Տաք սրտով, բայց սառը գլխով
Այս պահի դրությամբ ազգային եւ պետական մակարդակում գլխավոր մարտահրավերը անվտանգային, գոյաբանական խնդրի լուծումն է։ Որպես առաջնային ուղղություն, բնականաբար Արցախն է, որ արդեն 254 օր շարունակ գտնվում է շրջափակման մեջ։ Արցախցու կամքը հնարավոր չէ կոտրել, բայց ցանկացած կործանում հնարավոր է կյանքի կոչել, եթե «ցեցը» ներսից է պատերը քանդում։
Կործանման տանելու համար թշնամին աղճատում է իրականության պատկերը, ստեղծում կեղծ օրակարգեր եւ որ ամենակարեւորն է՝ մաշեցնում, մոլորեցնում զգացմունքային մակարդակում։ Օրեր առաջ զգացմունքային դաշտում «փոթորիկ» էր․ լավ հաշվարկելով այն հանգամանքը, որը հայերիս համար ընտանիքը, երեխան (բարեբախտաբար՝ դեռ) շարունակում են սրբություն համարվել, հասարակությանը մատուցվեց անբարո, մերժելի երեւույթ։ Մարդկանց հոգեկան անդորրը խաթարվել էր, հանուն երեխայի ամեն ինչի պատրաստ մարդը չէր կարող անտարբեր գտնվել տեղի ունեցած երեւույթի հանդեպ։ Ի՞նչ ստացանք արդյունքում՝ ինքնախարազանում, ինքնափնովում, սթրես։ Սոցիալական հարթակի տարբեր օգտատերեր պեղեցին, գտան հայի բացասական գծերը քննադատող հայտնի կամ ոչ այնքան հայտնի մարդկանց խոսքեր, կամ միգուցե նրանց վերագրեցին նման գնահատականները եւ ինչպես ընդունված է գրել օրինակ՝ ֆեյսբուքում, «անխնա տարածեցին»։ Ի վերջո, հերթական անգամ շատերի մեջ խարխլվեց արժեհամակարգային շատ կարեւոր հենասյուն՝ ընտանիքի մոդելի կարեւորությունը, հայերիս բնորոշ երեխայակենտրոն, պաշտամունքի հասնող մոտեցումը։ Միամտություն է կարծել, թե նման դեպքեր գոյություն չունեն մեր հասարակության ներսում, սակայն դրանք պրոյեկտել մի ամբողջ ազգին եւ մաշեցնել, կազմաքանդել առանց այդ էլ մեր պրկված նյարդերը, պարզապես ստորություն է եւ դավաճանություն պատերազմող հասարակության, ազգի նկատմամբ։
Հայկական ավանդական ընտանիքի մոդելին հասցված այս հարվածն ինչպես ասում են, դեռ «ջուր կքաշի», այն հերթական ականն էր։ Բանակի ուղղությամբ բարոյահոգեբանական պատերազմն ընթացքի մեջ է, Հայոց բանակին եւ նրա զինվորին են վերագրվում են տոկոսային առումով փոքրամասնություն կազմող բացասական երեւույթներ։ Զգացմունքային առումով ուժեղ տեղեկատվական հոսքերը հանրային գիտակցության շերտերից դուրս մղեցին նաեւ Արցախում սովամահության առաջին դեպքը, որը, ցավոք, վերջինը չի լինի, եթե շարունակվի Արցախի շրջափակումն ու ներսից հասարակության նկատմամբ բարոյահոգեբանական ահաբեկչությունը։
Գիտակից մարդիկ այս ամենը շատ լավ են հասկանում, սակայն հոգեբանական ահաբեկչությանն անպատրաստ հասարակական շերտերը կուլ են տալիս խայծը, որի արդյունքում ավելի են խորանում անջրպետները, ավելի է քայքայվում ազգի իմունիտետը։ Մինչ մեր դեմ տարվում է բազմաշերտ եւ անողոք պատերազմ, արտաքին քաղաքական հարթակներում գեներացվում է խաղաղության կեղծ օրակարգը։ Այսօր Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը նշել էր, որ Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց են տվել, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է եւ երկրների ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել հայ եւ ադրբեջանցի բնակիչներին թույլ տալու խաղաղության մեջ ապրել: «Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաեւ Երեւանում եւ Բաքվում: Մենք հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն», - ասել է նա։ Այո՛, հիրավի պատմական շրջադարձի կհասնենք, ողբերգակա՛ն իմաստով պատմական շրջադարձի, ԵԹԵ «խաղաղության համաձայնագիրը» լինի այն ձեւաչափով եւ պատկերացումներով, որին ընտելացնում են մեզ արդեն երեք տարի շարունակ։ Հայաստանի միջազգային գործընկերներին պե՛տք է ներկայացվի ճշմարտությունը, որ անհնար է խաղաղ գոյակցություն ցեղասպան պետական միավորի կազմում։ Ապացույցները, փաստերը բազմաթիվ են, բայց որոշումներ կայացնելիս մոռացության են տրվում։
Քանի դեռ մենք «շեղվում» ենք մեր գլխավոր խնդիրը լուծելու պարտականությունից, մեր մտավոր, ֆիզիկական, հոգեբանական ռեսուրսները կմաշվեն երկրորդական օրակարգերը սպասարկելու կամ դրանց դիմակայելու վրա։ Բնական հարց է առաջանում՝ ինչպես վարվել։ Պատասխանը պարզ է՝ երեւույթներին եւ իրադարձություններին արձագանքել եւ որոշումներ կայացնել «տաք սրտով, բայց սառը գլխով»։