Հակարի կամուրջը՝ արցախյան հումանիտար աղետի լակմուսի թուղթ
Հունիսի 14-ից ի վեր՝ երկու ամսվա ընթացքում առաջին անգամ ադրբեջանական կողմը թույլ տվեց իր ապօրինի տեղադրած անցակետով Արցախից Հայաստան անցնեն 41 քաղաքացի: Սահմանը հատել են արտասահմանյան բուհերում սովորող արցախցի ուսանողները և ՌԴ քաղաքացիները: Արցախի Հանրապետության կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի հայտարարության մեջ շեշտվում է, որ ռուսաստանի քաղաքացիները վաղուց էին սպասում այդ հնարավորությանը: Հաղորդվում է նաև, որ նույն հարաբերակցությամբ Արցախի և ՌԴ քաղաքացիների նոր խմբերն առաջիկայում ևս կանցնեն Հակարի կամուրջով դեպի Հայաստան:
Այս իրադարձության հատկանշական կողմն այն է, որ Արցախը լքում են ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողների ընտանիքները: Փաստը խուսում է այն մասին, որ բլոկադայի հետևանքով հումանիտար ճգնաժամն այն աստիճան է խորացել, որ խաղաղապահներն առաջին իսկ ստեղծված հնարավորությունն օգտագործում են իրենց ընտանիքներն այնտեղից դուրս բերելու նպատակով: Երևույթն ավելորդ անգամ փաստեց, որ կեղծ են ադրբեջանական իշխանությունների պնդումները, թե ճանապարհը միշտ բաց է եղել հումանիտար բեռների համար և Արցախում հումանիտար աղետ չկա, մինչդեռ այնտեղ այն աստիճան անտանելի պայմաններ են ստեղծվել ապրելու համար, որ արդեն ՌԴ քաղաքացիներն են անցնում ՀՀ տարածք:
Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ պատանդի կարգավիճակում է պահում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս բարձրաստիճան զինծառայողների ընտանիքների անդամներին, իսկ դուրս թողնելուց անգամ չի թույլատրում խաղաղապահների մեքենաներն անցնեն կամուրջը և քաղաքացիներին հասցնեն Գորիս, վերջիններս իրենց ծանր ճամպրուկներով ոտքով են հասել հայկական սահմանապահ ուղեկալ, որը կամրջից բավականին հեռու և բարձրության վրա է գտնվում: Սա հերթական առհամարական ժեստն է, որը Բաքուն ուղղում է Մոսկվայի ուղղությամբ: Իսկ Ադրբեջանական սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսագրությունները, որոնց մեկնաբանություններում շեշտվում է, որ խաղաղապահների ընտանիքները լքում են Արցախը, իսկ պատճառների մասին խոսք չկա:
Օգոստոսի 21-ին Հակարի կամուրջը լակմուսի թղթի դեր կատարեց Արցախում ստղծված ծանր իրավիճակի՝ միջազգային հանրության համար ավելորդ անգամ բացահայտելու հարցում: Այլևս փաստ է, որ հումանիտար ճգնաժամն այնքան է խորացել, որ Արցախում կարողանում են մնալ միայն հայրենի հողին և ջրին կառչած արցախցիները: Նույնիսկ ուղղաթիռով ՌԴ խաղաղապահների ընտանիքների համար պարբերաբար հասցվող բեռները չեն մեղմում նրանց վիճակը և վերջիններս նախընտրում են լքել Արցախը: Սա հերթական ահազանգը պետք է լինի միջզգային հանրության համար Արցախի աղետալի վիճակի մասին: Մյուս կողմից էլ Հակարի կամրջի վրա ադրբեջանցիների առհամարական և ցինիկ պահվածքը հուշում է, որ վաղը, անհրաժեշտության դեպքում, Ադրբեջանը կարող է նաև ռազմական ագրեսիա կիրառել Արցախի ժողովրդի հանդեպ, անտեսելով խաղաղապահներին, ինչի նախադեպերն արդեն կան: Այս իրավիճակում, Արցախի Հանրապետությունում անելիք ունեն միայն միջազգային համապատասխան իրավապահ և հումանիտար մարմինները, դրան այլընտրանքային ձևաչափով միջամտությունները կտանեն միայն տարածաշրջանի ապակայունացմանը: