իրեն սպասեցնել չի տալիս ամենաօրյա ռեժիմով․ այսօր, երեկոյան 17:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի եւ Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Սա էլ կսպրդի արդարության եւ բռնությունն ու սպառնալիքը մերժող միջազգային գործընկերների ու հայաստանյան որոշակի շրջանակների ուշադրությունից։

Մեղավո՞րը ․․․ թույլն է։

Չլինե՛նք թույլ։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։