Ինչո՞ւ է Էրդողանն Արցախի հիմնահարցը տանում ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների դաշտ
Այն իրավիճակում, երբ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, դաշինքի՝ բանակի մեծությամբ երկրոդ երկրի ղեկավարը հնչեցնում է Լեռնային Ղարաբաղի անունը: Գագաթնաժողովի ավարտից հետո կազմակերպած մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարում է, թե Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը 2025 թվականին պետք է լքի տարածաշրջանը:
Թուրքիայի առաջնորդի այս քայլն անհրաժեշտ է դիտարկել երկու տեսանկյունից: Զուտ իրավական առումով էրդողանը փաստացի հայտարարում է, որ 2025 թ-ի ավարտին մոտ Ադրբեջանը հայտարարելու է, որ չի ցանկանում տարածաշրջանում տեսնել ռուս խաղաղապահներին: Վերջիններիս կարգավիճակը և իրավասությունները սահմանող եռակողմ փաստաթղթում ամրագրված է, որ 2025 թվականից հետո խաղաղապահները կշարունակեն մնալ Լեռնային Ղարաբաղում, եթե կողմերից որևէ մեկն այդ ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ հանդես չգա նրանց ներկայության դեմ: Միանշանակ է, որ Արցախում շարունակվող ադրբեջանական ցեղասպան գործողությունների պայմաններում հայկական կողմը մշտապես կողմ է լինելու ռուս խաղաղապահների ներկայությանը, իսկ ահա Ալիևն իր յուրաքանչյուր ելույթում շեշտում է խաղաղապահների՝ ժամանակավոր այնտեղ գտնվելու նրբերանգը:
Այս հայտարարության մյուս հատկանշական կողմն այն է, որ հերթական անգամ Էրդողանն, ի ցույց աշխարհի, հայտարարեց, որ շահագրգիռ կողմ է արցախյան հիմնահարցում, ինչը հաստատում է այն փաստը, որ 44-օրյա պատերազմի սկսման և ելքի մեջ մեծ ներդրում է ունեցել: Թուրքիայի առաջնորդը փաստորեն հայտարարում է, որ Ադրբեջանում ասողն ինքն է, քանի որ ապահովել է 44-օրյա պատերազմի ելքը:
Թուրքիայի նախարարի հայտարարության մյուս էական կողմն այն է, որ նա արցախյան հիմնահարցը տանում է ՆԱՏՕ-ի հարթակ և սա այն պայմաններում, երբ արցախում անվտանգության միակ երաշխավորը ՌԴ խաղաղապահներն են, իսկ ՆԱՏՕ-ն ոչ կոնտակտային հակամարտության մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ: Հետևաբար՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Արցախին անդրադառնալը՝ չլուծված հիմնահարցը Հյուսիսատլանտյան դաշինք-ՌԴ հարաբերությունների դաշտ տեղափոխելու նպատակ ունի: Այս քայլն ծայրահեղ վտանգավոր է Ացախի և Հայաստանի համար:
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության շարունակման պայմաններում նաև ՆԱՏՕ-ի ազդեցության լծակներով ռուս խաղաղապահներին դուրս մղելը տարածաշրջանից, արցախահայությանը ցեղասպանության, լավագույն դեպքում՝ բռնագաղթի ճանապարհ կհարթի: ՌԴ-ն Արցախում ոչ թե իր կայսերական շահերն է սպասարկում, այլ այսօր փաստացի մի ողջ ժողովրդի՝ ոչնչացումից պաշտպանելու միակ ուժն է: Եթե տեսականորեն ենթադրենք, որ ՌԴ խաղաղապահներին կարող են փոխարինել ԵՄ կամ ՆԱՏՕ-ի խաղաղապահները, ապա ստացվում է, որ նման զարգացումների նպատակը Արցախում մի ուժը մեկ այլ ուժի ներկայությամբ փոխարինելն է, քանի որ առանց վերջիններիս արցախահայությունը չի կարող ապրել իր հազարմյակների բնօրրանում: Հետևբար Ստացվում է, որ Թուրքիան և Մոսկվայի նորաթուխ ռազմավարական դաշնակից Բաքուն, չեն ցանկանում տարածաշրջանում տեսնել ՌԴ-ին:
Գործընթացների զարգացման այս սցենարն արդեն պետք է հետաքրքրի Մոսկվային՝ թյուրքական պետությունների հետ հարաբերությունները շարունակելիս հաշվի առնելու առումով: Մյու կողմից էլ տարածաշրջանում ոչ տարածաշրջանային նոր ուժերի ներկայության հարցն արդեն չի կարող անտեսվել Իրանի կողմից: Հետևաբար՝ Անդրկովկասում ուժերի հարաբերկացության ցանկացած փոփոխություն, բերելու է դրանց հավասարակշռության խախտման՝ իր ողջ ապակայունացնող գործոնների գործիքակազմով: