Image

ՀԱՊԿ-ն իր՝ հայ-ադրբեջանական սահմանին, նախընտրում է դիտորդի կարգավիճակը

Ռուսաստանից կրկին հայտնում են, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայել:  Այլ կերպ ասած՝ Հայաստանի անվտանգային համակարգի հիմնական բաղադրիչ համարվող այս ռազմաքաղաքական կառույցը նախընտրում է իրականացնել այն առաքելությունն, որն այսօր հայ-ադրբեջանական սահմանին ստանձնել է ԵՄ քաղաքացիական դիտորդական 200-հոգանոց խումբը, մինչդեռ ՀԱՊԿ-ն ունի կանոնադրային հստակ գործառույթ անդամ պետության վրա հարձակման դեպքերի համար: Վերջինս չի կիրառվել նախորդ երկու տարիներին առնվազն երկու անգամ ադրբաջանական զինուժի՝ ՀՀ սահմաններին սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ:

Ավելին, ՀԱՊԿ-ը չցանկացավ անգամ գնահատական տալ ՀՀ սուվերեն տարածքներ ներխուժելու Ադրբեջանի գործողություններին, քանի որ կազմակերպության առնվազն երկու պետություն՝ Բելառուսը և Ղազախստանը սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, իսկ Ռուսաստանը, ուկրաինական հակամարտության ֆոնին, չցանկացավ հարաբերությունները փչացնել իր նորաթուխ ռազմավարական գործընկերոջ հետ, որի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը ստորագրել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ընդամենը երկու օր առաջ:

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ-ի նման չեզոք դիրքորոշումը Հայաստանին ստիպեց հրաժարվել կազմակերպության առաջարկած դիտորդական առաքելությունից և ռազմական աջակցությունից: Այսօր կրկին Ռուսաստանը, ի դեմս ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանի, հայտարարում է, թե դիտորդական առաքելություն ուղարկելու ՀԱՊԿ առաջարկն ուժի մեջ է և սպասում են պաշտոնական Երևանի պատասխանին:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնյան նաև պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բազմիցս հնչեցրած թեզին, թե ՀԱՊԿ-ն է հեռանում Հայաստանից, ոչ թե Հայաստանն է լքում կառույցը: Ռուսաստանցի դիվանագետն ասել է. «ՀԱՊԿ անդամ երկրները երբեք չեն ինքնահեռացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ դուրս գալու կոնկրետ լուծումների, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույնս շահավետ օգտագործել կազմակերպության լայն հնարավորությունները»։

Հայ-ադրբեջանական սահմանին ևս մեկ դիտորդական առաքելություն ունենալը կարող է նպաստել սահմանային իրավիճակի կայունացմանը, եթե նրա թիվ մեկ նպատակն իրոք լինի սահմանի դիտարկումներն, այլ ոչ թե ԵՄ դիտորդական առաքելությանը հակակշռելը և ՀՀ տարածքը սեփական հարցերը պարզելու հերթական հարթակի վերածելը:

Մյուս կողմից էլ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության դառը փորձը փաստում է, որ պաշտոնական Բաքուն ամենևին հաշվի չի առնում երրորդ ուժերի առաքելությունները, երբ ծրագրում է շարունակել իր ագրեսիվ, ոչ կառուցողական և նենգ քաղաքականությունը: ՀԱՊԿ-ը միշտ էլ եղել է ՌԴ-ի առաջնայնությամբ, հետևաբար տրամաբանական հարց է ծագում՝ եթե Արցախում Ադրբեջանը հիմնովին խարխլել է ՌԴ խաղաղապահ առաքելության վարկանիշը, ապա ի՞նչ կարող է տալ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը Հայաստանին, առավել ևս, որ օրախնդիր է Արցախում արդեն միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը, քանի որ Ադրբեջանը փաստացի սահմանափակել է նաև ՌԴ խաղաղապահների տեղաշրժը դեպի Հայաստան, ասել է թե՝ արժեզրկել խաղաղապահ առաքելությունն ընդհանրապես:

Հայաստանից ՀԱՊԿ-ի ինքնահեռացման հայտարարություններին հակադարձելն այս դեպում պատասխան հայտարարությամբ չի լինում, այլ՝ հողի վրա հստակ գործողություններով, որոնք մինչ այժմ չկան: Հայ-ադրբեջանական հակադրությանը ՀԱՊԿ-ի նման արձագնքը մեծ հաշվով արդեն Հայաստանի խնդիրը չէ, այլ՝ հենց նույն ռազմաքաղաքական կազմակերպությանը, քանի որ նրա հիմնարար կանոնադրական սկզբունքներից չբխող նման պահվածքը խաթարել է առաջին հերթին ՀԱՊԿ-ի հեղինակությունը՝ հարցականի տակ դնելով նրա կենսունակությունն ընդհանրապես: Հետևաբար ՀԱՊԿ-ի հետագա քայլերից է կախված, թե կազմակերպությունն իրոք կայանալու է  ի սկզբանե իր առաջ դրած խնդիրների իրականացման շրջանակներում, թե էականորեն փոխելու է իր թիրախները, գործողությունների ուղղությունները և իրավասության սահմանները:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։