Image

Բաքվի առաջնորդն արդեն խաղաղապահների՞ն է մեղադրում Լաչինի միջանցքը փակելու մեջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կրկին անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին: Այդ խոսքերը փոխանցել է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը. «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված պահպանվող խնդիրների մասին հաղորդագրություններով։ Նա հատկապես մտահոգված է «գետնի վրա» հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով հասանելիությունը հեշտացնելու համար»։

Այս հայտարարությունն ավելորդ անգամ փաստում է, որ միջազգային իրավասու մարմինները լիովին տիրապետում են Արցախի Հանրապետությունում տիրող հումանիտար աղետալի իրավիճակին և համոզված  են, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ փակ է՝ չնայած հակառակի մասին ադրբեջանական իշխանությունների պնդումներին: Դրա թարմ օրինակն է «Եվրանյուզ»-ի եթերից Ալիևի արած հերթական հայտարարությունը, թե Ադրբեջանը Լաչինի միջանցքը չի փակել: Հերթական անգամ Ադրբեջանը ծաղրում է միջազգային հանրությանը և կառույցներին: Արցախում հումանիտար ճգնաժամ է, չի բավարարում  սնունդը, դեղորայքը, առաջին անհրաժեշտության տարրական պարագաները, վառելիքը, իսկ Ադրբեջանը հայտարարում է, թե Լաչինի միջանցքը բաց է:

Մի քանի հարյուր տոննա հումանիտար բեռն արդեն երկրորդ շաբաթն է կանգնած է Լաչինի միջանցքի դիմաց և թույլ չի տրվում այն հասցնեել կարիքավոր արցախցիներին, այն դեպքում, երբ արդեն սովից երեխաներն են ուշաթափ լինում հացերի հերթերում: Վառելիքի բացակայության պատճառով Արցախի գյուղերում ապրողները չեն կարողանում իրենց աճեցրած բերքն հասցնել Ստեփանակերտում, Մարտունում և Մարտակերտում բնակվող իրենց ազգականներին:

Բոլոր միջազգային իրավասու կառույցները և միջնորդ պետություններն այսօր հայտարարում են, որ Լաչինի միջանցքն անհապաղ պետք է բացվի, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտադիր կատարաման իրավական ակտ է ընդունել Ադրբեջանի դեմ, իսկ Բաքվի առաջնորդը հայտարարում է, թե Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը:

Ալիևի՝ պարբերաբար արվող այդ հայտարարություններից կարելի է եզրակացնել,  որ նա ակնարկում է, թե ռուս խաղաղապահներն են փակել միջանցքը: Այստեղ սակայն չպետք է մոռանալ Բաքվի առաջնորդի՝ իրականությանը չհամապատասխանող, կեղծ հայտարարություններ անելու հակումը: Դեռ թարմ են հիշողությունները, երբ 44-օրյա պատերազմում Արցախի ժողովրդի դեմ կռվում էին սիրիայից բերված վարձկան ահաբեկիչները, ինչը փաստել էին նաև միջազգային դիտորդ կառույցները և խոշոր պետությունները, իսկի Ալիևը միջազգային լրատվամիջոցին տված հարցազրույցում կեղծում էր՝ ասելով, թե այդ տեղեկությունները և դրանք փաստող տեսագրությունները «ֆեյք» են:

Այս դեպքում սակայն Ալիևը փաստացի ՌԴ-ին է մեղադրում Լաչինի միջանցքը փակ պահելու հարցում, քանի որ եթե այն փակ է և Ադրբեջանի ղեկավարը հայտնում է, թե իրենք չեն փակել, հետևաբար՝ մեղավոր են ռուս խաղաղապահները: Այլ կերպ ասած Ադրբեջանի առաջնորդը գնդակն ուղարկեց ՌԴ-ի դաշտը և այն անում է ԵՄ-ի փաստացի փոսափող համարվող լրատվական գործոկալության եթերով՝ ՌԴ-ԵՄ սրված հակադրության պայմաններում: Ռուսաստանը ստեղծված իրավիճակում պարտավոր է  արձագանքել Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած ծանր մեղադրանքին, որոնք էականորեն փոխում են տարածաշրջանի պատկերը: Այս դեպքում ՌԴ-ի լռելը տարածաշրջանային զարգացումներում կտրուկ շրջադարձեր կնախանշի:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։