Հրաժարվել «մանրադրամ» լինելուց

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Էրդողանը շարունակում է համաշխարհային թատերաբեմում Թուրքիայի դերի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։ Զարգացումներն անմիջականորեն առնչվում են Հայաստանին, միաժամանակ ազդեցություն են ունենում տարածաշրջանային գործընթացների վրա։
Հասկանալի է, որ Թուրքիայի կողմից գեներացվող գործընթացները զուրկ են կառուցողական, խաղաղարար հենքից։ Հայկական հարցի լուծման թուրքական տարբերակը շարունակում է օրակարգում մնալ՝ նորանոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ ստեղծելով մեզ համար։ Արցախի հրաժարումից մինչեւ նոր նախապայմաններ իբր տնտեսական հնարավորությունների դիմաց խաբկանք է, որին հասարակության որոշակի շերտեր հավատում են։ Առավել մտահոգիչ է այն, որ դրանում հասարակությանը համոզում է երկրի իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ շրջանցելով իրական սպառնալիքները։ Իշխանությունների քաղաքական անհեռանկար արտաքին քաղաքականությունը, որը մատուցվում է իբրեւ իրավիճակով պարտադրված միակ լուծում, զրկում է Հայաստանին տարածաշրջանում գործոն լինելու հնարավորությունից։ Մինչդեռ որքան զիջում, հարմարվում ենք թուրքական թելադրանք-պարտադրանքներին, այնքան զրկում ենք ներկա եւ ապագա սերունդներին գործոն դառնալու հեռանկարից։ Իսկ այդպիսին դառնալու համար կա մարդկային-մասնագիտական, իրավական, քաղաքական-դիվանագիտական ներուժը, խնդիրը՝ դրանք ճիշտ կառավարելու, ուղղորդելու ցանկության բացակայությունն է։
Քանի դեռ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվում են այդ ամենից, համաշխարհային եւ տարածաշրջանային դերակատարները քաղաքական գործընթացներում մեր երկիրն օգտագործում են որպես սեփական շահերը սպասարկող «մանրադրամ»։ Այստեղ ավելորդ է դառնում զգացմունքայնություն ցուցաբերել եւ մեղադրանքներ ուղղել այս կամ այն կողմին հայկական օրակարգ չունենալու եւ այն չպաշտպանելու համար։ Նշենք, որ կառավարամետ «Hurriyet» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, օրերս գրել էր, որ օգոստոսի վերջին շաբաթվա մեջ սպասվող ՌԴ նախագահ Վլ․Պուտինի Թուրքիա այցի ժամանակ Էրդողանի հետ բանակցությունների օրակարգում են լինելու հացահատիկի գործարքի վերսկսումը, ռուս-թուրքական հարաբերությունները, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները։ Օգոստոսի 4-ին Էրդողանը լրագրողներին թեեւ հայտնել էր Պուտինի՝ Թուրքիա այցի հնարավորության մասին, սակայն այցի ստույգ ժամկետի հետ կապված որեւէ հստակեցում չէր արել՝ նշելով, որ այն կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով։ Պետք է ընդգծել, որ ՌԴ նախագահի Թուրքիա սպասվելիք այցի մասին ռուսական լրատվամիջոցները գրում են հղում կատարելով թուրքական աղբյուրին։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ավելի վաղ լրատվական եւ հանրային դաշտում քննարկվում էր կամ Էրդողանի Ռուսաստան, կամ՝ Պուտինի՝ Թուրքիա այցի տարբրակը։ Ստացվում է՝ Էրդողանն ավելի «ծանր» է։
«Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան հարաբերությունների» մասին հիշատակումը, ինչպես նաեւ ավելի վաղ թուրք-ադրբեջանական կողմից արված հայտարարությունները հուշում են, որ խոսքը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», իսկ ավելի ճիշտ՝ «թուրանական միջանցքի» հարցն է, որը բախվում է իրական Հայաստանի, ինչպես նաեւ ՌԴ-Իրան շահերին։
Վերադառնալով այն հանգամանքին, որ հավանական այցը տեղի է ունենալու Թուրքիայում մեկ անգամ եւս ի ցույց է դնում Էրդողանի տարածաշրջանայինից համաշխարհային դերակատար դառնալու նկրտումների մասին։ Օգոստոսի 7-ին, կառավարության նիստից հետո նա կրկին բարձրաձայնել էր իր հավակնոտ մտադրությունների մասին․ «Դարեր անց Թուրքիան առաջին անգամ հնարավորություն է ստացել դառնալու համաշխարհային համակարգի բարձրագույն լիգա բարձրացած երկիր: Մենք աշխարհում որեւէ խոչընդոտ չենք տեսնում, որպեսզի այս դարը չդառնա Թուրքիայի դար»։ Նույն տրամաբանության շրջանակներում է հանդես եկել նաեւ ընտրություններից հետո ԱԳ նախարարի պաշտոնում Մեւլութ Դավութօղլուն փոխարինած Հաքան Ֆիդանը Թուրքիայի դեսպանների 14-րդ համաժողովում, որն այս տարի անցկացվում է «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի դարում» խորագրի ներքո։ Հրապարակելով երկրի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունների ծրագիրը, նա անդրադարձել է նաեւ Եվրամիության հետ Անկարայի հարաբերություններին, նշելով, որ «առանց Թուրքիայի ԵՄ-ն չի կարող իրական գլոբալ դերակատար դառնալ»։ Թուրքիայի արտգործնախարարը զարգացրել է Էրդողանի այն թեզը, որ միջազգային անվտանգության գոյություն ունեցող համակարգը ճգնաժամ է ապրում եւ թարմացման կարիք ունի։ Այդպիսով, կարող ենք արձանագրել Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերի եւ դրանից բխող մարտահրավերների օրակարգային մնալն ինչպես իրական Հայաստանի, այնպես էլ՝ մի շարք այլ երկրների համար։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ