«Ծիտիկ դնելով» միջազգային կառույցները մեղսակցում են Բաքվին
Արցախի բլոկադայի շուրջ ընթացող հասարակական դեբատները, թե հայկական կողմը պետք է վճռական գործողությունների դիմի, այլ ոչ թե հույսը դնի երրորդ՝ արտաքին ուժի վրա, այս դեպքում ճիշտ չեն: Այսօր խոսք դեռ չի գնում Արցախի կարգավիճակի մասին, այլ՝ հումանիտար աղետն է հիմնահարցը, որն Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության արդյունք է:
Միջազգային մարդասիրական կոնվենցիաներով սահմանված ցեղասպանական, էթնիկ զտման գործողություններին համապատասխանող վարք է այսօր ցուցաբերում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, հետևաբար՝ դրանց գնահատական տալու հարցն ամբողջությամբ միջազգային կառույցների իրավասության ոլորտում է: Ստեղծված իրավիճակում Հայաստանի քայլերի հնարավոր տարբերակները երկուսն են, կա՛մ ուժի միջոցով բացել Արցախի ճանապարհը, կա՛մ Արցախում տիրող իրավիճակի մասին իրական պատկերն աշխարհին հասցնելն է: Հետպատերզմյան ժամակահատվածում ուժի կիրառմամբ ճանապարհի բացումը հավասարազոր է պատերազմի վերսկսման, ինչին նաև սպասում է թուրք-ադրբեջանական զույգը:Երկրորդը՝ միջազգային կառույցներին և հանրությանը Արցախում ստեղծված վիճակի մասին բարձրաձայնելն այսօր արվում է թե՛ պետական մարմինների, մասնավորապես՝ ԱԳՆ-ի, թե՛ հասարակական նախաձռնությունների միջոցով:
Ասել, թե միջազգային կառույցները տեղյակ չեն Արցախում հաստատված հումանիտար ճգնաժամի վերջին փուլից՝ ճիշտ չի լինի, քանի որ վերջիններս բազմաթիվ որոշումներ և հայտարարություններ են ընդունել իրավիճակի մասին, բարձրագույն դատական մարմնի միջոցով կայացրել պարտադիր կատարման իրավական ուժ ունեցող որոշումենր, որով պաշտոնական Բաքվին պարտադրել են բացել Լաչինի միջանցքը: Այստեղ խնդիրն այն է, որ նման որոշումների և հայտարարությունների թվի աճի և շեշտադրումների խստացմանը զուգահեռ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն ավելի է ուժեղացրել Արցախի շրջափակումը՝ հումանիտար աղետը հասցնելով իր վերջնական արարին:Սա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն արհամարում է միջազգային բոլոր կառույցների հորդորները:
Միջազգային կառույցներում, բնականաբար, գիտեն, որ իրենց որոշումները կյանքի կոչելու համար պետք է Ադրբեջանին պարտադրելու գործնական մեխանիզմներ ներդրվեն, որոնցից առաջինն այդ երկրի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է: Այն այսօր չի արվում: Ավելին՝ ադրբեջանական ղեկավարության հետ հանդիպումներում ոչ միայն պահանջների խստացման մասին հրապարակավ հորդորներ չեն հնչում, այլ այդ պետության իշխանությունների գործողություններին լռելյայն համաձայնություն տալու գործելաոճ է ընտրված: Դրա վառ օրինակը Շարլ Միշելի վերջին գործողություններն էին, որը բրյուսելյան հանդիպման ժամանակ փոխանակ ճնշում գործադրեր Ալիևի վրա, ընդունեց նրա խաղի կանոնները և դրական համարեց, որ արցախցիները հումանիտար օգնություն ստանան Ակնայի ճանապարհով, ասել է, թե՝ Ադրբեջանից:
Պատժամիջոցների բացակայության պայմաններում Լաչինի միջանցքը բացելու մասին միջազգային հորդորները զուտ ձևական բնույթ են ստանում: Ստացվում է, որ միջազգային կառույցները, որոնց ամբողջական լիազորությունների մեջ է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի խնդրի լուծումը, այսօր արարողակարգային հայտարարություններ են անում՝ բացառապես իրենց գործառույթների այդ տողի դիմաց «ծիտիկ դնելու» նպատակով: Բայց Արցախի դեպքում խոսքը գնում է ցեղասպանական, էթնիկ զտման հստակ գործողությունների մասին, հետևաբար այդ կառույցները նման ձևով խրախուսում են ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները, դրանով մեղսակից դառնալով 21-րդ դարում կատարվող ոճրագործությանը: Միջազգային կառույցներն ամբողջությամբ կիսում են պատասխանատվությունն այն ամենի, ինչն այսօր Արցախի ժողովրդի հանդեպ անում է Բաքվի վարչախումբը: