Image

Ադրբեջանական կեղծիք՝սեփական խնդիրներով մտահոգ եվրոպացու ականջների համար

Ադրբեջանկան քարոզչամեքենան այնքան է խճճվել իրականությունը կեղծելու մեջ, որ լավ մշակված հայտարարություններն անգամ չեն տեղավորվում  մարդկությանը հայտնի տրամաբանության դասական կանոնների մեջ: Իսկ դրա միակ պատճառն այն է, որ Բաքվի հայատյաց գործողություններն այնպիսի ահաբակչական բնույթ են ստացել, որ էլ հնարավոր չէ քողարկել կեղծ թեզերով, կամ բանականությանը մոտ որևէ տրամաբանական փաստարկներով:

Աբսուրդի ժանրից հերթական հայտարարությամբ  հանդես եկավ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Բելգիայի արտաքին գործերի նախարար Աջա Լաբիբի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում Բայրամովը հայտարարեց, թե Հայաստանը քաղաքականացնում է Արցախ մարդասիրական մատակարարումների խնդիրը։ Վերջինիս խոսքերից բելգիացի գործընկերը պետք է հասկանար և ընդուներ, որ 9 ամիս Արցախը լիակատար շրջափակման մեջ պահելը և 120 000 արցախցուն հացից ու դեղորայքից զրկելն ընդունելի է, բայց անընդունելի է, որ հայկական կողմը հումանիտար աղետի մասին բարձրաձայնում է:

Այլ կերպ ասած, ըստ Բայրամովի, բլոկադայի միջոցով Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելը, իր իրավունքներից հրաժարվել պարտադրելը և վերջին նպատակով՝ էթնիկ զտում իրականացնելը քաղաքականություն չէ, իսկ նման հակամարդկային քայլերի վերաբերյալ խոսելը խնդիրը քաղաքականացում է: Զարգացնելով իր այդ միտքը՝ Բայրամովը փորձում է հիմնավորել աբսուրդը և ասում. «Մարդասիրական օգնության քաղաքականացումը անընդունելի է, երբ կողմերից մեկը հայտարարում է մարդասիրական օգնություն ընդունելու իր պատրաստակամության մասին միայն մեկ ճանապարհով և հրաժարվում է ընդունել այլ ուղիներով»:

Փաստացի ադրբեջանական արտաքին գերատեսչության ղեկավարը գաղտնազերծում է Բաքվի «Պլան բ»-ն՝ բլոկադայի և սովամահության մատնելու միջոցով արցախցիներին ստիպել օգնություն ստանալ Ադրբեջանից՝ Ակնայի ճանապարհով: Արցախի բոլոր բնակավայրերում դեռ թարմ են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհված արցախցիների շիրիմները, պատերազմից հետո էլ նենգ գործողությունների հետևանքով Արցախում նոր զոհեր են գրանցվում և այս  պայմաններում Բաքուն փորձում է իմիտացնել, թե ամեն ինչ լավ է և արցախցիները պետք է ինտեգրվեն Ադրբեջանի հասարակությանը: Ամեն օր արցախցիների անվտանգության համոր նորանոր սպառնալիքներ ստեղծելով՝ Բաքուն խոսում է անվտանգության երաշխիքների մասին: Այս ամենը չի տեղավորվում ոչ մի բանականության մեջ, այն թերևս հասու է միայն Բաքվի քաղաքական էլիտայի «տրամաբանությանը»:

Անտրամաբանական դատողությունների տեղատարափ ապահովելուց հետո Ադրբեջանի ԱԳ նախարարն անցնում է բացարձակ ստի մատուցմանը, թե իբր ՄԱԿ ԱԽ լսումների ժամանակ, բոլորը ընդգծել են, թե հումանիտար իրավիճակը չպետք է քաղաքականացվի, այն դեպքում, երբ բացառությամբ թուրքական ազտեցության տակ գտնվող երկու պետության, խորհրդի անդամ երկու տասնյակ պետության ներկայցուցիչները և եվրոպացի դիտորդները հայտարարեցին,  որ անթուլատրելի է Արցախի շրջափակումը և Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի իմպերատիվ որոշման:

Միանշանակ է, որ եվրոպացի դիվանագետին դուր չեկավ Բայրմովի՝ իր ականջներին կեղծիքներ կախելու ջանքերը, բայց ծանր վիճակում գտնվող Եվրոպայի համար այսօր այն երկրորդական նշանակություն ունի, առաջնայինը իրեն էներգակիրներ մատակարարող երկրի հետ լավ հարաբերություններ պահպանելն է, ինչի համար Հին աշխարհամասին եկել հասել են Ափշերոնյան թերակղզի:  Մարդու հիմնարար իրավունքները եվրոպացիների անհոգ ժամանակների գործն է, իսկ այսօր Հին աշխարհամասը հոգսեր ունի: Սա լավ է հասկանում Ադրբեջանը և այլևս ջանքեր չի գործադրում իր բարբարոսական գործողությունները ճշմարտությանը մոտ հիմնավորումներով քողարկելու համար՝ պետական բարձրագույն մակարդակով  կեղծիքի մատուցումը հասցնելով աբսուրդի մակարդակի:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։