Image

Դաշնակից հակառակորդները

Հատկապես Էրդողանի վերընտրվելուց հետո Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում առավել հաճախ են ի հայտ գալիս հակասական  միտումները: Չնայած այն բանին, որ երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարները խոսում են համագործակցային հարաբերությունների մասին՝ Թուրքիայում ընտրությունների ավարտվելուց անմիջապես հետո Էրդողանը հայտարարեց, որ Ուկրաինան իրավունք ունի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ՝ հարվածելով Ռուսաստանի, ըստ էության, ամենացավոտ հատվածին: Դրանից անմիջապես հետո Անկարայի առաջնորդը ՆԱՏՕ-ի բարձր հարթակից հայտարարեց, թե ռուս խաղաղապահները 2025 թվականին պետք է լքեն Արցախն, այն դեպում, երբ ռուսական քաղաքական վերնախավը և Պուտինն անձամբ բազմիցս հայտարարել են, որ խաղաղապահներն նախատեսված ժամկետից անհամեմատ ավելի երկար են  մնալու Արցախում:

Օրերս էլ թուրքական «Baykar Makina» ընկերությունը Անկախության օրվա առթիվ Ուկրաինային «Bayraktar ТВ2» հարվածային անօդաչու թռչող սարք  նվիրեց:Այս տարվա հունվարի 25-ին էլ թուրքական ընկերությունն ուկրաինական պաշտպանական գերատեսչությանը նվիրել էր երկու նման ԱԹՍ։ Սա միայն նվերներն են, որից բացի Կիևը նաև ԱԹՍ-ների գնում է իրականացնում: Դատելով համացանցում շրջանառվող տեսանյութից, որն արվել էր հարվածային ԱԹՍ-ից՝ օրերս Ղրիմում ռուսական հակաօդային պաշտպանության ամենաարդիական միջոցը՝ S400 համակարգը խոցվեց հենց «Bayraktar ТВ2»-ից: Դրանից մեկ օր առաջ Էրդողանը հերթական անգամ հայտարարեց, որ Ղրիմն Ուկրաինայի մաս է: Անկարան այս ամենին զուգահեռ փորձում է շարունակել պահպանել գործընկերային հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ հիմնականում տնտեսական ոլորտում և Ուկրաինայի հարցում միջնորդական առաքելության համատեքստում:

Կրեմլն իր խոսնակի միջոցով պատասխանեց այդ ամենին, ասելով թե ՌԴ-ն Թուրքիայի այդ քայլերը հաշվի կառնի համագործակցության ոլորտում որոշումներ կայացնելիս: Իհարկե, մեղմ դիվանագիտական նման արտահայտություններով չի սահմանափակվում «ռուսական արջի» պատասխանը: Մասնավորապես, վերջին շրջանում Սիրիական բանակը հարվածներ հասցրեց իր սահմանների ներսում թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներին: Սա առաջին դեպքը չէ, երբ այս երկու պետություններն իրենց ասելիքը գործի են վերածում Սիրիայի տարածքում, սկայն պարզ է, որ այդպես երկար շարունակվել չի կարող: Թուրքիան հիմնականում տնտեսական շահերից ելնելով է պահպանում հարաբերությունները ՌԴ-ի հետ, ինչն անհրաժեշտ է ծանր վիճակում գտնվող իր տնտեսության համար: Այս գործոնը հավերժ աշխատել չի կարող, քանի որ ԱՄՆ-ն արդեն սկսել է պատժամիջացներ սահմանել Ռուսաստանի հետ համագործակցող թուրքական ընկերությունների դեմ՝ ստիպելով դադարեցնել գործընկերային հարաբերությունները: Դրանից բացի՝ Թուրքիայի տնտեսությունը կարծես թե հաղթահարում է կորոնավիրուսով և ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական շոկը:

Եթե քաղաքական հարաբերություններում այս պետությունները ընդհանուր եզրեր չգտնեն, ապա հավանականությունն մեծ է, որ գործընկերային հարաբերությունները վերածվեն սուր հակադրությունների և Անկարան հայտնվի Մոսկվայի ոչ գործընկեր մայրաքաղաքների ցանկում: Իրադարձությունների նման զարգացման դեպում հողի վրա բախումներ կլինեն այն տարածաշրջաններում, որտեղ նրանք շփվում են, իսկ այդպիսիններից մեր համար կարևորագույնն է Արցախը: Նման սցենարների հնարավոր զարգացումները պետք է դիտարկվեն Հայաստանի արտաքին ռազմավարության պլանավորման ժամանակ՝ ռուս-թուրքական հնարավոր սրացումների աղետալի հետևանքները Հայաստանում և Արցախում կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։