Image

Դեպի քաղաքակիրթ ապագա՞, թե՞ բարբարոսական անցյալ

Այն օրերին, երբ Արցախի Հանրապետությունը՝ նաև Թուրքիայի դրդմամբ ադրբեջանական կողմը ամբաղջական բլոկադայի մեջ է առել և բնակիչներին աղետի առաջ կանգնեցրել, զուգահեռ գործընթացներում նույն Թուրքիայի ղեկավարը ինքնահռչակ Հյուսիսային թյուրքաբան Կիպրոսի հատվածում օդանավակայան է բացում և ՄԱԿ-ին կոչ է ուղղում ճանաչել  կղզու այդ հատվածի անկախությունը:

Զուգահեռ իրողությունների այս պատկերավոր օրինակը, ակնառու, ընկալելի և հանրամատչելի ձևով ցույց է տալիս երկակի չափանիշների սկզբունքը, որը գերիշխողն է այսօր աշխարհում: Գոյություն չունեցող չափանիշներով մի դեպքում հակվածություն կա ճանաչելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մյուս դեպում այդ նույն իրավունքը ճնշվում է բռնի ձևով ընդհուպ ցեղասպանություն և էթնիկ զտում կիրառելով:

Նախաձեռնելով և ակտիվ դերակատարություն ստանձնելով Արցախի ժողովրդի ինքնորաշման իրավունքի հիմնահարցի լուծման բանակցային ձևաչափը պատերազմի դաշտ տեղափոխելու գործընթացում, նույն պետության նույն ղեկավարը խոսում է թյուրքական հերթական պետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին, այն դեպքում, երբ այս երկու  դեպքերի միջև էական տարբերություններ կան, եթե չասենք, որ փոխբացառող են:

Արցախի ժողովուրդը ԽՍՀՄ օրվա սահմանադրության և օրենքների հիման վրա հռչակել է իր անկախությունը հանրաքվեի միջոցով, այնուհետև իր ընտրյալների կյանքերի գներով պաշտպանել իր որոշումը, իսկ Հյուսիսային Կիպրոսի թյուրքական պետությունը ձևավորվել է 1974 թվականի Թուրքիայի կանոնավոր զորքերի՝  կղզու այդ հատված ներխուժելու  և օկուպացնելու հետևանքով:

Ստացվում է, որ մի  երկրի ղեկավարը կարող է ցեղասպանական մեթոդներով մի ժողովրդի զրկել իր հազարամյակների բնօրրանում ինքնորոշվելու իրավունքից, իսկ իր արյունակիցներին խրախուսել ինքնորոշվել հազարամյակներով Կիպրոսի հույների հայրենի բնօրրանը համարվող տարածքներում: Ավելին, կիպրացի թուրքերի համար կարելի է չճանաչված պետություն ունենալ ուրիշի հողերի վրա, իսկ իր հազարամյակների տանը ապրող արցախցուն ռազմական ագրեսիայից  հետո էլ  արդեն բլոկադայի միջոցով գոյաբանական խնդրի առաջ կանգնեցնելով, ստիպել հրաժարվել ժողովրդավարության բոլոր չափանիշներին համապատասխանող կայացած պետականությունից:

Այս ծայրահեղություններն չնայած այս դեպքում արտահայտվում են թյուրքական պետությա դեմքով, որն իր պատմության ողջ ընթացքում զբաղված է եղել այլ ժողվուրդների կենսական տարածքներ զավթելով, սակայն այդ նույն երկակի ստանդարտներն այսօր կիրառվում է նաև երկիր մոլորակի այլ անկյուններում և այլ դեպքերում՝ Կոսովո, Թայվան,  Աբխազիա, Հարավային Օսեթիա, Մերձդնեստև և այսպես 5 տասնյակ սուբյեկտ: Բայց երկակի ստանդարտները, պետությունների քմահաճույքները լինելով հանդերձ, հարվածում են միջազգային իրավունքի հիմքերին, դրանք հակամարտությունները՝ համընդհանուր կոնվենցիաներով ամրագրված հիմնարար իրավական նորմերից դուրս մեկնաբանել է նշանակում, ինչն էլ իր հերթին հարցականի տակ է դնում աշխարհակարգն ընդհանրապես: Հետևաբար՝ Մարդկությունը համամարդկային երկընտրանքի առաջ է կանգնած՝ շարժվել դեպի քաղաքակիրթ ապագա, թե՝ բարբարոսական անցյալ:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։