Աղետն Արցախում՝ խարան է լինելու ողջ մարդկության ճակատին
Արցախում հումանիտար ճգնաժամն հատում է աղետալիի սահմանը: Հանրապետությունում սննդի օրերի պաշար է մնացել, իսկ այն նշանակում է, որ Լաչինի միջանցքը չբացվելու դեպում արցախցիները մատնվելու են սովի: Այլ կերպ ասած՝ մի ողջ ժողովուրդ քաղաքակրթության 21-րդ դարում, մարդկության լուռ հայացքի ներքո ենթարկվում է ցեղասպանության: ՀՀ վարչապետը ստիպված էր արձանագրել, որ ԵՄ հովանու ներքո բրյուսելյան հանդիպմանը Արցախի հումանիտար հարցերում արդյունքներ չեն գրանցվել:
Այդ ընթացքում պաշտոնական Բաքուն կատարեց հերթական նենգ քայլը՝ Բրյուսելում առաջարկելով հումանիտար բեռներ տեղափոխել Ակնայի ճանապարհով՝ լավ իմանալով, որ արժանապատիվ արցախցին երբեք չի ընդունի ահաբեկչի մեկնած ձեռքը: Արդյունքում՝ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը փորձեց իմիտացնել մի իրավիճակ, ըստ որի՝ հենց արցախցիներն են իրենց ծանր վիճակի մեղավորը, քանի որ չեն ընդունում առաջարկած «օգնությունը» և հաստակողություն են անում:
Ադրբեջանական այս կեղծ իրականությունը միջնորդ միջազգային կառույցները և պետություններն առայժմ ընդունում են՝ գիտակցաբար, թե անտեղյակությունից ելնելով, որն արդեն էական չէ: 30 տարի ընթացող արցախյան կարգավորումից անտեղյակ Շառլ Միշելը կարող է իրեն թույլ տալ տրվել ադրբեջանական կեղծիքին, սակայան արցախյան հակամարտությանը քաջածանոթ միջնորդ պետություններն նման վարք չեն կարող դրսևորել: Վերջիններս գիտեն հակամարտության էությունը, որն աննախադեպ է զոհերի թվով, լավ գիտեն այն հակահայկական պետական քարոզչությունը, որը տարվել է Ադրբեջանի գոյության ողջ ընթացքում և շարունակվում է նաև այսօր, հետևաբար լավ են հասկանում, որ անհնար է առանց որևէ միջազգային մեխանիզմի և անվտանգային միջավայրի՝ նույնիսկ արցախցու շփումը ադրբեջանցու հետ, ուր մնաց «համագործակցության» նման՝ թեկուզ բեմականացմանը մասնակցելը:
Միջնորդները նաև պետք է լավ հասկանան, որ արցախյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել արցախցու վրա նման ճնշումներ գործադրելով, սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո այն ավելի է խորացել և ընդլայնել ծավալները: Այս իրավիճակում, եթե միջնոր պետությունները և կենտրոնները, որոնք խոշորագույնն են աշխարհում, իրոք չեն ցանկանում արցախում ողբերգական տեսարանների ականատես լինել, որը խարան կլինի ողջ քաղաքակրթական համայնքի ճակատին, ապա պետք է Ադրբեջանին ստիպեն բացել Լաչինի միջանցքը:
Արցախցին Հայաստանում և Արցախում, աշխարհասփյուռ հայությունը ողջ աշխարհում այսօր վերջին անգամ են ձայն բարձրացնում՝ միջազգային հանրությանը իրազեկելու այն մոտալուտ աղետը, որն սպասվում է Արցախի Հանրապետության 120 հազար բնակչին: Արցախի ապաշրջափակման կոչերով արդեն ակցիաներ են սկսել իրանահայ համայնքում, վաղը այլ երկրներում էլ են կազմակերպվելու նման գործողություններ: Հայության այս ձայնը չլսելը հավասարազոր կլինի ահաբեկչության խրախուսմանը: Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն որակել հնարվոր չէ: Այսօր Արցախի ժողովրդի դեմ իրականացվում է պետական մակարդակով ահաբեկչական ակտ, առանց խոշորածավալ ռազմական ագրեսիայի՝ ընդամենն ուղեկցող սահմանային կարկոցներվ, բայց արդյունքը և նպատակը նույնն է՝ իր հազարմյակների բնօրրանից ահաբեկելով դուրս մղել այդ հողի տերերին: Արդյո՞ք ադրբեջանական նավթն ու գազն այդ աստիճան կուրացրել են Երկիր մոլորակի բնակիչներին: