Image

Երկու ձեռքը երես չի լվանում, եթե…  ձեռքերը նույն մարմնին չեն պատկանում

Էրդողանը հույս է հայտնել, որ «իր ընկեր Պուտինին» կհամոզի վերականգնել ցորենի արտահանման գործարքը:

«Իմ ընկեր»:

Թուրք Էրդողան… ու ընկեր:

Այդ, ավելի շուտ Պուտինն էր դրան ընկեր «համարում»:

Մենք վերջերս անդրադարձել ենք Ռուսաստանի իշխանությունների ինքնախաբեության, կամավոր խաբվելու, թուրքերին ինքնակամ տրվելու , դեսպանասպանությունը հանգիստ ներելու մասին ( արժանապատվությունն  ու ինքնասիրությունը ոտնահարելով):

Այժմ պարզապես ցանկանում ենք կատարել մի դիտարկում, հիշողության թարմացում:

Երբ Թուրքիան եւ Էնվեր փաշայի հոգի կանչող «մեդիում» Էրդողանը իրենց կոտորելով խցկվում էին Հարավային Կովկաս ( Ռուսաստանի համար` Անդրկովկաս), Ռուսաստանը կողմ արտահայտվեց ու նպաստեց Թուրքիայի` իր ապօրինի զավակի ( բարոյական օրենքներից զուրկի ճտի) իր իսկ կողմից  անցյալ  դարասկզբին ստեղծված տարածքում ոտքի տեղ անելուն:

Այդ խառը եւ լարված ժամանակներում էր, երբ առողջ ուժերը կտրականապես դեմ էին արտահայտվում այդ գաղափարին, Վլադիմիր Պուտինը մի այսպիսի արտահայտություն արեց Էրդողանի մասին. « Նրան շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ո'չ երբեք իր խոսքը չպահելու մեջ»:

Ինչպես ասում են` հասանք տեղ:

Թուրքերը խաբել են, խաբում են ու խաբելու են բոլոր նրանց, ովքեր իրենց ձեւ են տալիս, թե չեն խաբվում: Այս իրավիճակը ձեռնտու է թե' խաբողին, թե' խաբվողին:

Խաբողը հայտարարում է, թե չի խաբում, իսկ խաբվողը հայտարարում է, թե` քանի որ խաբողը չի խաբում, ուրեմն ես էլ չեմ խաբվում…

Այս իրավիճակը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ, ինչպես հայտնի ասացվածքում է ասվում, ինչ-որ մի բան ջրի երես չի ելնում ու հոտն աշխարհ է բռնում… Միայն այս ժամանակ է, որ աշխարհի առաջ խաղք չլինելու համար խաբվողը կամ ուշքի է գալիս կամ ձեւ է տալիս, թե իբր ուշքի եկավ, մի երկու կտրուկ քայլ է անում դեմքը աշխարհի ժաժքից ( երկրաշարժից) փրկելու համար…

Եւ ահա, եկավ այդ պահը:

Խոսքը «պահող»ֆաքիր Էրդողանը բացահայտ, ի լուր աշխարհի եւ ի տես ՆԱՏՕ-ի իր գործընկերների, Ուկրաինայի ղեկավար Զելենսկուն հանձնեց անձամբ Պուտինի կողմից  իրեն ի պահ տրված»Ազով» ռազմական խմբավորման հինգ հրամանատարներին: Պահասենյակի բանալին ( камера хранения) ի պահ էր տրված « խոսքի տեր ընկերոջը»,  ով լոկ լավ առեւտրական է… Ռուսաստանի շահերը վաճառում է Արեւմուտքին, վերջինիս շահերը ծախում է Մոսկվային… արանքում մշտապես իր հսկայաբաժին շահն ունենալով ( միջնորդավճար, բախշիշ, աչքի սուրմա… )

Պետք չէր այն աստիճան իջնել, որ հանուն ոչ բարեկամի հետ «բարեկամության» փորձել արդարացնել նրա ամեն արարք ու կամակորություն: Աբսուրդը հասավ այնտեղ, որ Պուտինի բարձրախոս Պեսկովը ի լուր աշխարհի արդարացրեց «Այա Սոֆիայի» տաճարը կրկին մզկիթի վերածելու հերթական հանցանքը մարդկային եւ աստվածային արժեքների դեմ: Ո՞վ չգիտի վերջինիս թուրքական բիզնեսին սերտաճած լինելը:

Ռուսաստանը միշտ էլ տուժել է իր չինովնիկների անհեռատեսության, շահամոլության, կոռումպացվածության ու պետական շահը անձնականին ստորադասելու անհագ մղումից…

Հաջորդ անգամ ընկեր ընտրելիս ուշադիր լսեք, թե մեկ այլ արջ ձեր ականջին ի՞նչ է ասում:

Չնայած, օգոստոսին կերեւա… կլինի՞ այց, թե՞…

ԱՐԹՈՒՐ ՍԵՒԱՉԵՐՅԱՆ

Հ. Գ. Նույնիսկ եթե խոսքը պահելը համարվեր առավելություն, անհասկանալի է տրամաբանությունը, երբ մարդակերպն ասում է` ես ցանկանում եմ իրականացնել ցեղասպանություն… ու կատարում իր խոստումը, ես ցանկանում եմ գրավել հարեւան երկրների տարածքները, կոտորելով այդ ժողովուրդներին …ու կատարում իր խոստումը, ես ցանկանում եմ այլ երկրի հետ պայմանագիր կնքել եւ երրորդ երկրի տարածքը նվիրել չորրորդ երկրին… ու, քո իսկ աջակցությամբ, իրականացնում է իր խոստումը…

Նմանն զնմանին գտանե: Այստեղ արդեն գործում է ռայկինյան սկզբունքը. «Եթե ես քեզ եմ հարգում, իսկ դու` ինձ, ուրեմն մենք հարգված մարդիկ ենք: 

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։