Արցախի պաշտպանությունը ամբո՛ղջ հայության սրբազան պարտականությունն է
Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։
Մշեցիք անիծելիս հաճախ են ասում՝՝ «Աստըվաձ քու դիվան էնա» (Աստված տա քո պատիժը)։ Քանի որ Արցախին այս օրը հասցնելու մեղավորները կամ դրանց երեխաները հազիվ թե սովից մեռնեն, ուզում ենք անսահման հույս տածել, որ Աստծո պատիժը դրանց նկատմամբ ավելի արդարացի ու դաժան է լինելու։
Բայց մշեցիք նաեւ ասում են՝ «Աստըվաձ ձեռ ա կիդա, ետե ձեռ ա կիդաս», այսինքն՝ Աստված օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնել ցանկանում։ Այլ կերպ՝ պարզապես անիծելը ոչինչ չի տալու, անեծքը գործնականացնել է պետք․ ՀԱՅԻ ձեռքով՝ ընդդեմ ՀԱՅԻ թշնամու։
Արցախում սով է՝ տառացիորեն։ Բայց եթե Հայաստանին թվում է, թե այդ սովը Երեւան չի հասնելու, ապա չարաչար սխալվում է։ Եվ սա կանխատեսում չէ, ընդամենը շղթան պատկերացնել է պետք։ Հիշենք «Արցախը տանք, հանգիստ ապրենք» թեզի կիրառումից ու գործարկումից։
Տալը տվեցին, բայց հանգիստ չապրեցին։ 44-օրյայից հետո Հայաստանը ոչ միայն հանգիստ չապրեց, այլեւ՝ ադրբեջանական կողմի հետ շփման գիծն ավելացավ, թյուրքական այս թերմացքն էլ եկավ թառեց Հայաստանի ներսում, սահմաններին ամրացավ ու նոր դիրքեր գրավելու մտադրություն ունի։ Նրանք, ովքեր կհամարձակվեն հարցնել, թե ինչ գիտենք, որ վստահաբար ասում ենք, պատասխանը մեկն է՝ «․․․ որովհետեւ տգետ եք»։
Տգետ են, որովհետեւ չեն հասկանում պարզագույն ճշմարտություններ․ 1․ երբ երկրիդ տարածքի մի մասը զիջում ես, թշնամին մյուս մասիդ վրայից աչքը չի հեռացնելու։ «Արցախը տանք, հանգիստ ապրենք»-ի թեզի ջատագովներից բարեկամիս տղան զոհվեց Հայաստանում՝ սեպտեմբերի 13-ի թշնամու լայնածավալ գործողությունների ժամանակ։ Ջատագովն իր սխալը հասկացել է հիմա, բայց՝ տղայի զոհվելուց հետո։ Արդեն ուշ է, ջատագովի ստացածը անսահման ցավն է։
2․ Երբ քո լռությամբ ու անտարբերությամբ համաձայնություն ես հայտնում պետությանդ ղեկը «բռնած» ոչ հայանպաստ քաղաքականություն վարողների՝ Արցախը ադրբեջանական մաս ճանաչելու դիրքորոշմանը, նշանակում է՝ չես հասկանում, որ ղեկը «բռնածների» համար իրականում միեւնույնն է՝ Հայաստանի Հանրապետությունում ովքեր կապրեն, մեր բնօրրանի այս հատվածը Հայաստան կկոչվի, թե ոչ, ինչ դրոշ կծածանվի, վրան արեւ կլինի, թե լուսին։
3․ Երբ երկրիդ տարածքի մի մասում սով է, իսկ դու խնջույքներից աչք չես բացում, նշանակում է՝ չես հասկանում, որ թշնամին կիրառական քայլեր է անում նաեւ քեզ սոված թողնելու՝ նվազագույնը։ Արցախում ցեղասպանություն է՝ ուղղակի իմաստով։ Հակաքայլեր չձեռնարկելու պարագայում թշնամին ավարտին է հասցնելու Արցախում իր գործը՝ ամեն ինչ ծամող երախն ուղղելով Հայաստանին։
Կա տգետների ու հայրենադավների (իմա՝ հայտարարը նույնն է) գերադրական աստիճանի մի շերտ, որ այդպես էլ չի հասկանում, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Արցախն է՝ բառացիորեն։ Եվ Արցախը պաշտպանելով է միայն, որ Հայաստանը իրեն պաշտպանել կարող է։ 90-ականներին Արցախի ազատագրմամբ ոչ միայն Հայաստանը, այլեւ հայությունը շտկեց իր ազգային արժանապատվության ողնաշարը։ Ինչ վիճակում է 44-օրյայից հետո հայությունը արտերկրում, գիտեն արտերկրում բարեկամ ունեցողները։
Այնպես որ, Արցախի պաշտպանությունը ամբողջ հայության սրբազան պարտականությունը պետք է լինի։ Հե՛նց հայության, ամբո՛ղջ հայ ազգի, եւ միայն առաջին քայլն անելուց հետո կարող ենք միջազգային հարթակներում մեր ձայնը բարձրացնել։
Իսկ առայժմ․․․
Առայժմ միջազգային հարթակներն ավելի շատ կխոսեն նորաձեւության մրցույթներում սայթաքած մոդելի կամ զգեստի բացվածքի կամ մեծահարուստի շունիկի սանրվածքի, քան Արցախում 120 հազար հայերի իրավունքների մասին։
Որովհետեւ նույն աշխարհը տեսնում է, որ Արցախում ցեղասպանություն է, իսկ Երեւանում պատրաստ են 70-100 դոլարին համարժեք գումար տալ եւ գնալ անբարոյականության ու թմրամոլության քարոզչի՝ dog է, cat է, ինչ զահրումար է, դրա համերգին։
Սա են տեսնում այն միջազգայինները, որոնց մենք Արցախի հանդեպ ուշադրության կոչեր ենք հղում։ Եվ, իհարկե, նրանք չեն «տեսնում», որ Երեւանում, Հայաստանում բոլորն անբարոյականներ չեն, եւ նույնիսկ օրվա հացն ուտելն են մեղք համարում, որովհետեւ Արցախում հայրենակիցները սոված են։
Իրականում այդ միջազգայինները լավ էլ գիտեն Երեւանի անբարոյականներին ու հայրենադավներին, բայց ֆիքսում են այն, ինչ իրենց է պետք։
Դրա համար ենք ասում՝ Արցախի պաշտպանությունը միայն ու միայն ՀԱՅԻ գործն է եւ, իբրեւ առաջին քայլ, ներքին թշնամուն շարքից հանելը։ Քանզի ներքինն է ներքինիների խարդավանքային գործելաոճին համապատասխան այդքան ոգեւորել թշնամուն։ Ներքին թշնամին գործելու է արտաքին թշնամու շահերից ելնելով։ Սրանց կապը կտրելով պետք է սկսվի ՀԱՅԻ գործը։