Արցախում ցանկացած որոշում պետք է կայացվի միասնաբար, հակառակը պետականության կործանման կտանի
9 ամիս ձգվող Արցախի բլոկադան և հումանիտար աղետալի վիճակն օրինաչափորեն բերել են ներքին կյանքի լարվածության՝ կենսագործունեության բոլոր ոլորտներում: Այն ոչ միայն իր դրսևորումն է գտնում հասարակություն-իշխանություններ հարաբերությունում, այլև իշխանության հիմանական կառույցներում: Օրեցօր սովի մատնվող շարքային արցախցին դժգոհում է գործադիր իշխանության աշխատանքից՝ համարելով, որ ցանկության դեպքում վերջիններս կարող են ապահովել նվազագույն կենսական ապահովման պայմանները՝ թեկուզ բլոկադայի պայմաններում: Որոշներն էլ կարծում են, որ Արցախում մնացած պարենը իշխանություններն հավասար չեն բաշխում և իշխանավորների ընտանիքներն օգտվում են արտոնություններից:
Արցախի ներքաղաքական դաշտում էլ առկա ներքին լարվածությունն արդեն մտահոգիչ դրսևորումներ է ստանում: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի, «Արդարություն» և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունների համատեղ հայտարարությունն, ըստ էության, այդ հակասությունների սրման արդյունք էր: Հայտարարությամբ կոչ է արվում թույլ չտալ Արցախի պետական ինստիտուտներից որևէ մեկի խարխլում, իսկ ուժային կառույցներին հորդոր էր ուղղված գործել բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում:
Հայտարարության ենթատեքստերից կարելի է ենթադրել, որ հիմնականում գործադիր լծակներին տիրապետող ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հումանիտար ճգնաժամը մեղմելու համար ցանկանում է որոշ զիջումների գնալ: Այս ընթացքում լուրեր շրջանառվեցին, որ վերջինս անգամ պատրաստվում է հրաժարական տալ: Այդ քայլն ուղղակիորեն կնշանակի Արցախի հանրապետության օրինական ընտրված իշխանության բարձրագույն մարմնի լուծարում, քանզի այս պայմաններում Արցախում նոր ընտրություններ անցկացնելն անիրատեսական է:
Ճգնաժամի պայմաններում ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական է տալիս քաղաքական մեծամասնությունն ներկայացնող Արթուր Թովմասյանը և խորհրդարանի նախագահ է ընտրվում ոչ իշխանական ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ինչից կարճ ժամանակ անց երկու այլ կուսակցությունների հետ իր ներկայացրած կուսակցությունը՝ ՀՅԴ-ն հանդես է գալիս հայտարարությամբ, որում բացահայտ ասվում է, որ Արցախի պետականությանը փորձ է արվում հարվածել ներսից:
Այս իրադարձություններն ի ցույց են դնում քղաքական տարբեր ուժերի միջև առկա հակասությունները, որոնք ներկայացված են իշխանության հիմնական կառույցներում: Թերևս այս պատկերը հենց այն է, ինչին ձգտում է Ադրբեջանը, իսկ շարունակվող բլոկադան, խորացող հումանիտար ճգնաժամը, լուծումների և իրավիճակից ելքերի բացակայությունն առարկայորեն լարում են իրավիճակը:
Պարզ է, որ վերոնշյալ գործընթացների և տրամադրությունների ներքո հակասությունների սրումը և այդ տրամաբանությամբ հետագա զարգացումները կբերեն պառակտման խորացման, Արցախի պետական մարմինների քայքայման, ինչը կործանարար կլինի Արցախի պետականության համար: Այն թույլ չտալու համար արցախյան քաղաքական ուժերը և հասարակությունը հումանիտար ճգնաժամը մեղմելու համար պետք է նստեն ընդհանուր սեղնի շուրջ, քննարկեն և միասնաբար կայացնեն ցնկացած որոշում ՝ թեկուզ ամենացավոտ տարբերակով: Պետական կառույցների կազմաքանդման և երկփեղկվածության պայմաններում ընդունված որոշումներն անհամեմատ ավելի ցավոտ կլինեն, կհանգեցնեն արցախցու միասնականության փլուզման և օրինական պետական ինստիտուտների վերջնական քայքայման, իսկ գործող նախագահ Արայիկ Հարությունյանն ամիսներ առաջ ցույց էր տվել մեկ սեղանի շուրջ քննարկումներ կազմակերպելու, բոլոր տեսակետները լսելու և միասնական որոշում կայացնելու պատրաստակամություն, այն այսօր այլընտրանք չունի: