Image

Լաչինի անցակետը՝ ՌԴ-ի դեմ դուրս գալու «քաջության» սիմվոլ

Լաչինի միջանցքը փակելով՝ ադրբեջանական կողմը փորձում է երկու թիրախ խոցել: Առաջինը՝ սեփական ճակատագրին տեր կանգնելու, ինքնորոշման իրավունքի իրացման հարցում արցախցիների կամքն  ու վճռականությունը կոտրելն է: Երկրորդ թիրախը միանշանակ Ռուսաստանի Դաշնությունն է:

Պաշտոնական Բաքուն, Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելով, փաստացի խախտեց  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթը, որը վերաբերում է ՌԴ լիազորություններին և պատասխանատվության գոտուն: Այդ քայլով Ադրբեջանը հարցականի տակ դրեց ՌԴ խաղաղապահ առաքելությունն ընդհանրապես և, ինչպես հետագա գործողություններից պարզվեց, ապագայում Արցախից ռուսական ուժերի դուրս բերումը պահանջելու նպատակով:

Ալիևը օրերս Բերձորում կազմակերպած հերթական քարոզչական ներկայացման ժամանակ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման գործողությանն անդրադառնալիս, ըստ էության, խոստովանեց, որ մեծ քայլ է կատարել Ռուսաստանի դեմ: «Մենք դա արեցինք՝ ևս մեկ անգամ ցույց տալով կամք, քաջություն, ինքնավստահություն»,- հայտարարեց Ադրբեջանի առաջնորդը: Նա այստեղ խոսում է ՌԴ-ի դեմ դուրս գալու իր «քաջության» և «ինքնավստահության» մասին: Ճիշտ է, նա ակնարկում է իր վրա միջազգային հանրության ճնշումների մասին, բայց միանշանակ է, որ այն չէ առաջնայինը: Պաշտոնական Բաքուն միշտ էլ թքած է ունեցել միջազգային կարծիքի վրա, մյուս կողմից էլ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին հենց միջազգային կառույցներն են շահագրգռված ՌԴ ազդեցության թուլացմամբ և Անդրկովկասից ՌԴ-ի հեռացմամբ:

Հետևաբար, ադրբեջանական առաջնորդը խոսում է իր արտաքին քաղաքականության ռուսական վեկտորը փոխելու համարձակության և վճռականության մասին: Միանշանակ է, որ իր գործողություններն ուղղված են բացառապես տարածաշրջանում ՌԴ ներկյության դեմ: Արցախից Ռուսաստանին դուրս մղելու մասին բաց տեքստով հայտարարեց  նաև Ալիևի ավագ «եղբայր» Էրդողանը՝ ՏԱՏՕ-ի հարթակում ընդգծելով, որ ՌԴ-ն 2025 թվականին պետք է լքի Արցախը: Որպեսզի ՌԴ խաղաղապահները լքեն տարածաշրջանը՝ պետք է լուծվի Արցախի քաղաքացիների անվտանգության հիմնահարցը:

Բլոկադայի, հումանիտար աղետի և սովամահության մատնելով արցախցուն՝ հնարավոր չէ ստիպել նրան միակողմանի զիջման գնալ, ինչը ներկայում անում է պաշտոնական Բաքուն: Վերջինիս մնում է միայն ընտրել հարաբերությունները հարթելու ավելի քաղաքակիրթ տարբերակը՝ Արցախի հանրապետության օրինկան ընտրված ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը: Օրերս նման բովանդակությամբ առաջարկ կրկին հնչեց Արցախի Հանրապետությունից: Պարզ է, որ այդ բանակցությունները պետք է միջազգային որևէ ձևաչափում անցկացվեն, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները միջազգային իրավունքին համապատասխան որոշակի իրավական հենքեր ունենան, ինչն առաջնային պահանջ է՝ աչքի առաջ ունենալով պայմանավորվածությունները չպահպանելու Ադրբեջանի գործելաոճը: Անկախ ամեն ինչից, ադրբեջանաթուրքական զույգին չի հաջողվի ՌԴ խաղաղապահներին հեռացնել Աարցախից, եթե մինչ այդ ապահովված չլինի արցախցիների անվտանգությունն ու իրավունքները:  Դատելով սակայն Ադրբեջանի վարած այսօրվա ցեղասպան քաղաքականությունից՝ 2025 թվականին ռուսական խաղապահ զորակազմի հեռանալու հավանականությունը փոքր է:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։