ՄԱԿ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի, եթե չի ուզում մեղսակից լինի Արցախում ընթացող ցեղասպանությանը
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի խնդրով հերթական լսումները փաստեցին, որ ադրբեջանական կողմը մեծ հաշվով թքած ունի միջազգային հանրության և այն ներկայացնող թիվ մեկ կառույցի կարծիքի վրա: ԱԽ անդամ երկրների և ԵՄ դիրդորդական առաքելության ներկայացուցիչներն իրենց ելույթներում աներկբա հաստատում են, որ Արցախը շրջափակված է, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը իր ելույթը կառուցում է տրամագծորեն հակառակ պատկերը ներկայացնելու սխեմայով՝ օգտագործելով բացարձակ կեղծ թեզեր, որոնք շատ դեպքերում այն աստիճան պարզունակ ստեր են, որ ակնհայտորեն ծաղրանքի էին ենթարկում մինչ այդ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների և նիստը նախագահող ԱՄՆ-ի ներկայացուցիչներին:
Հնչած ելույթներից թերևս միայն Թուրքիայի ազգեցության տակ գտնվող Ալբանիան էր, որ ներկայացրեց Ադրբեջանի տեսակետը՝ չկարողանալով սակայն պնդել, որ Լաչինի միջանցքը փակ չէ: Բաքվի ներկայացուցիչն էլ կեղծիքի և ապատեղեկատվության մի ողջ շղթա մատուցեց՝ հայտարարելով, թե միջանցքն իրականում փակ չէ և Արցախում հումանիտար ճգնաժամ չկա: Օրինաչափ էր, որ ստի մատուցման ինգնամոռաց այդ գործընթացում վերջինս պետք է խճճվեր և, հերքելով Լաչինի միջանցքի փակ լինելն, իրականում մատուցեր այն մտացածին հիմքերը, որոնց պատճառով Ադրբեջանը լիակատար բլոկադայի մեջ է պահում Արցախը: Բաքվի ներկայացուցչի ելույթն վերջին հաշվով վերածվեց Արցախը բլոկադայի ենթարկելու սեփական՝ կենծ հիմքերի մատուցման գործընթացի:
Ադրբեջանական կողմն ընդունեց, որ Արցախը շրջափակել է՝ իբր Հայստանից այնտեղ կատարվող զինված ուժերի ռոտացիան կանխելու, զենքի տեղափոխումը դադարեցնելու համար: Վերջին հաշվով Բաքվի ներկայացուցիչը խոստովանեց, որ բլոկադայով ցանկանում են արցախցիներին ծնկի բերել և ստիպել հետ կանգնել իրենց ընտրած ինքնորոշման իրավունքից՝ ինտեգրվելով Ադրբեջանի հասարակության մեջ: Ադրբեջանական կեղծիքն իր ելույթով փորձեց լեգիտիմացնել Թուրքիայի ներկայացուցիչը՝ անուղղակի սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի ուղղությամբ:
Թյուրքական կողմը փաստացի օգտագործեց ՄԱԿ ԱԽ բարձր հարթակը կեղծիք քարոզելու համար՝ հայտարարելով, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, զինված ստորաբաժանումները դուրս չի բերում Արցախից և վերջին հաշվով չի ձգտում խաղաղության: Վերջին պնդումները գործընթացին քաջածանոթ ցանկացած մարդու տարակուսանքը կհարուցեն, սակայն իրադարձություններից անտեղյակ միջազգային հանրության մեծամասնության համար լուրջ քարոզչական խայծ են:
Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն կեղծում են իրականությունը՝ ցինիկաբար հերքելով Լաչինի միջանցքը փակ լինելու մասին երկրների և միջազգային կառույցների հայտարարությունները և իրավական ուժ ունեցող ընդունված որոշումներն, այլև հող են նախապատրաստում Արցախի հանրապետության դեմ հերթական ռազմական ագրեսիայի համար: Պատահական չէ, որ Ադրբեջանի ՊՆ-ն ամենօրյա ռեժիմով կեղծ տեղեկատվություն է տարածում , թե իբր Արցախում ակտիվ ամրաշինական աշխատանքներ են իրականացվում և հակաօդային պաշտպանության և ռադիոհակազդման միջոցներ են տեղակայվում պաշտպանական շրջաններում:
Թյուրքական կողմի պնդումներն աբսուրդ են և չեն տեղավորվում որևէ տրամաբանության մեջ, թե ինչո՞ւ Հայաստանը չպիտի ցանկանա խաղաղություն տարածաշրջանում, այն դեպքում, երբ մենք թերևս ամենաշահագրգռված կողմն ենք: Արցախի հանրապետությունն ունի կայացած զինված ուժեր և կեղծ են տեղեկություններն այն մասին, թե հայկական զինված ստորաբաժնումներ կան այնտեղ: Հետևաբար Ադրբեջանը իր կեղծիքներով փորձում է թաքցնել սեփական ցեղասպնական գործողություններն Արցախում և հող նախապատրաստել հայկական կողմերի վրա հերթական ռազմական ագրեսիայի համար:
ՄԱԿ ԱԽ լսումներն ավելորդ անգամ փաստեցին թյուրքական կողմի առհամարական վերաբերմունքը միջազգային հանրության և կառույցների հանդեպ: Այս իրողությունը այլընտրանք չի թողնում Բաքվի և Անկարայի հանդեպ պատժամիջոցների պրակտիկայի կիրառման համար, հակառակ դեպքում թյուրքական պետությունները 21-րդ դարում հերթական ցեղասպանական ակտը կիրականացնեն, բայց արդեն՝ միջացգային կառույցների մեղսակցությամբ: